«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2006-11-15 | #219, 2006-11-16 | #220, 2006-11-17


ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿԵՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ, ԻՍԿ Ո՞Վ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆՐԱՆՑ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունները երեկ լրագրողներին ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը: Նա հայտնեց, որ հստակեցվել են բացօթյա վաճառքի ենթակա ապրանքների ցանկը, առեւտրի օբյեկտներում վաճառվող ապրանքների գնապիտակներին, հեղուկ վառելիքի վաճառքի պայմաններին ներկայացվող պահանջները, հանրային սննդի ոլորտի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության հարցը, փոփոխվել տեղական մարմիններին վճարվող տուրքերի չափերը:

Հանրային սննդում աշխատողների առնչությամբ փոխնախարարը հայտնեց, որ եթե մինչ փոփոխությունն օրենքը սահմանում էր, որ 2007 թ.-ից առանց մասնագիտական պատրաստվածության այդ ոլորտի աշխատակիցներն իրավունք չունեն աշխատելու, ապա այժմ այդ ժամկետը երկարացվել է: Երեւանի եւ մարզային կենտրոնների համար նոր ժամկետ է սահմանված 2008 թ.-ի հուլիսի 1-ը, իսկ մյուս բնակավայրերի համարՙ 2010 թ.-ի հուլիսի 1-ը:

Ինչ մնում է բացօթյա վաճառքին, ապա բացի ծաղիկներից, տնկիներից, զովացուցիչ ջրերից, պաղպաղակից, ամանորյա եղեւնիներից եւ սոճիներից, որեւէ այլ ապրանքի բացօթյա վաճառքն արգելվում է: Այս դրույթի եւ ընդհանրապես օրենքի հսկողական գործառնությունները դրված են տեղական ինքնակառավարման մարմինների վրա: «Ազգի» հարցին, թե արդյոք ի զորո՞ւ են համայնքապետարանները իրականացնել իրենց վրա դրված լիազորությունները, Արա Պետրոսյանը դրական պատասխան տվեց: Նա ասաց, որ օրենքի քննարկման ժամանակ այդ հարցը մշտապես տրվել է, եւ ինքը գտնում է, որ մի օր պետք է ասել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ իրենք պարտավոր են իրականացնել այդ հսկողությունը: «Նրանք բավականին առաջ են գնացել այդ հարցում եւ կարծում եմ, որ ժամանակի մեջ ի զորու են իրականացնել այդ հսկողությունը», ընդգծեց փոխնախարարը: Սակայն լրագրողների մյուս հարցը, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինները դա չկարողանան կամ չցանկանան անել, ո՞ր մարմինը պետք է վերահսկի նրանց, այդպես էլ մնաց անպատասխան:

Ըստ Արա Պետրոսյանի, համայնքապետարանի գործունեության վերահսկողությունը պետք է իրականացնեն համայնքը, ավագանին, հասարակությունը, սպառողների միությունները, մի խոսքովՙ ժողովուրդը, բայց ոչ մեկ այլ պետական մարմին: Մինչդեռ գաղտնիք չէ, բացօթյա վաճառքի ենթակա ապրանքներից բացի, մշտապես փողոցներում վաճառվել են նաեւ այլ ապրանքներ, գլխավորապես սննդամթերք, եւ համայնքապետարանների հսկողությունն առանձնապես չի երեւացել: Հասարակության կամ լրատվամիջոցների ու սպառողական կազմակերպությունների ահազանգերն էլ նույնպես արդյունք չեն տվել: Մինչդեռ փոխնախարարի համոզմամբ, այստեղ պետական վերահսկողության անհրաժեշտություն չկա: Փոխարենը Արա Պետրոսյանը հույս հայտնեց, որ այս ոլորտում, մասնավոր հատվածի հետ երկխոսության եւ օրենքի անընդհատ կատարելագործման շնորհիվ, 3-4 տարի հետո կունենանք կատարյալ օրենսդրություն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4