ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ա. Վարդանյանին, կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել մի առաջարկություն, որ Հայրենական պատերազմի մասնակիցներին, հաշմանդամներին, զոհված ու հաշմանդամ դարձած ազատամարտիկներին, նրանց ընտանիքի անդամներին 2007 թ. տրվեն արտոնություններ, ամենամսյա դրամական օգնություն 5000 դրամի չափով, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ այլ կոմունալ վճարումներ կատարելու համար, ինչպես նաեւ այլ կատեգորիաներին հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն: Ինչ խոսք, շատ ուրախալի, գովելի առաջարկ է, թեպետ ուշացումով, բայց ըստ ժողովրդական խոսքի, ավելի լավ է ուշ, քան երբեք: Իրոք նման կատեգորիայի մարդկանց մոռանալ երբեք չի կարելի, քանի որ նրանք իրենց գործերով ե՛ւ իրենց անմահացրին, ե՛ւ հաղթանակը ապահովեցին:
Այդ առաջարկության կապակցությամբ ես էլ ուզում եմ շարադրել հարցեր, որոնք, կարծում եմ, կարժանանան ոչ միայն ուշադրության, այլեւ հավանության: Օրինակ, մինչ իշխանափոխությունը կառավարությունը 10 երեխա ծնած եւ դաստիարակած մայրերին շնորհում էր հերոսուհի մայր պատվավոր կոչումը: Ամենայն հավանականությամբ այդ մայրերից ծնված երեխաներից շատերն այսօր մեր հանրապետության տարբեր բնագավառների լավագույն մասնագետներն են, գուցե մի մասն էլ գիտության բնագավառում իր խոսքն է ասում, բայց նրանց մայրերն այսօր մոռացության են մատնվել: Ուստի անհրաժեշտ է համապատասխան մարմինների միջոցով պարզել, հաշվել, թե այսօր հանրապետությունում քանի հերոսուհի մայր կա: Եկեք այդ մայրերին հանենք մոռացության դաշտից եւ պատշաճ վերաբերմունքի արժանացնենք:
Այնուհետեւ փորձենք պարզել, թե այսօր հանրապետությունում 80 տարին լրացած, 55-60 եւ ավելի աշխատանքային ստաժով քանի վետերաններ (կրծքանշանով) կլինեն: Մարդիկ, որ կես դարից ավելի ծառայություն կատարելով իրենց նպաստն են բերել մեր հանրապետության զարգացման, հզորության գործում: Չե՞ք կարծում, որ նրանք նույնպես արժանի են պատշաճ ուշադրության:
Այժմ վերհիշենք այն ժամանակները, երբ Հայաստանի կառավարությունը հաշվի առնելով եւ գնահատելով աշխատանքի վետերանների ծառայությունները, նրանցից յուրաքանչյուրին նշանակում էր միութենական կամ հանրապետական կարգի անհատական թոշակ, տալով նաեւ այլ արտոնություններ, ինչպես նաեւ քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն: Գնահատման արժանանում էին: Իսկ հետո՞: Իշխանափոխությունից հետո եկած նորերը ոչ միայն վերացրին նրանց արտոնությունները, այլեւ բոլորին մատնեցին մոռացության: Մոռացության տվեցին նաեւ վաստակաշատ վետերաններին:
Կարծում եմ, նշված 3 խմբի անձնավորությունները նույնպես արժանի են պատշաճ ուշադրության եւ վերաբերմունքի:
Հարգելի պարոններ, Ձեր նախարարությանը վերաբերող հարցին նույնպես համամիտ կլինեք ու կասեք Ձեր արժանահավատ, հիմնավոր խոսքը, որպեսզի վերոհիշյալ հարցերի լուծումը նույնպես արժանանա վերաբերմունքի եւ հավանության, որպեսզի կառավարության հիշյալ առաջարկությունների մեջ նրանք նույնպես գտնեն իրենց պատշաճ տեղը եւ ստանան հարցի լուծումը: Այդ էր պատճառը, որ նամակս հասցեագրեցի Ձեզ:
Այսուհետեւ այնպես անենք, այնպես աշխատենք, որ մոռացության դաշտում ոչ ոք չմնա: Ավելի ճիշտ, մոռացության դաշտ առհասարակ չունենանք:
Մարդու նկատմամբ էլ միշտ մարդկային վերաբերմունք դրսեւորենք:
ՎԱՐԴՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ