Ազգային ժողովի այս շաբաթվա նիստերին մասնակցում է Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը որպես մեղադրյալ դատախազի միջնորդությամբ ներգրավվել է քրեական գործում: Երեկ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրների շուրջն են ծավալվում նրա եւ իրավապահ մարմինների փոխադարձ շփումները. «Սովորական, բացատրություն ենք տալիս` կռվի հետ կապված մանրամասներն են ճշտվում (խոսքն, ուրեմն, ոչ միայն Հ. Հակոբյանին, այլեւ միջադեպի մյուս մասնակիցներին է վերաբերում-Մ.Խ.)»: Նրա ասելով` որեւէ այլ հարց, կապված, ասենք, հարկերը թաքցնելու հետ, նրան չի տրվում, քանի որ նա «արդեն 8 տարի պատգամավոր է, որեւէ ձեռնակությունում չի աշխատում. «Տեղի է ունեցել կռիվ, առաջին օրվանից ասել եմ, որ ես գնացել եմ կանխելու, փառք Աստծո, կանխել եմ, արյունահեղություն չի եղել, այլ միայն տղայական կռիվ, երկու կողմերն էլ իրար ծեծել են, հիմա հիշում-ծիծաղում են ավելի շատ», ասում ու քննիչների հարցերին է պատասխանում Հակոբ Հակոբյանը:
Այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ տնտեսական խախտումների, հարկեր չվճարելու համար այնպես ստացվի, որ գլխավոր դատախազը մի անգամ էլ մտնի ԱԺ` Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկելու: «Այն ձեռնարկությունները, որոնց սեփականատերը ես եմ, թող ստուգեն` այնտեղ նույնիսկ 1000 դրամի թաքցրած եկամուտ չունեմ, իսկ նրանք, որոնք վարձակալությամբ են տրվել` եթե տերերը չեն վճարել, պատասխանատու են այդ կազմակերպությունների ղեկավարները: Իսկ անցյալի համար 91 թվականից սկսած ստուգում են: Այսպիսի մանրակրկիտ ստուգումներ, որ իմ նկատմամբ են իրականացնում, Աստված տա, անցկացնեն ամեն մի չինովնիկի եւ պատգամավորի հանդեպ», եզրափակեց Հ. Հակոբյանը:
Մ. Խ.