Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի հերթական նիստում երեկ հաստատվել եւ ուժի մեջ է մտել եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական միության գործողությունների ծրագիրը: Նիստին քննարկվել են քաղաքական հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ, նաեւ էներգետիկային վերաբերող հիմնահարցեր: Հարավկովկասյան երեք երկրների արտգործնախարարների եւ Եվրոմիության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցող նիստում հայկական կողմը տեղեկացրել է Հայաստանում էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող աշխատանքներին, Իրան-Հայաստան գազատարի շինարարության ներկա վիճակին:
Հատկանշական է, որ գործողությունների ծրագրի իրականացմամբ նախատեսվում է Հայաստանի սոցիալական, քաղաքական, տնտեսական համակարգերն ավելի մոտեցնելու եվրոպականին: Գործողությունների ծրագրով հատուկ նշանակություն է տրվում Հայաստանի եւ Եվրոմիության տնտեսական համագործակցությանը:
Ա. Հ.