«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2006-11-15 | #219, 2006-11-16 | #220, 2006-11-17


ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ, ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ, ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ»

Ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը», նոյեմբերի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով կլինեն Հայաստանում` նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ալիեւ կրտսերի հանդիպման հնարավորությունները քննարկելու նպատակով, որ ամենայն հավանականությամբ կարող է տեղի ունենալ նոյեմբերի 28-ին Մինսկում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում: Ամեն դեպքում, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Օսկանյանի եւ Մամեդյարովի նոյեմբերի 14-ի բրյուսելյան հանդիպումից հետո հնչած քիչ թե շատ «բարձր նոտաները» նախագահների մոտակա հանդիպումը հավանական են դարձնում:

Օսկանյան-Մամեդյարով վերջին հանդիպման մասին դրական դիրքերից է արտահայտվել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Ամերիկացի դիվանագետը իր ոգեւորությունն է արտահայտել արտաքին գործերի նախարարների քննարկումների առնչությամբ, նշելով, թե համանախագահները շարունակում են հավատալ, որ «հիմնական սկզբունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, հավասարակշռված, իրագործելի լուծում են»:

Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ կընդունեն այդ սկզբունքները` «հնարավոր է որոշ ոչ նշանակալի փոփոխություններով եւ ուղղումներով, որոնք հիմնված կլինեն նրանց սեփական հնարավորությունների վրա` որպես տարածաշրջանում խաղաղության պահպանման հիմք»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն ջանադրաբար աշխատել կողմերին խաղաղության մոտեցնելու համար` չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակին», «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Բրայզան հիշեցրել է, որ համանախագահները 2007 թ. եւ 2008 թ. Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններն էին մատնանշում որպես պատճառ, թե ինչու է 2006 թվականը դիտարկվում որպես երկու կողմերի միջեւ խաղաղ համաձայնության կայացման «հնարավորությունների իդեալական պատուհան»: Ամերիկացի դիվանագետի մոտեցմամբ, կան հակամարտության խաղաղ լուծման շուտափույթ ընդունման էլի շատ պատճառներ: Ըստ Մեթյու Բրայզայի, այդ համաձայնությունը տարածաշրջանում կայունություն կապահովի եւ ամբողջ Հարավային Կովկասի տնտեսական աճի հնարավորություն կընձեռի:

Այն, որ ընտրությունները իրապես կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վրա, Բրայզան հույս ունի, որ այդ ազդեցությունը կարող է լինել դրական եւ «...երկու երկրների ժողովուրդները իշխանության իրենց առաջնորդներին ու թեկնածուներին կտեղեկացնեն, որ իրենք ողջունում են խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանն ուղղված ջանքերը»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այլ կառույցների ներգրավվելու հավանականությանը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հենց այս ձեւաչափն է համարում ամենալավը Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների շարունակման համար: Միեւնույն ժամանակ Բրայզան համոզմունք է հայտնել, որ միջազգային տարբեր կառույցների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահների հիմնական սկզբունքներին կարող են որոշակիորեն օգնել խաղաղ գործընթացին: Որպես օրինակելի համագործակցության օրինակ Բրայզան նշում է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի` շփման գոտում հրդեհների պատճառների ուսումնասիրության նպատակով համատեղ կազմակերպված առաքելության մասին, որտեղ ընդգրկված էին ինչպես «ադրբեջանցի փորձագետներ, այնպես էլ ղարաբաղցի հայեր»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4