Մոսկվայում շարունակվում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը: 5-րդ եւ 6-րդ տուրերի հանդիպումներից հետո մրցաշարում եռիշխանություն հաստատվեց: 4-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լեւոն Արոնյանը, Ռուսլան Պոնոմարյովն ու Պետեր Լեկոն:
5-րդ տուրով եզրափակվում էր մրցաշարի առաջին կեսը: Բնականաբար, առաջատարները ձգտում էին ամրապնդել իրենց դիրքերը: Արոնյանը սպիտակներով մրցեց հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի հետ: Հաղթանակի հասնելու ուղիներ չգտնելով, մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի: Աղյուսակը 3 միավորով գլխավորող Պոնոմարյովը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիայի ընթացքում զգալի առավելության հասնելով, Պոնոմարյովը հետագայում թուլացրեց ճնշումը մրցակցի դիրքերի վրա եւ ի վերջո հաշտություն կնքեց:
5-րդ տուրը վերածվեց խաղաղ տուրի: Մյուս երեք պարտիաներում էլ մրցակիցները հաշտություն կնքեցին: Միավորը բաժանեցին Կառլսենն ու Շիրովը, Գրիշչուկն ու Մամեդյարովը, Գելֆանդն ու Մորոզեւիչը:
Ի տարբերություն 5-րդ տուրի, հաջորդ տուրը բավական արդյունավետ ստացվեց: 5 պարտիաներից 3-ում հաջողությունն ուղեկցեց մրցակիցներից մեկին: Հուրախություն հայ շախմատասերների, հաղթանակ տոնողների թվում էր նաեւ Լեւոն Արոնյանը: Նա սպիտակներով խաղում էր մրցաշարի ամենակրտսեր մասնակից, նորվեգացի 16-ամյա Մագնուս Կառլսենի հետ: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարում Լեւոնը հենց Կառլսենի հետ է մրցախաղ անցկացնելու հաջորդ տարվա գարնանը: Կառլսենը մասնակիցներից միակն է, որի վարկանիշը 2700-ից ցածր է (2698): Նավակային վերջնախաղում Արոնյանին հաջողվեց կոտրել մրցակցի դիմադրությունը եւ կարեւոր հաղթանակ տոնելով` միացավ աղյուսակը գլխավորող շախմատիստներին:
6-րդ տուրում հաջողությունն ուղեկցեց նաեւ Պետեր Լեկոյին, որը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Մորոզեւիչին: Սովորաբար Սվիդլերի եւ Գրիշչուկի պարտիաներն անցնում են աշխույժ մրցապայքարում: Սվիդլերը մինչ այդ 3-րդ անգամ հաղթել էր մրցակցին, սակայն այդ օրը Գրիշչուկն իրեն լավ դրսեւորեց եւ կարողացավ սեւերով հաղթել: Մամեդյարով-Գելֆանդ, Շիրով-Պոնոմարյով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Եվ այսպես, մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: Երեկ գրոսմայստերները հանգստանում էին, իսկ այսօր կկայանա 7-րդ տուրը: Ուշադրության կենտրոնում կլինի Պոնոմարյովի եւ Արոնյանի մրցամարտը, որում հայ շախմատիստը խաղալու է սեւ խաղաքարերով: Հանդիպման ելքը շատ կարեւոր նշանակություն ունի մրցանակների վերջնական բաշխման հարցում: Մյուս առաջատարը` Պետեր Լեկոն սեւերով մրցելու է Մագնուս Կառլսենի հետ, որը վաստակել է 2 միավոր: Կկայանան նաեւ Գրիշչուկ-Շիրով, Գելֆանդ-Սվիդլեր, Մորոզեւիչ-Մամեդյարով պարտիաները: Նշենք նաեւ, որ 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է Գրիշչուկի հետ, իսկ 9-րդ տուրում սեւերով կմրցի Գելֆանդի հետ: