«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2006-11-14 | #218, 2006-11-15 | #219, 2006-11-16


ՀԵՐԹԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Փոխվում է Սեւանա լճի ուղղությամբ վարվող քաղաքականությունը

Շրջանառվող պաշտոնական փաստաթղթերից պարզորոշ երեւում է, որ այժմ ՀՀ իշխանություններում ամենաբարձր պաշտոններ զբաղեցնողներից ոմանք փորձում են խոչընդոտել Սեւանա լճի մակարդակի բարձրացման ծրագրին:

2006 թ. օգոստոսի 28-ին ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արձանագրությունում (ՀՆԱ-16) կարդում ենք. «Որոշվեց ... Մեկշաբաթյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ մշակել եւ սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել Սեւանա լճի ալեկոծման նիշի փոփոխման (5-ից` 1-1.5 մետր) վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ: 1.2. Ելնելով Սեւանա լճի ափամերձ տարածքում առկա արտադրական ենթակառուցվածքների եւ անտառածածկ տարածքների պահպանության անհրաժեշտությունից, ինչպես նաեւ հաշվի առնելով կառուցապատման խնդիրները շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն Սեւանա լճի մակարդակի բարձրացման` օրենսդրությամբ ամրագրված առավելագույն չափի փոփոխման վերաբերյալ... ՀՀ Նախագահ` Ռ. Քոչարյան»:

Վերջին մի քանի տարիներին նկատվում է լճի մակարդակի բարձրացումը կասեցնելու միտում, սակայն նման մոտեցումը, մինչ վերոհիշյալ արձանագրության ի հայտ գալը, շատերս համարում էինք ոչ թե ՀՀ նախագահի, այլ ավելի ցածր դիրքերում պաշտոններ գրավողների եւ լճի ափին ապօրինաբար շինություններ կառուցած մեծահարուստների նախաձեռնություն: Ցավով պետք է նշվի, որ այս խնդրում` թե՛ զանգվածային լրատվության եւ թե՛ հասարակության տեսադաշտից դուրս է մնացել ամենագլխավորը. Սեւանա լճի ուղղությամբ վարվող քաղաքականությունը նախանշված է Համաշխարհային բանկի դրամաշնորհով, հետեւաբար նրա ճաշակով ու հայեցողությամբ կազմված «Սեւանա լճի գործողությունների ծրագրում» եւ վերջինիս հիմք հանդիսացող` «Որոտանի թունելի շինարարության ավարտման ծախսեր-օգուտներ» վերլուծությունում (1996-1998թթ.):

Սեւանա լճի նկատմամբ Համաշխարհային բանկի վերաբերմունքը պարզ ու հասկանալի է. «Մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ անգամ եթե Որոտանի թունելի շինարարությունը արժենար զրո դոլար, ապա ծախսերի ներկայիս արժեքը գերազանցում է օգուտների ներկայիս արժեքին: Դեռ ավելին, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ջրերի տեղափոխման այդ հարցը առնչվում է որոշակի միջազգային օրինական խնդրի, քանի որ Որոտան գետը հոսում է Հայաստանով դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի համար վիճահարույց տարածքով» (Ծրագիր, էջ 15): Նաեւ. «Հասարակ թվաբանությունը ցույց է տալիս, որ Որոտանի թունելի շինարարության ավարտումը, ընդհանուր առմամբ, բացասական տնտեսական հետեւանքներ կունենա» (Վերլուծություն, էջ 26): «Այս վերլուծությունը պարզորոշ ցույց է տալիս, որ ջրառի սահմանափակման հաշվին լճի մակարդակի բարձրացումը միակ գործողությունն է, որի ներկայիս զուտ արժեքը դրական է: Սա նշանակում է, որ լճի մակարդակի բարձրացման արագացմանն ուղղված բոլոր մնացյալ միջոցառումները զգալի ֆինանսական կորուստների առջեւ կկանգնեցնեն» (էջ 24): «Որոտանի թունելի շինարարության ավարտման մտահղացումից պետք է ձեռք քաշել» (Վերլուծություն, էջ 43):

Ահա եւ Սեւանա լճի այսօրվա պետական քաղաքականության հիմքը, արտաքին ուժի թելադրանքը:

Քաղաքական նպատակներ հետապնդող եւ գիտականորեն չհիմնավորված այդ փաստաթղթում Սեւանա լճի մակարդակի 6 մետրով բարձրացումը նախանշվում է 31- 85 տարի (համապատասխանաբար` ջրառի սահմանափակմամբ ու ջրատարի շահագործմամբ եւ միայն ջրառի սահմանափակմամբ):

Դժբախտաբար, այդ անհեթեթությանը կարողացել են օրենքի ուժ տալ: 2001 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, որը վավերացվեց ՀՀ նախագահի կողմից եւ 2002թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ:

Այդ օրենքում ասվում է. «Այսպիսով, վերոնշյալ գործողությունների արդյունքում, ընդունելով լճի ջրի հաշվեկշռի եւ էկոլոգիական այլ փոփոխությունների հարաբերական կայունության նախապայմանը, Սեւանա լճում կամբարվի շուրջ 465 մլն խմ ջուր, որը հավասարազոր է լճի մակարդակի տարեկան 35,8 սմ-ով բարձրացմանը: Հիմք ընդունելով Սեւանա լճի տարեկան ջրառը` մոտ 170 մլն խմ, այն է` 14,2 սմ խորությամբ ջրային շերտ, ապա ստացվում է, որ վերոնշյալ միջոցառումները կապահովեն Սեւանա լճի մակարդակի տարեկան բարձրացում` մոտ 21,6 սմ: Համաձայն այս հաշվարկների ստացվում է, որ համալիր ծրագրով նախատեսված 30 տարվա ընթացքում Սեւանա լճի ծավալը կավելանա շուրջ 8,8 մլրդ խմ, որը հավասարազոր է լճի մակարդակի 6,5 մ բարձրացմանը» (էջ 13):

Օրենքում բերված 465 մլն խմ-ն վերաբերում է Որոտան եւ Արփա գետերից տեղափոխվելիք ջրին, համապատասխանաբար` 165 եւ 300 մլն խմ: Այդ նույն օրենքում Սեւանա լճի հաշվեկշիռը 2000թ. համար բերված է` մուտք-1533,8, ելք-1575,3 մլն խմ: Այդ հաշվարկներ կատարողներն ու Ազգային ժողով ներկայացնողները, ինչպես նաեւ հորինվածքին օրենքի ուժ տալուն աջակցող պատգամավորները, հավանաբար տեղյակ չեն եղել ՀՀ գլխավոր դատախազի ՀՀ վարչապետին հղած փաստաթղթին (5-9/14-00, 17.11.2000թ.), ուր ասվում է, որ Սեւանա լճից ՀԷԿ-երը պարբերաբար ջուր են գողանում...

Նշված օրենքը, բացի ապօրինություններին օրենքի ուժ տալուց, նաեւ լճի մակարդակի բարձրացմանը նպաստող կլիմայական պայմանները համարում է մեր երկրի տնտեսությանը լուրջ վտանգ սպառնացող գործոններ:

Ահա եւ օտարի դրամաշնորհով, հետեւաբար նրա ճաշակով ստեղծված օրենքի պտուղները...

Ինչ վերաբերում է լճի ալեկոծման նիշին, ապա պետք է նկատի ունենալ, որ լճի ալեկոծման նիշը զուտ գիտական, նորմատիվային թիվ է, որը չի կարելի փոփոխել իշխանական հրամաններով կամ գիտնականների վրա ճնշում գործադրելով, ինչպես հրամանագրերով չէ, որ կարգավորվում են, օրինակ, սաղմի զարգացման ու ծննդի ժամկետները:

Նախագահական խորհրդակցությունից մի քանի օր անց, սեպտեմբերի 5-ին, կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի, Սեւանա լճի ավազանում կապիտալ շինարարություն կարելի է իրականացնել արդեն 1904,5 մետր նիշում` նախկին 1908,5-ի փոխարեն: Հավանաբար, ՀՀ նախագահը կվավերացնի այդ տխրահռչակ որոշումը:

Ցավոք, միայն այս ամենից հետո է հասկանալի դառնում, թե ինչո՞ւ Սեւանա լճի ու նրա ավազանի նկատմամբ վարվող քաղաքականությունում անորոշություն է տիրում, թե ինչո՞ւ նորոգ վիճակում չի պահվում հսկայական ֆինանսական եւ այլ միջոցների ներդրմամբ կառուցված Արփա-Սեւան թունելը եւ մեկ օր անգամ չի շահագործվել մեզ համար ֆինանսատնտեսական ամենածանր տարիներին շահագործման հանձնված Որոտանի թունել-ջրատարը, կամ ինչո՞ւ լճի ափի ծառերն ու թփերը նախօրոք չեն հեռացվում: Միայն այժմ կարելի է գուշակել, որ իշխանավորները լճի նկատմամբ վարվող քաղաքականության փոփոխումը փորձում են իրականացնել ոչ բացահայտ:

Օրերս, հոկտեմբերի 2-3-ը Սեւանա լճի ավազանում էի: Հաջողվեց նավից լուսանկարել առափնյա առանձնատներից ու հյուրանոց-ռեստորաններից մի քանիսը: Տեղացիները մատնացույց էին անում, թե այդ կապիտալ շենքերից, որը իշխանական հովանավորություն ունեցող որ մեծահարուստին է պատկանում: Ամենաթողությունն այն աստիճանի է հասել, որ, օրինակ, վայրի բադերի բնադրման վայր «Ճահճուտ» կոչվող ափամերձ լճակից մաքրել-հեռացրել են բուսականությունը, ոչնչացրել են նաեւ ափի ծառերն ու թփերը, այլ վայր են տեղափոխել հողածածկույթը եւ բացարձակորեն արգելված վայրում շինհրապարակ են պատրաստել:

Վերը բերվածների ենթատեքստում խիստ ուշագրավ է ՀՀ բնապահպանության նախարար Վ.Այվազյանի նամակը (08.07.2005 թվականի N1-22/1149, N001109), ուղղված Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ֆ. Սարգսյանին. «Համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ 30 տարվա ընթացքում Սեւանա լճի ջրի ծավալը կավելանա շուրջ 8.8 մլրդ մ խոր., որը հավասարազոր է լճի մակարդակի շուրջ 6.5 մ բարձրացմանը:

Ներկաումս Սեւանա լճի մակարդակի շուրջ 1.5 մետրով բարձրացման հետ կապված բազմաթիվ բնապահպանական (ծառաթփային բազմազանության անկում, ազգային պարկի տարածքագործառնական գոտիների սահմանների փոփոխություն, թռչունների բնադրավայրերի ոչնչացում) եւ տնտեսական (զգալի տարածքների անտառաշերտերի մաքրում, նոր ճանապարհների կառուցում) խնդիրներ մտահոգության առարկա են դարձել, որոնք լրացուցիչ գնահատման, վերլուծության եւ կանխատեսման կարիք ունեն:

Ելնելով վերոհիշյալից, խնդրում եմ Ձեր հանձնարարականը ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտներին` Սեւանա լճի բարձրացման հետ կապված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գիտական հիմնավորումները ՀՀ բնապահպանության նախարարությանը տրամադրելու»:

Ահա եւ մեր բնապահպանական գերատեսչության նկարագիրը...

Հարգելի նախարարը հավանաբար չգիտի, որ լճի մակարդակի բարձրացմամբ` «ծառաթփային բազմազանության անկում, ազգային պարկի տարածքագործառնական գոտիների սահմանների փոփոխություն, թռչունների բնադրավայրերի ոչնչացում»-ը եւ «տնտեսական խնդիրներ»-ը կանխատեսված ու օրենսդրորեն-տնտեսապես հիմնավորված են, իսկ թվարկվածներն էլ առաջացել են բնական այլ համակարգերի ու կենսաբազմազանության այլասերման ու կորստի պատճառով: Գոնե պետք է ընդունել, որ խոսքը լճի նախկին հատակի մասին է, իսկ լճի ամենամեծ հայելու ժամանակ, օրինակ, թռչնատեսակներն ու քանակը անհամեմատ ավելի մեծ էին, քան այժմ է:

2005թ. հուլիսի 29-ին, խառնաշփոթ առաջացնող այդ փաստաթղթի առնչությամբ` ՀՀ ԳԱ ակադեմիայում կազմակերպված քննարկման (նիստը վարում էր Վ. Այվազյանը) ընթացքում բնապահպանության նախարարի ու նրա ենթակա պաշտոնյաների ելույթներից եւ հակառակ տեսակետ արտահայտող ելույթների կանխումից պարզորոշ հասկացվում էր, որ արհեստականորեն կասեցվելու է լճի մակարդակի բարձրացումը: Բնապահպանության նախարարության կողմից նույն դահլիճում ցուցադրվող ֆիլմում, լիճ մտնող գետերի ափերում տապալվող ծառերը ներկայացվում էին որպես լճի գործունեության հետեւանք:

Պարզ երեւում է, որ մեծ ու փոքր պաշտոնյաները պատվեր են կատարում: Նրանցից շատերին ճանաչելով, կարելի է ասել, որ նրանց ելույթների բովանդակությունը հակասում էր նրանց գիտելիքներին եւ Սեւանա լճի նկատմամբ իրենց մոտեցումներին: Պարզ է, ոչ ոք չի ցանկանում գործազուրկ լինել, իսկ ոմանք էլ` վարկեր ստանալու եւ անձնական շահ ունենալու հնարավորություններից:

Դրվագ Վարդան Այվազյանի ելույթից. «Լճի մակարդակի բարձրացումն ավելի արագ է տեղի ունենում, քան նախատեսված էր: Եթե նախատեսված էր ծրագիրն իրականացնել 30 տարվա ընթացքում, ապա այս տեմպերով գնալու դեպքում գործընթացը կավարտվի 15 տարվա ընթացքում: Ուստի ինչպես անկառավարելի էր եղել Սեւանա լճի իջեցումը, չենք ցանկանում, որ այդպես լինի նաեւ բարձրացումը» («Հայոց աշխարհ», 30.07.2005թ.):

Բնապահպանության նախարարի ասածները հիմնավորված չեն:

Չնայած «Սեւանա լճի հանձնաժողով»-ի անդամ Վ. Մովսիսյանի կառուցողական ելույթին, նույն հանձնաժողովի անդամ Յու. Ջավադյանը ասաց. «Մենք պետք է ադրբեջանցիներին շնորհակալություն հայտնենք, որ շրջափակեցին Հայաստանը եւ մենք ստիպված եղանք Սեւանա լճի ջուրը էներգետիկ նպատակներով օգտագործել, եթե այդպես չլիներ, ապա մենք այսօրվա ահավոր աղետի առջեւ կկանգնեինք տասներկու- տասներեք տարի առաջ»:

Ելույթներից մեկում հնչեց այն միտքը, թե ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ նախագահի բանավոր կարգադրությամբ է այս խնդիրը քննարկման առարկա դարձել: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆ. Սարգսյանը կանխելով այդ ելույթը, ասաց. «Խնդրում եմ ՀՀ նախագահի անունը այս ամենի հետ չկապել: Ինձ քաջ հայտնի է Սեւանա լճի պահպանության հետ կապված նախագահի վերաբերմունքը»:

Այդ քննարկմանը Հայաստանի կանաչների միության ներկայացուցիչն իր ելույթում մասնավորապես ասաց. «Սեւանա լճի մակարդակի բարձրացումն իրականացվում է տասնամյակներ շարունակ կատարված գիտական մանրազնին ուսումնասիրությունների հիման վրա: Բնապահպանության նախարարությունը` լճի մակարդակի բարձրացումը հիմնավորող նոր ուսումնասիրությունների կատարման պահանջով, փաստորեն ՀՀ բնապահպանության գերատեսչությունը արհամարհում-մերժում է անցյալում կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաեւ` անպարկեշտ վերաբերմունք է դրսեւորվում մեր օրենքների նկատմամբ: Ինչ վերաբերում է Սեւանա լճի առափնյա կապիտալ կառույցներին, դրանք ապօրինի են եւ այդտեղ արգելված գոտում շինություններ կառուցողները պետք է իրենց իսկ միջոցներով քանդեն եւ տարածքները նախնական տեսքի բերեն, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկվեն: Այն տպավորությունն է ստեղծվում, որ բնապահպանության նախարարությունը ուղիներ է որոնում «հիմնավորելու» իրականացված եւ իրականացվելիք ապօրինի գործողությունները: Նամակում առկա, լճի մակարդակի 6,5 մ բարձրացումը 30 տարում իրականացնելը զուտ քաղաքական նպատակ հետապնդող եւ գիտական ու տնտեսական հիմնավորումներից զուրկ, մի սովորական հորինվածք է»:

Սեւանա լճի նկատմամբ կատարվող ոտնձգությունները ցույց են տալիս, որ բացահայտորեն բախվում են օրենքից վեր կանգնած արտոնյալ մեծահարուստների եւ հայ ժողովրդի շահերը... Տեսնենք, թե այն ինչ լուծում կստանա: Իհարկե, եթե հեղինակավոր միջազգային կազմակերպությունների շահերը չհամընկնեին հայ օլիգարխների շահերին, հասկանալի է, որ անհամեմատ հեշտ կլիներ նրանց հետ կանգնեցնել իրենց ծրագրերից: Նրանցից շատերը թերեւս այդ քայլը կատարել են ակամա, առանց խնդիրը խորապես պատկերացնելու:

Չնայած մեր երկրում առկա են օրինականությունը երաշխավորող ու ապահովող բոլոր կառույցները, պետական բյուջեից այդ ուղղությամբ հսկայական գումարներ են հատկացվում... սակայն ապարդյուն:

Ընդհանրապես հարց է առաջանում. եթե, օրինակ, Սեւանա լճի իրավիճակը կառավարելի չէ, ապա ինչո՞ւ պատասխանատվության չեն կանչվում արդարադատության, բնապահպանության ու քաղաքաշինության նախարարները:

Ամփոփելով, հույս ենք հայտնում, որ հասարակությունը իր ձայնը կբարձրացնի` զսպելու պետական որոշ պաշտոնյաների անհեռանկար գործունեությունը: Սեւանա լիճը եղել ու պետք է մնա որպես բնության մեծագույն պարգեւ եւ ազգային ու համամարդկային անփոխարինելի հարստություն:

ՀԱԿՈԲ ԱՐԲԱԿԻ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ, Հայաստանի կանաչների միության նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4