«Հեռուստամարաթոն-2006»-ին, հավանական է, աննախադեպ ակտիվ կմասնակցեն արցախցի խորհրդարանականները: ԼՂՀ Ազգային ժողովի վերջին նիստում խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ մշտական հիմունքներով աշխատող պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի անդամներն իրենց աշխատավարձի հինգ տոկոսը նվիրաբերել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած հեռուստամարաթոնին: Հանգանակված գումարը կազմել է 350.000 դրամ:
Նշված գումարն, իհարկե, նշանակալից է մասնակիցների թվի առումով, սակայն հարկ է հաշվի առնել նաեւ, որ խորհրդարանի անդամներից շատերը ոչ միայն պարզապես գործարար հատվածի ներկայացուցիչներ են, այլեւ Արցախում ամենահաջողակ ձեռներեցները, որոնք եւս շոշափելի նյութական մասնակցություն կցուցաբերեն մարաթոնին:
Խորհրդարանականների այս նախաձեռնությունը թերեւս յուրօրինակ կոչ է գործադիր իշխանությանը, որի անձնակազմը թե՛ թվով եւ թե՛ նյութական հնարավորություններով, մեղմ ասած, չի զիջում ԱԺ-ին:
Աշխատավարձի «հինգտոկոսանոց» նվիրաբերումը բնավ էլ ամենաբարձր նշաձողը չէ. անցյալ տարի հատկապես իրավապահ ոլորտում եղել է նաեւ դրա կրկնապատիկը:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ