«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2006-11-07 | #213, 2006-11-08 | #214, 2006-11-09


ՇԱՔԱՐԱՎԱԶ ՆԵՐԿՐՈՂ «ՖԼԻՏՖՈՒԴԸ» ԴԱՐՁԵ՞Լ Է «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՊ»

Հայաստանում շաքարավազը գերազանցապես ներկրվում է: Տեղական արտադրությունը կազմում է իրացման ընդհանուր ծավալների 1,5 տոկոսը: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա, ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների, այստեղ բավականին հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Նախկինում, մինչեւ այս տարվա առաջին կիսամյակը, գերիշխող դիրք է ունեցել «Ֆլիտֆուդ» ընկերությունը: Չնայած շաքարավազ ներկրողներն ընդհանուր առմամբ 24-ն են, այս ընկերությունը իրացման շուկայում զբաղեցնում էր ավելի քան 99 տոկոսը: Այս տարվա առաջին կիսամյակում «Ֆլիտֆուդի» մասնաբաժինը կտրուկ նվազել է, հասնելով 7 տոկոսի: Փոխարենը կտրուկ ավելացել է մեկ այլ ընկերությանՙ «Սալեքս գրուպի» մասնաբաժինը, հասնելով 91 տոկոսի: Հենց այս ընկերությունն էլ հանձնաժողովի կողմից ճանաչվեց գերիշխող դիրք ունեցող, իսկ «Ֆլիտֆուդը» դուրս հանվեց գերիշխող դիրք ունեցողների գրանցամատյանից: Սակայն քանի որ հանձնաժողովի նիստին ոչ մեկ, ոչ մյուս ընկերությունից ներկայացուցիչ չկար եւ շատ հարցեր մութ մնացին, փորձենք պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել այս շուկայում:

Հիշեցնենք, որ «Ֆլիտֆուդ» ընկերությունը գերիշխող դիրք ուներ ոչ միայն շաքարավազի, այլեւ կարագի, սպիրտի, հացահատիկի ապրանքային շուկաներում: Հիշեցնենք նաեւ, որ այս ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պարբերաբար լուծարում եւ ստեղծում է նոր ընկերություններ («Ոսկե սաղարթ», «Աստղացոլք», հիմա էլ «Ֆլիտֆուդը»): Նպատակըՙ ամեն կերպ խուսափել հարկային պարտավորությունների կատարումից եւ բացառել նախորդ ընկերություններում ապօրինություններ գտնելու հնարավորությունը: Ինչ մնում է շաքարավազին, ապա այստեղ ներկրող կազմակերպության սեփականատերը պարզապես ներկրումը իր մի կազմակերպությունից տեղափոխում է մյուս կազմակերպություն: Ամենայն հավանականությամբ, նոր ընկերության ստեղծման համար ցույց է տրվում 1 մլն դոլարի օտարերկրյա ներդրում, ինչի շնորհիվ այս տարի օրենքը դեռեւս հնարավորություն է տալիս խուսափելու շահութահարկի վճարումից:

«Ֆլեշի» փոխտնօրենը կանխատեսում է բենզինի գների նոր անկում

Հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվածների թվում էին բենզինի եւ դիզվառելիքի շուկաները: Այստեղ նույնպես գրանցվեցին գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: Մասնավորապես դիզվառելիքի շուկայում այդպիսին ճանաչվեցին երկու ընկերությունՙ «Ֆլեշը» եւ «Քաղպետրոլսերվիսը», համապատասխանաբար 44 տոկոս եւ 40 տոկոս բաժնով: Դիզվառելիքի շուկայում առաջատարը «Ֆլեշն» է, որի բաժինը իրացման ծավալներում 2006 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է մոտ 39 տոկոս: Հանձնաժողովին, ապա նաեւ լրագրողներին այս շուկայի առանձնահատկությունների մասին որոշակի տեղեկություններ հաղորդեց ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը: Նա նշեց, որ «Ֆլեշը» բենզինը վաճառում է ապրանքային բորսայում եւ վաճառված բենզինը հիմնականում բարձր որակի է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատացել են թանկարժեք ավտոմեքենաները, որոնց սեփականատերերը նախընտրում են ավելի բարձրորակ եւ թանկ բենզին օգտագործել: Իսկ ավելի էժան ավտոմեքենաների տերերն անցնում են գազի:

Ինչո՞ւ «Ֆլեշը» գերիշխող դիրք ունի: Այս հարցին Մուշեղ Էլչյանը հետեւյալ պատասխանը տվեց: Եթե մի քանի տարի առաջ հնարավոր էր 1-2 վագոն վառելիք ներմուծել անգամ հարեւան Վրաստանից կամ Իրանից, ապա հիմա դա հնարավոր չէ, որովհետեւ բենզինի որակական ստանդարտները խստացվել են: Բացի այդ, բենզինի ներմուծումը պահանջում է նաեւ դրա սպասարկումՙ պահեստավորում, անվտանգության կանոնների պահպանում եւ այլն: Որակյալ բենզին ներմուծելու համար պետք է համագործակցել խոշոր եւ լուրջ ընկերությունների հետ, իսկ այս ամենի համար անհրաժեշտ են լուրջ միջոցներ: Օրինակՙ 1 նավ բենզինի ներկրումը արժենում է մոտ 5-6 մլն դոլար:

Ինչպե՞ս է ազդել դրամի արժեւորումը բենզին ներկրողների վրա: «Ֆլեշի» փոխտնօրենը այդ հարցին պատասխանելով նշեց, որ բենզինի միջազգային գների բարձրացման պարագայում այն թույլ չի տվել, որ բենզինի գները Հայաստանում բարձրանան: Միաժամանակ Մուշեղ Էլչյանը նշեց, որ եթե նախկինում 1 տոննա բենզինից գանձվում էր 220 դոլարին համարժեք դրամ ակցիզային հարկ, ապա հիմա այդ գումարը գանձվում է դրամով եւ կազմում է 120 հազար դրամ: Ներկայիս փոխարժեքի դեպքում դա կկազմի ավելի քան 300 դոլար: Բենզին ներմուծող խոշորագույն ընկերության ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ ներկայումս, երբ միջազգային գներն իջնում են, Հայաստանում նույնպես այդ միտումն է արձանագրվում: «Ռեգուլյար» տիպի բենզինի գինը 390 դրամից իջել է մինչեւ 330 դրամի, իսկ առաջիկայում, երբ Հայաստան հասնի ավելի էժան գնով ձեռք բերված բենզինը, նրա գինն ավելի կիջնի:

Իսկապե՞ս «շա՜տ» է տուժել Երեւանի կոնյակի գործարանը դրամի արժեւորումից

Հաջորդ ապրանքային շուկան, որին անդրադարձավ տնտեսական մրցակցության հանձնաժողովը, կոնյակինն էր: Այստեղ գերիշխող դիրք ունեցող ճանաչվեց Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ), որն առաջինն էր ինչպես արտադրության, այնպես էլ իրացման առումներով: Երեւանի կոնյակի գործարանին է ընկնում արտադրության ավելի քան 46 տոկոսը: Նրան հաջորդում են «Գրեյթ վելլին» եւ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը: Ներքին շուկայում Երեւանի կոնյակի գործարանի բաժինը կազմում է մոտ 50 տոկոս: ԵԿԳ ներկայացուցիչները չառարկեցին հանձնաժողովի այդ որոշմանը, իսկ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի այն հարցին, թե ձեռնարկությունը շա՞տ է տուժում դրամի արժեւորումից, ձեռնարկության գլխավոր հաշվապահը պատասխանեցՙ «Շա՜տ»:

Փորձեցինք պարզել, թե, այնուամենայնիվ, որքան է այդ «շա՜տը»: Դժբախտաբար դա մեզ չհաջողվեց: Ի պատասխան մեր հարցի, թե դրամի արժեւորումը որքանո՞վ է ազդում արտադրվող կոնյակի ինքնարժեքի վրա, ԵԿԳ գլխավոր հաշվապահ Հասմիկ Մարությանը պատասխանեց, որ ինքնարժեքի վրա քիչ է ազդում, բայց գնի վրաՙ շատ: Պատասխանն առավել քան տարօրինակ էր: Այդուհանդերձ, մեր հաջորդ «որքա՞ն է այդ քիչը» հարցն ուղղեցինք նրան: Պատասխանելու փոխարեն ձեռնարկության ներկայացուցիչը սկսեց ներկայացնել բոլորիս հայտնի մեխանիզմը, թե ինչպես է արտահանումը տուժում դրամի արժեւորումից: Իսկ երբ հիշեցրինք, որ բացի դրամով կատարվող ծախսերից, ձեռնարկությունը արտարժույթով ներմուծում է կոնյակի շիշը, պիտակը եւ խցանը, որի դեպքում փաստորեն շահում է, գլխավոր հաշվապահը պարզապես չկարողացավ ոչինչ պատասխանել, ապացուցելով, որ դրամի արժեւորումից ընկերության կորուստներն այնքան էլ մեծ չեն, որքան ներկայացվում է:

Հանձնաժողովը երեկ քննարկեց նաեւ երկու այլՙ մակարոնեղենի եւ քիմմաքրման շուկաների ուսումնասիրության արդյունքները եւ պարզեց, որ առաջինում գերիշխող դիրք ունեցող չկա, իսկ երկրորդումՙ այդպիսին է «Նյու-շահաբ» ՍՊԸ-ն: Մակարոնեղենի շուկայում ուսումնասիրության արդյունքները մեկ հետաքրքրական փաստ հայտնաբերեցին, համաձայն որի տարեկան մեկ շնչին ընկնում է 1,8 կգ մակարոնեղեն, մինչդեռ խորհրդային տարիներին այդ ցուցանիշը կազմում էր 5 կգ: Դա այս ոլորտում առկա ստվերային մեծ շրջանառության մասին է խոսում, ուստի ուսումնասիրության արդյունքները կուղարկվեն հարկային պետական ծառայությանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4