«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2006-11-14 | #218, 2006-11-15 | #219, 2006-11-16


ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՈՒՄՆԵՐԻ ՈՉ ՄԻ ՍՆՆԴԱՏԵՍԱԿ ՉԻ ՄՏՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Անցնում ենք քաղաքակիրթ առեւտրի՞

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջին ամիսներին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության հավաստման բաժին բազմաթիվ զանգեր են գալիս Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի գործարարներից, ում հետաքրքրում են հունվարի 1-ից գործողության մեջ մտնող կառավարական որոշման մանրամասները:

2006 թ. ապրիլին կառավարական որոշմամբ Հայաստան ներմուծվող բոլոր սննդատեսակները սահմանը չեն կարող անցնել, եթե չունեն նաեւ հայերեն մակնշում: Որոշումը գործողության մեջ է մտնելու 2007 թվականի հունվարի 1-ից: Այն վերաբերում է սննդամթերքի մոտավորապես 4 տասնյակ ապրանքային խումբ ներկայացնող տեսականու` ընտանի թռչնի միս, ձու, ձվի փոշի, թեյ, բուսական յուղեր, երշիկեղեն, կաթ-կաթնամթերք, խտացրած կաթ, սերուցք, կարագ, ամեն տեսակի պահածոներ, շաքար-շաքարավազ, կակղամորթներից եւ անողնաշարավորներից սնունդ, հրուշակեղեն, ալյուրից եւ ձավարից մթերքներ, սուրճ, խմորիչներ եւ այլն: Մակնշման պարտադիր պահանջներն են` սննդամթերքի անվանման, արտադրողի անվան եւ հասցեի, արտադրանքի պատրաստման օրվա, տարեթվի, պիտանելիության ժամկետի, տարբերիչ հատկությունների (աղացած, ապխտած, խտացրած, դիետիկ), բաղադրիչների ցանկի հայերեն տարբերակների պարտադիր առկայություն: Իսկ եթե մթերքը հասցեագրված է երեխաներին, պիտի լինի նաեւ լրացուցիչ տեղեկատվություն դրա վերաբերյալ:

Հայերեն պիտի նշվեն նաեւ սննդային հավելումներն իրենց դասիչներով, պիտի լինի տեղեկություն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների առկայության մասին:

Հայերեն մակնշումը կարող է կատարվել գործարանային մակնշմամբ, անմիջապես արտադրողի մասնակցությամբ, իսկ բազաներից ու մեծածախ վաճառակետերից ներկրողներին թույլատրվում է ներդիրի կամ կրկնապիտակի միջոցով այն կատարել:

Եթե ներկրողն, այնուամենայնիվ, չի կարողացել ապահովել ոչ մեկը, ոչ մյուսը, ապա ըստ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության հավաստման վարչության պետ Ռոբերտ Դայանի, նա կարող է դա կատարել մաքսային պահեստներում, ուր պիտակավորման բոլոր հնարավորություններն ու միջոցները նախատեսվելու են:

2007 թ. հուլիսի 1-ից որոշումը կվերաբերի նաեւ այն սննդատեսակներին, որոնք նախնական ցանկում չեն ներառվել:

Ըստ Ռոբերտ Դայանի, մինչ օրս խնդրին ուշադրություն չի դարձվել այն պատճառով, որ Սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքն անորոշ ձեւակերպում է բովանդակում վաճառքի, իրացման պահին ապրանքի մասին սպառողին տեղեկատվություն տալու վերաբերյալ: Այս մասին նոր օրենքի նախագիծը, որ հավանաբար կընդունվի այս քառօրյայում, հստակ սահմանում է, որ Հայաստան ներմուծվող սննդամթերքի մակնշումը պետք է լինի հայերեն:

Կառավարական մեկ այլ որոշմամբ միջոցառումների ծրագիր է մշակվել, ըստ որի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, մաքսային պետական կոմիտեն այս ինֆորմացիան պիտի հասցնեն ներմուծողներին եւ սպառողներին: Բոլոր խոշոր ներկրողները էլեկտրոնային կրիչների վրա արդեն ստացել են այն: Ռոբերտ Դայանը հիշեցրեց, որ նրանք, ովքեր չեն ստացել, կրիչներով ինֆորմացիան կարող են հայթայթել Ստանդարտների ազգային ինստիտուտից:

Իսկ եթե կեղծման ու ժամկետանց մթերքի ներկրումների սովոր մեր գործարարները փորձեն կեղծել նաեւ հայերե՞ն մակնշումները: Պարոն Դայանն ասում է, որ դրա դեմը կարող են առնել մաքսային կոմիտեում, ուր պարտավոր են նույնականացնել տվյալ ապրանքի փաստաթղթային եւ մակնշման տվյալները: Մայր մակնշման տվյալներին լիովին պիտի համապատասխանեն կրկնապիտակների եւ ներդիրների տվյալները, եթե ոչ` պատասխանատվությունն ընկնում է սերտիֆիկացման եւ մաքսային կառույցների վրա: Եթե սննդատեսակն, այնուամենայնիվ, առանց մակնշման հայտնվի վաճառքում, պատասխանատվությունը փոխանցվելու է վաճառողին, ով իրավունք չունի առանց հայերեն մակնշման արտադրանք վաճառել: Եթե նման բան բացահայտվի, վարչական իրավախախտումների մասին օրենքով վաճառողին սպասվում է նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով տուգանք:

Ցավոք, կառավարական այս որոշումն ու օրենքը գործողության մեջ են մտնելու բավական ուշացումով, երբ հայ սպառողներն անընդհատ տուժել են անհասկանալի մակնշումներով կեղծված, ժամկետանց սննդամթերք օգտագործելուց, ինչին բազմիցս անդրադարձել ենք «Ազգ»-ի էջերում: Հայերեն մակնշման պահանջից ոչ պակաս կարեւոր է կասկածելի, առանց համապատասխան մակնշումների ապրանքի ոչնչացումը: Ցավոք, առ այսօր անորակ արտադրանքի ոչնչացման ոչ մի տեսակի կարգ ոչ մի օրենքով ու որոշմամբ գոյություն չունի Հայաստանում:

Կյանքն ապացուցում է մահակի քաղաքականության ճշմարտությունը: Եթե առ այսօր մի քանի գործարարի ապրանք ոչնչացվեր կամ հենց սահմանին արգելվեր մուտքը, վաղուց մեր վաճառակետերից անհետացած կլինեին դրանք: Բայց ոչնչացման նման կարգի առկայությունը ձեռնտու չէ խորհրդարանում տաք-տաք նստած ներկրող պատգամավորներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4