Նրա երգը ներաճել է, միացել սերունդների երթին:
Այն միաձուլվել է քաղաքին, դարձել է նրա խզված կոկորդը, ներհյուսվել է նրա ձայնալարերին այն քաղաքի, որ մենք կրում ենք մեր ներսում, որ դեմք ու դիմագիծ ունի, որ թափառում է մեր մեջ ու մեզնից դուրս: Նա կրում է իր հոգում այդ քաղաքը, ողբերգական երգասացության է վերածում իր խզված կոկորդով ու մեզ է վերադարձնում նրան, նրա ամայությունը, հոգեւոր ճեղքերն ու սեւ խոռոչները իր երգով լցրած: Նա լցնում է քաղաքի դատարկ տարածքները, հոգենյութ է հաղորդում նրա ամայացած կենսոլորտին, եւ քաղաքը փոխադարձում է նրան հիշողությունների ու կարոտաբաղձության իր խորքերով, իրական եւ անիրական երազների հեռանկարով:
Նա քաղաքի կենսագրության մի մասն է, նրա երգերը կենսագրություն ունեն եւ անձնավորված են: Նրանք շնչում են, նրանք քայլում են ամեն սերնդի հետ յուրովի եւ հոգեւոր հեռանկարում, կարծես, ուժգնանում է նրանց արձագանքը: Նրանք լինելության, ճանապարհի երգեր են սերունդների համար եւ կոչված են հոգեւոր ճգնաժամերի եւ աղետների պահերին զտել եւ մաքրագործել մեր կենցաղի մգլած ու նեխող կենսոլորտը, քանի որ ազատության շունչ եւ առոգանություն կա նրանցում: Նա իր քաղաքի ողբերգակն է եւ հանդիսատեսը, նրա «ոտքի կոխան» եղած հրապարակների ու ասպարեզների ականատեսն ու վկան, որ նաեւ այդ ասպարեզներին, շնչահեղձ լինող կենսոլորտին օդ ներարկելու խնդիր ունի:
Նրա երգը փրկում է մեր հիշողությունը փլվածքներից, վերաբնակեցնում է մեր անցյալը, մեր հոգու քաղաքը եւ մեզ տանում է մեծ ճամփորդության, ճամփորդություն մեր միջով դեպի անցյալը, դեպի գալիքը, եւ մենք զգում ենք մեր ներկայությունը լինելության երգեցիկ շղթայում...
Արթուր Մեսչյանը բացառիկ արտիստ է:
Նա բեմականացնում է իր երգերըՙ փորձելով ունկնդրին մասնակիցը դարձնել այդ ծիսական արարողության, որոնց մեջ նա խտացնում է մեր հոգետարածքները: Նա այդ երգասացության թափառող ժամանակներով փորձում է արթնացնել մեր մեջ ներքին մարդուն, վերաբնակեցնել հոգու հանգած, կիսաարթուն քաղաքը, որ լի է իրերով, ֆետիշներով, բայց ոչ մարդկանցով:
Իր խզման եզրին հնչող ձայնով, որ անընդհատ մղվում է ինքնազոհության, որ հնչում է իրականության ու նրա արտացոլանքի սահմանաշերտերին, նա ոգեկոչում է մարդու մեջ մարդուն, կորզում է մեզնից մեր ձայնն ու լսողությունը, մեր ես-ը, ողբերգության միջոցով այն մաքրագործելու համար:
Այս իմաստով նրա յուրաքանչյուր երգն ավարտուն ակտ է: Նրա երգը ափեափ լցնում է դահլիճը, բայց եւ դուրս է գալիս դահլիճներից ու լցնում ամայի տարածքները, ձայն ու հոգի տալով նրանց, քաղաքը վերածելով բեմահարթակի:
Նրա ձայնը դողում է կյանքի եզրաշուրթերին, եւ բեմականացման ապոթեոզի, ոգեկանչի վերջին ակորդներին, թվում է, այն համահունչ ու երգակից է դառնում նրան, եւ ձայնի արձագանքները ձգտում են անսահմանության...
Արթուր Մեսչյանը բոլոր սերունդների բախտակիցն է...
Այդպես անակնկալ մի օր ներխուժելով մեր մեջ, նրա երգը դառնում է մեր հոգու մշտական, մշտարթուն բնակիչը, նրա ձայնը հնչում է մեր մեջ եւ արձագանքում մեզնից դուրս, տանելով մեզ իր հետ իր թափառումների ճանապարհով, ու թվում է, մեր մեջ հնչում են լինելության հավիտենական ղողանջները...
Իր կարճ տեւողության մեջ նրա երգը ժամանակ է խտացնում, մեր կյանքի ժամանակը, որ չի ընդհատվում, որ չի ավարտվում, քանի որ չի ավարտվում նաեւ նրա երգը, քանի որ չեն մարում նրա արձագանքները:
Վարագույրը փակվում է, բայց ձայնի տեսիլքը չի անհետանում, քանի որ նրա կերպարը ապրում է մեր մեջ...
ՀՐԱՉ ԹԱՄՐԱԶՅԱՆ