Ռուս-վրացական հարաբերությունները յուրօրինակ դրսեւորումներ են ստանում: Այն ժամանակ, երբ վրացական իշխանությունները Վրաստանի տարածքային ջրերում կալանքի տակ են վերցնում ռուսաստանյան մի նավ ու պահանջում մոտ 37 հզ. դոլար տուգանք` նավից ծով թափված նավթի եւ օգտագործված տեխնիկական յուղի պատճառով, Ռուսաստանի ղեկավարությունը պայմանավորված ժամկետից շուտ սկսում է Անդրկովկասում ռուսաստանյան զորքերի թբիլիսյան կայազորի տեխնիկայի եւ ունեցվածքի դուրսբերումը: Ընդ որում, երեկ արդեն իսկ առաջին երկաթգծային էշելոնը շարժվել է դեպի Հայաստան` Գյումրի: Հաջորդ էշելոնը նոյեմբերի 23-ին Ադրբեջանի տարածքով կուղեւորվի Ռուսաստան:
Ռուսները հեռանում են` տանելով իրենց պատկանելիք ամեն ինչ, իսկ Վրաստանի կառավարությունն էլ վաճառքի է հանում «Արսենալ» ռազմական գործարանի ու նախկին ռուսական զորքերի օբյեկտների տարածքները: Վաճառքից սպասվում է մոտ 40 մլն դոլար: