Համոզված է բնապահպանության նախարարը
Ռազմավարական նշանակություն ունեցող հանքավայրերի շահագործման իրավունքը այսուհետեւ կտրվի միայն մրցույթներով կամ աճուրդներով: Այդպիսի որոշում է երեկ ընդունել Հայաստանի կառավարությունը, որի մանրամասները լրագրողներին ներկայացրեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ խոսքը հիմնականում մետաղական հանքավայրերի մասին է: Ընդ որում, եթե հանքային երեւակում է հայտնաբերվել, եւ այն լրացուցիչ հստակեցման կարիք ունի, ապա դա կտրամադրվի մրցույթով, իսկ եթե հանքավայր է, ապա աճուրդով: Մրցույթից կամ աճուրդից ստացված գումարները կուղղվեն պետական բյուջե: Բազմաթիվ երկրներում նման վճարները պետական բյուջեի համալրման լուրջ աղբյուրներ են:
Վարդան Այվազյանը հայտնեց, որ ներկայումս Հայաստանում գործում են բազմաթիվ օտարերկրյա ընկերություններ, որոնք լուրջ ներդրումներ են կատարում այս ոլորտում: Նախարարը կանխատեսում է, որ հետաքրքրությունն այս ոլորտում կտրուկ աճել է, եւ եթե նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն, ապա առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կներդրվի 200-500 մլն դոլար:
Մեր այն հարցին, թե ընդունված փաստաթուղթն առնչվելո՞ւ է նաեւ հանքային ջրերին, բնապահպանության նախարարը բացասական պատասխանեց, ասելով, որ հանքային ջրերի պաշարները շատ են, եւ դրանք մրցույթով հատկացնելու խնդիր չկա: Բացի այդ, նա նշեց, որ հանքային ջրերը վերականգնվում են, իսկ մետաղական հանքերըՙ ոչ: Ընդ որում, ներկայումս հանքային ջրերի միայն մի մասն է օգտագործվում:
Հայաստանում նավթի առկայության մասին հարցին Վարդան Այվազյանը պատասխանեց, որ միանշանակ է, որ մեր երկրի ընդերքում նավթի շերտեր կան: Կան նաեւ գազի երեւակումներ: Նավթը հայտնաբերվել է 3,5 հազար մետր խորության մեջ: Մի քանի տարի առաջ նավթի միջազգային գները շատ ավելի ցածր էին, քան հիմա, եւ արդյունահանելը շահավետ չէր համարվում: Հիմա նավթի գները բարձրացել են, եւ տնտեսվարողները պետք է որոշենՙ շահավետ է դրանց արդյունահանումը, թե՞ ոչ: Իսկ ուսումնասիրությունները շարունակվում են: Այդ նպատակով հետազոտություններ կատարողները ստացել են 10 մլն դոլար դրամաշնորհ եւ ուսումնասիրություններ են կատարում Շիրակի, Տավուշի մարզերում, Արարատյան դաշտում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ