Երեկ կայացան ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ընթացիկ մրցաշրջանի վերջին 7 հանդիպումները: Դրանցից երեքը տեղի ունեցան ընտրական «A» խմբում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին Հելսինկիի «Ֆինեյր» մարզադաշտում ուժերը չափեց Ֆինլանդիայի հավաքականի հետ:
Հարկ է նշել, որ Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ արհեստական խոտածածկով մարզադաշտում: Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գտնում է, որ Ֆինլանդիայի նման բնակլիմայական պայմաններ ունեցող երկրների համար արհեստական խոտածածկով մարզադաշտերի առկայությունն անհրաժեշտություն է: Իսկ ֆինն պաշտպան Հանու Տիհինենը նշել է, որ «Ֆինեյրի» ծածկույթն ավելի հարթ է, քան Երեւանի «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկույթը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդն էլ այդ առնչությամբ նշել էր, որ արհեստական խոտածածկույթն իր հատկանիշներով շատ նման է բնական խոտածածկին, ուստի մեր ֆուտբոլիստների համար այն չպետք է խոչընդոտ հանդիսանա:
Երկու հավաքականներն էլ կազմի ընտրության հարցում որոշակի դժվարությունների առջեւ էին հայտնվել: Ֆինների կազմում բացակայում էին հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Յարի Լիտմանենն ու Միքայել Ֆորսելը: Հայաստանի հավաքականում որակազրկված էր պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց: Խաղասկզբում Միկա Նուրմելայի խփած միակ գնդակը հաղթանակ պարգեւեց ֆիններին: Մեր ֆուտբոլիստները մի քանի լավ հնարավորություն ունեին փրկելու խաղը, սակայն գոլային պահերը չիրացրին Ռոբերտ Զեբելյանը, Լեւոն Փաչաջյանն ու Արա Հակոբյանը: Այսպիսով, ընտրական չորս հանդիպումներում մեր հավաքականին այդպես էլ չհաջողվեց բացել գոլերի հաշիվը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ