Ասում են «Ազատամարտի եղբայրություն» հրամանատարների խորհրդի անդամները
«Ազատամարտի եղբայրություն» հրամանատարների խորհրդի անդամները երեկ հայտարարեցին, որ իրենք տեղեկություններ ունեն ազատագրված տարածքները վերադարձնելու պայմանավորվածության մասին: «Մեր տեղեկություններով ամեն ինչ պայմանավորված է, տարածքները հետ են տալիս: Վարդան Օսկանյանն էլ արդեն երրորդ անգամ հայտարարում է, որ պատրաստ ենք զիջումների», ասաց հրամանատարների խորհրդի համակարգող, Ղարաբաղի Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Արկադի Կարապետյանը: Հրամանատարները նշեցին, որ իրենք որեւէ փոխզիջման համաձայն չեն: Արկադի Կարապետյանը փոխզիջում ասելով հասկանում է. «Իմ հայացքով` փոխզիջում ասելով ես չեմ ուզում գնալ Բաքու (հարձակվելը նկատի ունի-Գ. Գ): Ես շատ լուրջ բան եմ ասում: Դա իմ փոխզիջումն է, որովհետեւ էս երկիրն իմն է: Հիմա շատերը պիտի ասեն ծայրահեղական է, պատերազմ է ուզում: Պատերազմ տեսած մարդը երբեք պատերազմ չի ուզի: Պատերազմն ահավոր բան է, ես էրեխեք եմ կորցրել»: ԵԿՄ նախագահը խոսեց նաեւ տարածքները վերադարձնելու պարագայում սպասելիք հետեւանքների մասին. «Ղարաբաղի ժողովուրդը չի հավատում, որ կարող են հանձնել տարածքները, բայց եթե նման բան լինի, չեք պատկերացնում ինչ կկատարվի Ղարաբաղում»: Ավելին, Արկադի Կարապետյանն ընդգծեց, որ ոչ մի զինվոր չէր գնա պատերազմ, եթե իմանար, որ այն, ինչի համար ինքը պայքարել է, հետո հետ են տալու:
«Ազատամարտի եղբայրություն» հրամանատարների խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց բոլորին միանալ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմանը: «Մոռացության է մատնվել մեր զոհված եղբայրներից շատերի հիշատակը, կեղծվել է ազատամարտի պատմությունը: Ամեն ինչ արվել է, որպեսզի պառակտեն մեր եղբայրությունը: Լռել ենք, որովհետեւ վախեցել ենք կորցնել 15 տարվա հոգեւոր հաղթանակը, որին հասել ենք ազգովին: Այսօր վտանգված է նաեւ այդ միակ արժեքը` մեր ազատագրված տարածքները: Եկեք բոլորս միանանք Հայաստանն ու հային փրկելու, վերականգնելու արդարությունը բոլոր բնագավառներում եւ թույլ չտալու, որ մեր եղբայրների թափած արյունը իզուր լինի», ասվում է հայտարարության մեջ:
Գ. Գ.