Մեջլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Նոյեմբերի 14-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի բյուջետային հանձնաժողովում քննարկման է դրվել արտգործնախարարության բյուջեն: Քննարկումներին, ինչ խոսք, մասնակցել է արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Ելույթում նա, անդրադառնալով Հայոց ցեղասպանության «հայկական պնդումներին», դրանց առնչությամբ, ինչպես նոյեմբերի 15-ի համարում վկայում է «Միլիեթը», ասել է. «Այդ պնդումները եւ դրանց պատճառով երրորդ երկրների հետ մեր հարաբերությունների վատթարացման սպառնալիքն առաջիկա տասը տարիների կարեւորագույն խնդիրն են լինելու մեզ համար»:
Թուրքիայի արտգործնախարարը միաժամանակ նշել է, որ «հայկական պնդումների» առնչությամբ արտգործնախարարությունը լուրջ աշխատանքներ է կատարում ինչպես թուրք, այնպես էլ օտարերկրյա իրավագետների մասնակցությամբ: Այնուհետեւ նա ավելացրել է. «Ձեռնարկելու ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, ընդհուպ հարցը միջազգային իրավարարության հանձնելը: Պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու նկատառումով Անկարան բացի Հայաստանից դիմել է նաեւ երրորդ երկրներին»:
Թեեւ Աբդուլլահ Գյուլը Նիկոսիայում, մասնակցելով «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հռչակման 13-ամյակի հանդիսություններին, ընդգծել է, որ ցեղասպանության «հայկական պնդումների» առնչությամբ կատարվող բծախնդիր աշխատանքները չպետք է ընկալել որպես սպառիչ պատասխան կամ ենթադրել, որ առկա հարցերը շնորհիվ դրանց իսկույն կլուծվեն, այնուամենայնիվ, հանձնաժողովի նիստում նրա ելույթին արձագանքել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Շուքրյու Էլեքդաղը:
Իբրեւ նախկին դեսպան գլխավորապես հայկական խնդիրներով զբաղվող էլեքդաղն, ըստ «Միլիեթի», ողջունել է Գյուլինՙ ասելով. «Նա հայերի ցեղասպանության պնդումները միջազգային իրավարարությանը հանձնելու մասին արտահայտվող առաջին արտգործնախարարն է: Նրա այս մոտեցումն անհապաղ պետք է բարձրացնել պետական քաղաքականության մակարդակի եւ աշխարհին իրազեկել հանձնման հարցում մեր պատրաստակամությունը: Թուրքիան պետք է հայտարարի, որ պատրաստ է ընդունել 1915 թ. իրադարձությունների յուրաքանչյուր բնութագրում, եթե դրանք բխեն ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման եւ պատժման կոնվենցիայի դրույթներից: Ելնելով այդ բնութագրումից, հարցը պետք է հանձնվի միջազգային իրավարարությանը: Հայերը դա կմերժեն, սակայն մեր պատրաստակամությունը որպես բարոյական եւ իրավական առումներով արդարության ցուցանիշ մեծապես կսահմանափակի ցեղասպանության շահարկումն ընդդեմ Թուրքիայի»:
Վերջում Էլեքդաղն ավելացրել է. «Հարցն իրավարարությանը հանձնելու դեպքում հայերն ստիպված կլինեն անհերքելի փաստերով ապացուցել, որ իրենց ոչնչացրել են զուտ հայ լինելու պատճառով: Նրանք այդպիսի փաստաթղթեր չունեն, մինչդեռ Թուրքիայի ձեռքում կան անվիճելի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ տեղահանությունը ոչ թե հատուկ դիտավորություն է եղել, այլ ինքնապաշտպանության անհրաժեշտություն: Հայերին չի հաջողվի հասնել ցեղասպանության հաստատմանը Միջազգային իրավարար դատարանում: Թուրքիան նշանակելու է երեք իրավարար, նույնքան էլ Հայաստանը, եթե ընդունի առաջարկը, որոնց կգլխավորի օտարազգի անկախ դատավոր: Այդ հանձնաժողովը թող որոշիՙ 1915 թ. իրադարձություններն, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, ցեղասպանությո՞ւն են, թե՞ ոչ»: