«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2006-11-15 | #219, 2006-11-16 | #220, 2006-11-17


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՅՈՒԼԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԳՅՈՒՆԴՈՒԶ ԱՔԹԱՆԸ

Նա առաջարկում է Հայաստանի փոխարեն դատարան կանչել Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին

Նախորդ համարում «Ազգը» տեղեկացրել էր, որ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, մասնակցելով Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի բյուջետային հանձնաժողովում արտգործնախարարության բյուջեի քննարկումներին, հայտարարել է. «Ցեղասպանության հայկական պնդումներն ու դրանց պատճառով երրորդ երկրների հետ մեր հարաբերությունների վատթարացման սպառնալիքն առաջիկա տասը տարիներին լինելու են Թուրքիայի կարեւորագույն խնդիրը: Ձեռնարկելու ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, ընդհուպ հարցը միջազգային իրավարարության հանձնելը»:

Վերոհիշյալ նիստում հանձնելու պատրաստակամության համար Թուրքիայի արտգործնախարարին ողջունել էր բյուջետային հանձնաժողովում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, պաշտոնաթող դեսպան Շուքրյու Էլեքդաղը: Այս ամենը քաղել էինք «Միլիեթի» նախորդ օրվա համարից: Նոյեմբերի 16-ին թուրքական այս թերթը վերստին անդրադառնում է ցեղասպանության «հայկական պնդումները» միջազգային իրավարարությանը հանձնելու մասին Գյուլի հայտարարությանը եւ նշում է, որ վերջինին ողջունեց նաեւ պաշտոնաթող մեկ այլ դեսպանՙ Գյունդուզ Աքթանը, որն Էլեքդաղի պես ուշադրության կենտրոնում է պահում հայկական խնդիրները:

«Միլիեթը» նշում է, որ ցեղասպանության պնդումները միջազգային իրավարարությանը հանձնելու գաղափարի հեղինակը հենց Աքթանն է: Նա, ըստ թուրքական թերթի, իբրեւ «շատ համարձակ քայլ» բարձր է գնահատել Գյուլի հայտարարությունը եւ ասել է. «Հայերի պնդումների առնչությամբ դատարան դիմելու գաղափարը ես առաջ եմ քաշել դեռեւս 2000 թ.-ին ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը: Բանը բանից անցել է: Ասելով, թե 1948 թ.-ին ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության կոնվենցիան հետադարձ ուժ չունի, հետեւաբար «անհնար է 1915 թ. իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն բնութագրելը», չենք կարող ձերբազատվել այս հարցից: Դրանով ոչ միայն չենք ապացուցում մեր իրավացիությունը, այլեւ դյուրացնում ենք հայերի գործը: Ընդհակառակը, պետք է մարտահրավեր նետել եւ հայտարարել, որ դիմելու ենք միջազգային ատյաններինՙ պարզելու համար. համապատասխանո՞ւմ են արդյոք 1915 թ. իրադարձությունները ցեղասպանությանը բնորոշ հատկանիշներին: Դա լավագույնս կանի Հաագայի մշտական իրավարար դատարանը: Քանի որ վեճը չենք կարող միայնակ հանձնել միջազգային իրավարարությանը, ուստի դատարան կհրավիրվի նաեւ Հայաստանը: Մեր իրավացիությունն աշխարհին ցույց տալու համար Հայաստանի փոխարեն պետք է դատարան կանչել Ֆրանսիային, միաժամանակ նախազգուշացնել ԱՄՆ-ին, որ նրան էլ կկանչենք, եթե Կոնգրեսը հայկական բանաձեւ ընդունի»:

Աքթանը նշելով, թե դատարանը քննության միջոցով կփորձի պարզել հայերի բնաջնջման դիտավորության հարցը, շարունակել է. «Մենք ձեռքի տակ ունենք շուրջ 1 մլն փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ դիտավորություն չի եղել: Թեեւ դատական գործընթացը կարող է տեւել 5-10 տարի, սակայն դա հենց այսօրվանից բարոյական առումով կապահովի մեր առավելությունը: Եթե դատարան կանչվելու դեպքում Հայաստանը կամ Ֆրանսիան հրաժարվեն ներկայանալ, ապա խայտառակ կլինեն աշխարհով մեկ: Իսկ ներկայանալու դեպքում կբացահայտվեն նրանց ստերը: Այսպիսով նրանք այլեւս գլխացավանք չեն պատճառի Թուրքիային»:

Ցեղասպանության «հայկական պնդումների» հանձնումը միջազգային իրավարարությանն, ըստ Աքթանի, ենթադրում է.

1. ստեղծել հանձնաժողովՙ ստուգելու համար Թուրքիայի, Պոլսո հայոց պատրիարքարանի, Բոստոնում ՀՅԴ-ի, Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի արխիվներում պահպանվող փաստաթղթերի իսկությունը,

2. կատարել վիճակագրական աշխատանքներՙ ուսումնասիրելու համար բնակչության էթնիկ կազմի փոփոխությունները,

3. ուսումնասիրել ռազմական տեղաշարժերն ու հայկական զինյալ խմբավորումների գործունեությունը,

4. ճշտել տեղահանության ընթացքում կատարված մահացության դեպքերի պատճառները,

5. ուսումնասիրել հիվանդանոցների տվյալ ժամանակահատվածի գրանցամատյանները,

6. դատաբժշկական եզրակացությամբ պարզել ընդհանուր գերեզմաններում թաղվածների ազգային պատկանելությունը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4