Խորհրդարանական ընդդիմությունն աշխատանքային երկու օր ծախսեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի քվեարկության հետաձգման համարՙ 20 րոպե ընդմիջումներ վերցնելով, նախապես էլ օրակարգի հաստատման առնչությամբ մտքերի փոխանակման ժամանակ տվյալ օրինագծի մասին տարբեր չափի խստությամբ արտահայտվելով: Նախօրեին կասեցվել էր քվեարկությունը, քանի որ պատգամավորներից շատերը բարեխղճորեն քվեարկել էին նաեւ գործընկերների փոխարեն: Երեկ վերաքվեարկությամբ օրինագիծն, անկախ նախորդած աղմուկից, արժանացավ անհրաժեշտ կողմ ձայների: 67 կողմ, 3 ձեռնպահ ձայների բաշխմամբ օրինագիծն անցավ: Դեմ ձայներ չեղանՙ «Արդարությունն» ու ՕԵ-ն չմասնակցեցին քվեարկությանը:
Կառավարությունըՙ ծրագիր, բյուջեն` անուն ունեն
«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն անուն ունի եւ անվանակոչության խնդիր չկա: Սակայն սա եկող տարվա բյուջեն գոյատեւման, սպառողական եւ այլ անուններով չորակելու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի միակ հիմնավորումը չէր. «Շնորհակալ ենքՙ ինչ անուն ասեք կապեցիք: Քննարկումները հեռու էին բյուջեից, բերված թվերըՙ իրականությունից: Իհարկե, կարելի է ամեն ինչ անել, եթե ծրագիր չունես: Կառավարությունը հստակ ծրագիր ունիՙ չի տարածվում միջոցները նպատակային օգտագործելու եւ չփոշիացնելու նպատակով»:
Այս վստահեցումից զատ Վարդան Խաչատրյանը երեկ խորհրդարանում «ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի առնչությամբ եզրափակիչ ելույթում հայտարարեց. «Նման տեմպերով ընթանալու դեպքում հինգ-վեց տարի անց կհայտնվենք եվրոպական միջին զարգացած երկրների մակարդակում»:
Ասվածը սակայն ֆինանսների նախարարի գիտցած իրականությունն է, որը կտրականորեն տարբերվում է «Արդարություն» խմբակցության մոտեցումից. «Գոյատեւման, սպառողական բյուջե, մինչդեռ պետք է լիներ տնտեսության զարգացման ծրագիր», խմբակցության անունից ելույթ ունենալով հայտարարեց Գրիգոր Հարությունյանը: «Ազգային միաբանությունը» համոզված է, որ եկող տարվա բյուջեն երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին պատասխան չի տալիս, իսկ կազմավորման սկզբունքներն ուղղակի հնացած են: Այս մասին հայտարարեց Արտաշես Գեղամյանըՙ նախապես բարձրաձայնելով Հայաստանում աղքատության, ամուսնալուծությունների եւ այլ ցուցանիշներ: «Օրինաց երկրի» անունից Հեղինե Բիշարյանը պետական միջոցների բաշխումից եւ ստվերից դուրս բերված 70 մլրդ գումարը անհամար ոլորտներում օգտագործելու առաջարկներ հնչեցրեց:
«Գործարար» պատգամավորական խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանի վստահեցմամբՙ մեր երկրի բյուջեի խոցելիությունը տարեցտարի նվազում է, այն աննախադեպ էՙ հատել-անցել է 1 միլիարդ դոլարի սահմանագիծը եւ, բացի այդ, պետք է խրախուսել` ավելի լավ կաշխատեն: ՀՅԴ խմբակցությունն էլ, որ նախորդ բոլոր կառավարությունների ներկայացրած բյուջեի նախագծերը քննադատել է հստակ ծրագրերի բացակայության պատճառով, այս անգամ այդ հիմքը չի տեսնում: «Ժողպատգամավորը» համոզված է, որ նախագիծն արժանի է դրական գնատհատականի:
«Քաղաքական դպրոց անցած քաղական գործիչների պակաս կա մեր խորհրդարանում: Չի կարելի ինֆուզորիայի տրամաբանությամբ ամեն ինչի մասին խոսել», երեկ ամենայն հանգստությամբ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ընդդիմության գնահատականները բյուջեին հակադարձեց ասելով. «Եթե տարի ու կես անգործության չմատնվեինՙ ավելի մեծ բյուջեի մասին կխոսեինք, դրական գնահատականում մեր ընկերները կունենային դրական մասնակցություն»: ՀՀԿ ղեկավարը «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» եւ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծերի քննարկումներից եկել է մի համոզման. «Խոսքի կոռուպցիան ավելի վտանգավոր է, քան ինքըՙ կոռուպցիան»:
Քննարկման ավարտին հաջորդած 24 ժամը, սակայն, խոսքի կոռուպցիայից զերծ պիտի որ լինիՙ բյուջեի առնչությամբ առաջարկներ ներկայացնելու ժամանակն է:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ