«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2006-11-15 | #219, 2006-11-16 | #220, 2006-11-17


ԱՇԽԱՐՀԻ ՃԱՄՓԱՆԵՐԻ ՍԿԶԲԻՙ ԵՐԿԻՐ-ԲՆՕՐՐԱՆԻ ԿԱՐՈՏՈՎ

Մեծ աշխարհըՙ անհավատալիորեն բազմազան ու իր ամեն անկյունով անկրկնելի, անընդհատորեն պեղելի, որքան ուսումնասիրված է, նույնքան էլ նոր հայտնագործման, նոր հայացքի կարոտ: Նույնիսկ քանիերորդ անգամ ճանաչելի դարձած որեւէ վայր, որին արդեն վաղուց ժամանակը վավերագրել է իր հիշողության մատյաններում, կարելի է դիտել ու մեկնաբանել յուրովի, նայած թե որքանով է գիտակցական ու հոգեւոր հայացքդ ունակ բացելու եւ գտնելու նորը. այն նորը, որ հայտնաբերել կարող ես նախ եւ առաջ քո ներսում, եթե դա անգամ հանրահայտ Կոլիզեյն է, Էյֆելյան աշտարակը, Սբ. Պետրոսի կամ Շարտրի տաճարները, անգամ եգիպտական բուրգերը:

Որեւէ ուղեգրության հեղինակ իր անձնական տպավորությունները երբ հյուսում է իրեն հյուրընկալող երկրի ու ժողովրդի անցյալի ու ներկայի որոշակի իմացության հենքով, ուսանելի արձանագրություն է թողնում: Լեւոն Լաճիկյանիՙ աշխարհի հորիզոնականների բացահայտման կերպն իր իմացական կենսափորձի դիտանկյունով է կատարվում:

Հիրավի աշխարհն սկսվում է ծննդավայրից ու հայրենիքից: Աշխարհի սկզբի այս խորհրդի ենթագիտակցական ու գիտակցական արձանագրումն է կատարում Լեւոն Լաճիկյանն իր նորընծա «Խաչվող ճանապարհներ» գրքի էջերում: Գրքիՙ գեղարվեստորեն ակնահաճո, տեխնիկապես գրագետ բարձրորակ տպագրությունն իրականացրել է «Մուղնի» հրատարակչությունը «Գասպրինտ» տպագրատանը: Գիրքը հեղինակային ընծայագրումով նվիրված է պապինՙ Լեւոն Ալեքսանի Լաճիկյանին եւ Մեծ եղեռնից մազապուրծ աշխարհացրիվ Լաճիկյան գերդաստանի նահապետների հիշատակին: Գրքի հիմնական հովանավորները Չիկագոյիցՙ Րաֆֆի եւ Շողակ Հովհաննիսյաններն են, նաեւ հայաստանյան մի շարք կազմակերպություններ, ընկերություններ, գործակալություններ: Գեղակազմ շապիկիՙ մեծ աշխարհն ու նախնիների հայրենիքը խորհրդանշող 2 պատկերներըՙ Փարիզի Էյֆելյան աշտարակը եւ Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցին խաչվում են հեղինակի մտքի ու գրության քարտեզի ամեն անկյունում: Այդ հայրենիքը ներկա է ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Հոլանդիայում, Բելգիայում, Իտալիայում, Լիտվայում, Ամերիկյան մայրցամաքում, ուր որ հեղինակը եղել է: Այդ հայրենիքը Լաճիկյանը կրում է իր հոգում, որ աղավնաթեւ մաքուր ճախրանք իբրեւ տարածվում է իր հայացքի առաջ բացվող բոլոր ճանապարհներին:

Ուղեգրությունների աշխարհագրությունն ընդգրկում է հեղինակիՙ տարբեր տարիներին շուրջ 10 երկիր կատարած ճամփորդությունների տպավորությունների արձանագրումներ, այն սկսվում է Կարսից, որ ուխտագնացություն է դեպի կորսված երկիր, իր խոսքերով «արտասվելու չափ գեղեցիկ Արեւմտյան Հայաստան»: Հայրենի եզերքի գեղեցկությունները քարացած արցունք իբրեւ խեղդում են կորուսյալ աշխարհ ոտք դրած ամեն հայի: Հիշողության մեջ պապի տունըՙ Կարսի բերդի ստորոտինՙ Վարդանի կամրջի հարեւանությամբ. «Փոքրուց մեր տանը շատ եմ լսել նվիրական այդ անունները: Գիտեի անշուշտ, որ «ուղեղի մորմոք չեն դրանք, բայց եւ չէի պատկերացնում, թե օրերից մի օր պիտի քայլեի նույն այդ Կարսի փողոցներովՙ որոնելով պապենական հիշատակները...», գրում է հեղինակը: Իր ներքին բաղձանքը, իր կարոտներն ու մորմոքը, իր հիացմունքն առ հայրենին, նրա պատմությունն ու մշակույթը, նաեւ տագնապներն այսօրվա, ներկա են ամեն տողի մեջ, ճամփորդական ամեն կանգառումՙ Կարսից, «չխամրող գույների ոստան Գյումրիից», երկնամերձ Գանձայից մինչեւ անդրօվկիանոսյան հեռուներ:

«Լեւոն Լաճիկեանի ճամբորդական պայուսակը թւում է, թէ իր ուսին է: Գնում է իր ժողովրդի տարագնայ հետքերով, գնում է հողի ճանապարհով: Վերադարձն է սա, որ ապրում է մեզնից իւրաքանչիւրը նախնեաց աշխարհը յայտնատեսելու ներուժով: Սակայն եթէ շատերիս համար ենթագիտակցօրէն դա տրւում է միայն ոգու թելադրութեամբ, Լեւոն Լաճիկեանի հետ ոգուն միախառնւում է իմացական լոյսը, որը հնչում է առաւօտեան շեփորի պէս մեր ունկերում:

Գնում ու վերականգնում է մեր երթը մայր երկրի ճանապարհներին: Ուսանելի այնքա՜ն բան կայ իր պայուսակումՙ ճակատագիր, կենսափորձ, ազգային յիշողութիւն, պատմութեան դաս, մեր երկրի գոյներն ու բնութիւնը:

Գլխաւորը ճանաչողութեան սահմանն է, որ նա բացում է քո առջեւ քարտէսի պէս: Լեւոն Լաճիկեանի քարտէսը իր տեսողութիւնն է, բնապատկերի ճշգրտութիւնն ու գոյների ընտրութիւնը: Երբ հասցնում է քեզ երկիր, ճամբորդական պայուսակն աննկատ գցում է քո ուսերին ու ասումՙ գնա՜, սա քո՜ երկրի դարպասներն են: Այստեղից ինքդ հարթիր քո ճանապարհը», գրում է Սուրեն Դանիելյանը:

Այս ճանապարհը Լաճիկյանն իր համար ճշգրտել է հայրենի եզերքի խորունկ սիրով ու ակնածանքով, իր դավանած բարոյական ու գեղագիտական արժեքներով, եւ սա է ուղեցույցն իր օրագրություն-ուղեգրությունների: Մարդկության քաղաքակրթության բնօրրանումՙ Եվրոպայում, իր աչքը նկատում ու միտքը սեւեռվում է գեղարվեստական բարձր արժեքների, իրողությունների, պատմությունը կերտող նշանավորող անհատների շուրջը: Քարե հրաշք Պրահայում, փարիզյան առավոտներում, Ադրիականի հավերժահարս Վենետիկում, բելգիական հորիզոններումՙ ամենահնարավորությունների Ամերիկայում, ամենուրեք նա փնտրում է հայկական հիշատակներ, գնում Դ. Վարուժանի հետքերով «Դեպի աղբյուրը լույսին», ավա՜ղ, դեմ առնելով նաեւ «ակնածանքից կասկածանքին»ՙ արտագաղթած ներկայիս հայերի թողած տխուր տպավորություններին, հետքերին...

Հեղինակի հայացքը նորովի գտնում ու արժեւորում է այդ երկրներն ու նրանց մշակույթըՙ բարեխիղճ ճամփորդի իմացության պաշարով, արձանագրում անցյալը, նկատում ներկան, նաեւ կենցաղի մանրուքներն ու արդիական շունչը: Այս եւ բազմաթիվ այլ առումներով գիրքը ճանաչողական նշանակություն ունի նաեւ: Գրքի յուրահատուկ, գեղագիտական կողմն ապահովված է հաճելի մեկ անակնկալով եւսՙ դա ուղեգրություններն ուղեկցող գծանկարներն ենՙ Լաճիկյանի հեղինակությամբ, որտեղ դրսեւորվել են գծանկարչության նրա նախասիրություններն ու շնորհքը, գծի նրբությունը, կուլտուրան ու ճշգրտությունը գնահատող ու կիրառող գեղագետ-մտավորականըՙ արժանանալով ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի դրվատանքին:

Երեկ Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Լեւոն Լաճիկյանի «Խաչվող ճանապարհներ» գրքի շնորհանդեսը: Ի մասնավորի նկատենք նաեւ, որ գրքի տպաքանակից 200 օրինակ հեղինակը տրամադրելու է Երեւանի հանրակրթական բոլոր դպրոցներին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4