Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Իլքեր Բաշբուգը հայտարարել է, որ իր երկիրը սառեցրել է ռազմական կապերը Ֆրանսիայի հետ, ինչպես նաեւ բարձրաստիճան զինվորականների եկկողմ այցելությունները:
«CNN-Turk» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Անկարայի տվյալ քայլը Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծի ընդունման պատասխանն է:
Փաստաթղթի ընդունումից անմիջապես հետո Անկարան Փարիզին սպառնացել էր տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցներով:
Սեպտեմբերի 28-ին Եվրոխորհրդարանի պատգամավորները հատուկ որոշմամբ Թուրքիայի իշխանություններին պարտավորեցրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե նա ուզում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ: Թուրքիան այն ժամանակ հայտարարեց, որ «անթույլատրելի» է համարում անդամակցության համար հավելյալ պայմանների առաջադրումը:
Հայաստանը պահանջում է ընդունել, որ Օսմանյան կայսրության զավթած Արեւմտահայաստանում 1915-1917 թթ. 1,5 մլն հայ է բնաջնջվել: