ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Նոյեմբերի 16-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բեռլինում Բերթելսմանն հիմնադրամում դասախոսություն կկարդա «Անկախության 15 տարին. Հայաստանի ուղին դեպի ժողովրդավարություն» վերնագրով: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի մայրաքաղաք կժամանի այսօր, նոյեմբերի 15-ին: Այցի եւ հայ- գերմանական հարաբերությունների արդի հանգրվանի մասին ստորեւ մեր հարցազրույցը Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հետ:
- Այսօր նախատեսված է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Բեռլին: Ո՞րն է թվով երրորդ այս այցի նպատակը:
- Նման բարձր մակարդակի յուրաքանչյուր այց նպատակ է հետապնդում ավելի զարգացնել ու աշխուժացնել միջպետական հարաբերությունները, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ գիտական-մշակութային բնագավառներում: Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան այսօր ակներեւ է. ՀՀ նախագահի արդեն երրորդ այցն է եվրոզոնայի ամենամեծ տնտեսություն ունեցող երկիր, ԳԴՀ արտգործնախարարի` արդեն երկրորդ սպասվող այցը մեր տարածաշրջան, Գերմանիայի ԵՄ նախագահության հայտարարված առաջնայնությունների մեջ մեր տարածաշրջանի ներգրավում, մեր տնտեսության մեջ գերմանական ավելի ու ավելի աճող ներկայություն:
Քաղաքական առումով ՀՀ նախագահի այս այցը տեղի է ունենում իսկապես կարեւոր ժամանակահատվածում: Գերմանիան 2007-ի առաջին կեսին ստանձնում է ԵՄՙ ինչպես նաեւ ողջ 2007-ին G-8-ի նախագահությունը եւ փաստորեն միջազգայնորեն գտնվելու է համաշխարհային քաղաքականության ուշադրության կենտրոնում: Գերմանիայի ԵՄ նախագահության արդեն հայտարարված առաջնայնություններից է ԵՄ եվրոպական Նոր հարեւանության ծրագրին նոր իմպուլս հաղորդելը եւ այդ ծրագրում ընդգրկված երկրների հետ ավելի ակտիվ աշխատանքը, որոնց մեջ մտնում են նաեւ Հարավային Կովկասի երկրները:
Բեռլինում ՀՀ նախագահը ելույթ կունենա Գերմանիայի ամենամեծ եւ ազդեցիկ` Բերտելսման քաղաքական հիմնադրամում:
ՀՀ նախագահի եւ ԳԴՀ Բունդեսթագի նախագահի ներկայությամբ տեղի կունենա Բեռլինում ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը:
Մեր պատվիրակության կազմում են, ի թիվս այլոց, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը:
- ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2006-ին արդեն երկու անգամ Բեռլինում հանդիպել է իր պաշտոնակցին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2007-ի հունվարի 1-ին Գերմանիան է ստանձնում ԵՄ նախագահությունը, կարելի՞ է հուսալ, որ հաճախակի դարձած շփումները դրական փոփոխություններ կարձանագրեն մեր երկրի համար:
- Ուրախ եմ, որ հաճախակի դարձած շփումներն իսկապես ակներեւ են եւ, ինչ խոսք, պաշտոնական Բեռլինի հետ մեր քաղաքական երկխոսության կարեւորությունը, մանավանդ ԵՄ նախագահության ընթացքում, դժվար է գերագնահատել: Բարձր մակարդակի շփումները օգտակար ու կարեւոր դեր են խաղում` մեր եվրոպացի գործընկերներին անմիջապես առաջին ձեռքից տեղեկացնել մեզ հուզող խնդիրների մասին, ներկայացնել տարածաշրջանին վերաբերող զարգացումները մեր տեսանկյունից:
- Իշխանափոխությունից հետո ԳԴՀ-ի նման երկրների համար արտաքին քաղաքական կուրսը սովորաբար շարունակական բնույթ է կրում: Նկատելի՞ է շեշտադրումների փոփոխություն մեր երկրի հանդեպ: Հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր անմիջական հարեւաններիՙ Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հանդեպ Գերմանիան պասսիվ քաղաքականություն չի վարում:
- ԳԴՀ նոր իշխանությունները շահագրգռված են շարունակելու արդեն հաստատված բավականին կայուն եւ դինամիկ քաղաքական երկխոսությունը մեր երկրի հետ: Բեռլինը շարունակում է լուրջ ուշադրություն դարձնել Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ մասնավորելով իր անկողմնակալ դիրքորոշումը, վերահաստատում է իր ցանկությունը` ավելի ներգրավված լինելու թե՛ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին եւ թե՛ ավելի մեծ ներկայություն ունենալով մեր տարածաշրջանում` նպաստել տնտեսական զարգացումների գործընթացին: Դեռեւս մայիսի 12-ին Բունդեսթագում Եվրոմիության քաղաքականությանը նվիրված իր ելույթում վերահաստատելով «Եվրոպական նախագծի» համար Բեռլինի ամուր աջակցությունը, ԳԴՀ կանցլերը մինչեւ 2007-ի հունվարի 1-ին ԵՄ նախագահությունը ստանձնելը, արդեն իսկ հստակեցրեց Գերմանիայի առաջնայնությունները, ընդգծելով, որ Գերմանիան կփորձի վերականգնել անցյալ տարի կորսված Եվրոպական Սահմանադրության երազը, ինչպես նաեւ հատուկ մասնավորեց, որ ԳԴՀ ԵՄ նախագահության առաջնահերթ խնդիրներից է լինելու Եվրոպական նոր հարեւանության ծրագրում ընդգրկված երկրների հետ ինտենսիվ աշխատանքը, որի շրջանակներում է, ինչպես նշեցինք, նաեւ մեր երկիրը:
- Վերջերս գերմանացի գործարարների մի խումբ էր մեկնել Հայաստան: Ըստ մեզ հասած տեղեկությունների, նրանք բավական տպավորված են վերադարձել: Ներդրումային կոնկրետ ծրագրեր կա՞ն:
- ՀՀ նախագահի նախորդ երկու այցերի շրջանակներում Բեռլինում ԳԴՀ արդյունաբերության արեւելյան հանձնաժողովը կազմակերպել էր բիզնես-ֆորում` քննարկելու երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա իրավիճակը եւ ապագա ներդրումային հնարավորությունների դաշտը: Այս տարի հոկտեմբերին, առաջին անգամ գերմանացի գործարարների` Հայաստանով հետաքրքրված մի խումբ նման միջոցառում անցկացրեց մեր երկրում, նույն Արեւելյան հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ: Այսօր Հայաստանում 2006-ի հունվարի 1-ի դրությամբ գրանցված են գերմանական կապիտալի մասնակցությամբ 61 ձեռնարկություններ: Առեւտրաշրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակի դրությամբ կազմում է 188 միլիոն դոլար: Իհարկե Եվրոմիության շարժիչը համարվող գերմանական տնտեսության պոտենցիալը դեռ պետք է օգտագործվի` աշխուժացնելու երկկողմ տնտեսական հարաբերությունները եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
- Տիկին Ղազինյան, 2005-ի տարեվերջին ՀՀ դեսպանությունը նոր շենք փոխադրվեց: Շառլոտենբուրգ թաղամասում, Նուսբաումալլե 4 հասցեում գտնվող շքեղ առանձնատունը նվեր է տրվել ՀՀ դեսպանությանը: Շնորհավորելով Ձեզ ու բոլորիս, կուզենայինք այդ գործարքի հետ կապված առավել տեղեկացված լինել: Որքան հիշում եմՙ Ձեր պաշտոնավարման հենց սկզբից դժգոհ էիք, որ դեսպանատունը հեռու է բեռլինյան ակտիվ կենտրոնից:
- Հայաստանում գերմանացի ներդնող-գործարարների օգնությամբ մեզ հաջողվեց ձեռք բերել գեղեցիկ առանձնատունՙ ՀՀ դեսպանության համար: Այսօր արդեն հպարտությամբ ենք հյուրեր ընդունում մեր երկրի ներկայացուցչությունում, որին արդեն նաեւ հայկական հմայք ենք հաղորդելՙ հայ արվեստի գործերով ձեւավորելով ինտերիերը: Ներկայանալի շենք ունենալը երկրի համար շատ կարեւոր է, որովհետեւ այն կարծես քո երկրի դեմքը լինի, որտեղ արժանապատվությամբ ընդունում ես հյուրերի եվ իրականացնում զանազան միջոցառումներՙ ցույց տալու աշխարհին, որ Հայաստանն արդեն իր ուրույն տեղն ունի այդ աշխարհի 191 երկրների կողքին, որ ժամանակին հին քաղաքակրթության մաս լինելով, այսօր միեւնույն ժամանակ 15-ամյա երիտասարդ պետություն ենք մեր հոգսերով ու խնդիրներով, մեր ուրույն պատմությամբ, կրոնով եւ արվեստով:
- Ինչպիսի՞ ճակատագիր ունեցավ 2000 թվականին Առաջնորդարանի ու Գերմանահայ գործարարների միության կողմից գնված ՀՀ դեսպանության նախկին շենքը:
- Հին շենքի գնման համար բանկից ձեռք էր բերվել երկարատեւ վարկ, որի մարման պարտականությունը վերցրել էին երեք կողմեր. ՀՀ կառավարությունը, Առաջնորդարանն ու Գերմանահայ գործարարների միությունը, ինչպես նաեւ գերմանահայ ողջ համայնքը, որին մեկ անգամ եւս մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում: Բոլոր սեփականատերերի ընդհանուր համաձայնությամբ շենքը դրվեց վաճառքի, որից ստացված գումարով հնարավոր եղավ միանգամից փակել հիշյալ վարկը: Արդյունքում բոլոր կողմերն էլ հպարտ են, որ Հայաստանն այսօր նման դեսպանություն ունի ԵՄ այնպիսի կարեւոր երկրում, ինչպիսին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է:
- Տիկին Ղազինյան, Ֆրանսիայի Սենատի բանաձեւը, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է «ոգեւորել» գերմանացի օրենսդիրներին, մանավանդ հիշենք, որ «նախադեպ» կաՙ 2006-ի մարտին Բեռլին-Բրանդենբուրգի վարչական բարձրագույն դատարանը Հայոց ցեղասպանության ուրացումը պատժելի համարող վճիռ հրապարակեց:
- 2006-ի մարտին թուրք ազգայնամոլները Բեռլինում մեծ ակնկալիքներ ունեին Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին ընդառաջ իրենցՙ Թալեաթի մահվան 85-րդ տարելիցի առիթով կազմակերպած բողոքի ցույցերից, որով դժգոհություն էին հայտնում Բունդեսթագի ընդունած հայտնի բանաձեւի դեմ: Բեռլին-Բրանդենբուրգի վարչական բարձրագույն դատարանի` Հայոց ցեղասպանության ուրացումը պատժելի համարող վճռի հրապարակումը մեծ հարված եղավ նրանց համար: Ոստիկանությունը, ինչպես գիտեք, սկզբում արգելեց ցույցերը, սակայն Բեռլին-Բրանդենբուրգի վարչական դատարանի վերին ատյանը թույլատրեց դրանքՙ սակայն աննախադեպ եւ պարտադիր մի սահմանափակմամբ, որը կարծես գալիս էր լրացնելու Բունդեսթագի բանաձեւի բացթողումը. այն էՙ այսուհետ Հայոց ցեղասպանության որեւէ մերժում, լինի այն գրավոր, բանավոր, պլակատների ձեւով, թե վանկարկության, այստեղ համարվում է պատժելի հանցանք: Թույլատրելով ցույցերը, գերմանական իշխանությունները մի կողմից հավատարիմ մնացին ժողովրդավարության նորմերին, մյուս կողմից օրենքով սահմանվեց հիշյալ սահմանափակումը, որն իսկապես մեծ հաղթանակ է Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման ճանապարհին: Շնորհիվ հայ համայնքի գիտական խավի ջանքերի, շնորհիվ այն գերմանացիների, որոնք անտարբեր չեն պատմական արդարության հանդեպ, գերմանական մամուլն այդ օրերին լի էր հոդվածներով, որոնք դատապարտում էին Թալեաթ կազմակերպության գործողությունները, լուսաբանելով թե՛ հայ ժողովրդի այդ դահճի, եւ թե՛ Սողոմոն Թեհլերյանի ինքնությունը: Բեռլին-Բրանդենբուրգի վարչական դատարանի հիշյալ որոշումն իրավական տեսակետից խիստ կարեւոր է: Մինչ այսօր միայն հրեական Հոլոքոսթի մերժումն է այստեղ համարվել պատժելի հանցանք, քանի որ եվրոպական հրեաների ոչնչացումը գերմանական պատմության մասն է կազմում: Փաստորեն առաջին անգամ գերմանական դատարանը վճիռ է կայացնում, որ եւս մի ցեղասպանություն, բացի հրեականից, պատժելի է: Կարող ենք միայն ավելացնել, որ 2005-ի հունիսի 16-ի Բունդեսթագի ընդունած բանաձեւում հստակ ընդգծված է Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերը թուրքերի կողմից հայերի ոչնչացման գործում, որը նույնպես, փաստորեն, կարող է գերմանական պատմության մաս համարվել:
Այս երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում զարգացման դինամիկան ակնհայտ է: Դա, կարծում եմ, երկար եւ լուրջ աշխատանքի արդյունք է, որը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասել եւ ուրեմն շարունակվում է:
- ՀՀ նախագահի հրամանագրով 2006-ի սեպտեմբերին Դուք պարգեւատրվեցիք Մխիթար Գոշ շքանշանով: Շնորհավորելովՙ կցանկանայի Ձեր կարծիքն իմանալՙ թե հատկապես ի՞նչ է հաջողվել անել ՀՀ դեսպանին 2002-ից Բեռլինում պաշտոնավարման ժամանակ:
- Կարծում եմ, ոչ թե ես, այլ ուրիշները պետք է գնահատեն, թե ինչ է հաջողվել անել ՀՀ դեսպանին Բեռլինում 2002-ից իր պաշտոնավարման ժամանակ: Շքանշանը գնահատում եմ որպես նախագահի գնահատականը իմ աշխատանքին, որի համար շնորհակալ եմ: Կարող եմ միայն ավելացնել, որ ուր էլ եղել եմ, մեծ սիրով ու նվիրումով եմ կատարել իմ գործը եւ ուզում եմ հուսալ, որ այն ինչ-որ ձեւով նպաստել է աշխարհում մեր հայրենիքի դրական ընկալմանը:
(*) Նկատի ունենալով, որ ՀՀ նախագահին ուղեկցող լրագրողների խմբում այս անգամ եւս չի ընդգրկվել «Ազգ»-ի ներկայացուցիչ, մեր թերթը ձեռնպահ է մնալու նախագահի Գերմանիա այցը լուսաբանելուց: Հետագայում թերեւս անդրադառնանք այցի լուսաբանմանը գերմանական մամուլում, եթե այդպիսիք լինեն: Խմբ.