«Ազգին» են դիմել Աբովյան-21 շենքի երեք մուտքերի բնակիչները` բողոքելով շենքի ճակատային մասում կառուցվող հերթական մի «օբյեկտից», որը բնակիչներին ներկայացնող Էլմիրա Սայադյանի խոսքերով, սպառնում է ոչնչացնել շենքի ճակատային մասի կողմից գոնե մի փոքրիկ բարեկարգ տարածք ունենալու հույսը, չի բացառվում` զրկել նաեւ պատշգամբների տակ տարիներով աճող մի քանի ծառից: Եղանք տեղում եւ այն, ինչ տեսանք, ավելին էր, քան բնակիչների նկարագրածը:
Նախ` պատկերացրեք տեղանքը. դա «Փարիզյան սուրճ» հայտնի խանութ-սրճարանի դիմաց, «Սպիտակ ագռավ» սրճարանի շարունակության վրա է, Մոսկովյանը հատող Աբովյան փողոցում, որը հայտնի է ամեն օր կեսօրին բավական խիտ մեքենահոսքերով: Փողոցի հենց եզրաշերտի վրա, կամ ինչպես ասում են` «բորդյուրին» կառուցապատվում է մի բան, որը պաշտոնական բացատրությամբ կոչվում է թեթեւ շինարարական նյութերից իրականացված, մեծ ապակեպատ բացվածքներով սպասարկման տաղավար, եւ որը պետք է ունենա 30 քմ տարածք: Սակայն այն, ինչ, տեսանք, պարզապես հերթական ամենաթողության մի իսկական օրինակ էր: Նախՙ կառույցը 100 քմ-ից ավելի տարածք էր գրավել, զավթելով Երեւանի սիրտը ներկայացնող փողոցի համարյա գին չունեցող միջմայթային ողջ կանաչ տարածքը, երկրորդ` սա ապացույցն էր, որ ոչ ոք Երեւանում որեւէ կարգ ու օրենք բանի տեղ չի դնում, քանի որ ո՞վ է իրավունք տվել ուրբանիզմի դասական կանոններով փողոցի անբաժանելի մաս մայթից 350 քառ մետր հատկացնել ինչ-որ մասնավոր անձի, որը հետո ոչ մի կանոնի չենթարկվելով երկաթե կառուցվածքներով լցնի շենքից մինչեւ փողոց ողջ տարածքը: Այստեղ կային 1963 թվականից կառուցված երեք փոքրիկ ջրավազան` մեկը շատրվանով, հիմա դրանց հետքն անգամ չկա: Մեկ ծառ կտրվել է` բնակիչներից գաղտնի, տանիքի տակ առնելուց հետո, երբ ոչ ոք այլեւս տեսնել չէր կարող, իսկ մնացած երեք բարդիների բները խեղդել են ասֆալտի տակ, արմատներն էլ հատել` 2-3 մետր խորությամբ փոս փորելով. տակով անցնում է մետրոն, իսկ վրայից «քյանդրբազություն» են անում: Ինչ են սարքում` բնակիչները չգիտեն, խորհրդային ժամանակների անասնաֆերմաների տեսքով ու երկարությամբ այս կառույցը կարող է ե՛ւ սրճարան լինել, ե՛ւ խանութ, ե՛ւ ինչ ասես: Միայն թե ոչ ոք չի հարցնում բնակիչներին, որոնք այս գերխիտ հատվածում ուզում են կանաչ տարածք տեսնել, ուզո՞ւմ են խեղդվել ուղիղ պատշգամբի տակ ամռանը տոթը, ձմռանը ցուրտը սաստկացնող մետաղյա հսկա զանգվածից, իրենց ջրավազանն ու ցայտաղբյուրն են ուզո՞ւմ, թե՞... Նրանք անհանգստանում են ամեն օր բարձրացող ու ամբողջացող մետաղյա վիշապից, որը պատրաստելուց հետո դեռ պետք է իր շուրջը տեղավորի (որտե՞ղ, այստեղ այլեւս մի սանտիմետր տեղ չկա) իր հզոր տերերի ջիպերն ու նիսանպատրույները:
Թեեւ լուրեր կան, որ «օբյեկտի» իսկական տերը Կենտրոնի զորեղներից մեկն է, բայց բնակիչները դրանից չեն երկնչել եւ բողոքել են: Վերջին բողոքը մի տասնհինգ օր առաջ ուղարկվել էր նախագահի աշխատակազմ, որն արձագանքել է անմիջապես եւ բողոքը վերահասցեագրել քաղաքապետարանին: Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա. Լալայանցի ստորագրությամբ էլ բնակիչները պատասխան են ստացել, ուր ուղտի ականջում քնած քաղաքապետարանն ասում է, թե տաղավարի մակերեսն ընդամենը 30 քմ է` կառուցապատող Կ. Հայրապետյանին պատկանող 350 քմ-ից, իսկ մնացածն էլ վերջինս պետք է բարեկարգի ու կանաչապատի:
Վկայում ենք` մետաղական կառույցը ոչ թե 30, այլ 100 քմ եւ ավելիի վրա է կառուցվում, կուլ է տալիս ողջ կանաչ տարածքը, բացի այդ էլ այդ նեղ-կրակ փողոցում, որը խեղդված է խանութներով ու զանազան օբյեկտներով, ինչպե՞ս կարելի է վերցնել եւ մայթի 350 քմ տարածքը մասնավոր անձի հատկացնել, անգամ եթե այդ անձի հետեւում թաքնված է ամենաբարձրաստիճան մարդկանցից մեկի ազգականը. Աբովյան փողոցը Դալմայի այգիների տե՞ղն եք դրել, Կենտրոն համայնքի եւ քաղաքի հարգելի կառավարիչներ, չէ՞ որ այդ փողոցը սերունդներից եկել ու դեպի սերունդներ է գնում: Ասենք` կարելի է թքած ունենալ սերունդների եւ այն բանի վրա, որ Աբովյան փողոցի յուրաքանչյուր սանտիմետրում մեր մեծերի ոտնահետքերն են:
Եվ վերջում` ՀՀ քաղաքապետարանի պոստուլատը կրող փաստաթղթում առկա մի զավեշտական սխալի մասին. մեր քաղաքապետարանի համապատասխան վարչությունը, պատասխանելով բնակիչներին (26.10.2006), չի էլ ջանում բողոքարկվող կառույցի հասցեն ճշտել, այլապես վիճարկվող տարածքի հասցեն չէր ներկայացնի որպես «Աբովյան եւ Թումանյան փողոցին հարող տարածք», Աբովյան-Թումանյանն ո՜ւր, Աբովյան-Մոսկովյանն ուր:
Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ