Յոթ հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական մրցաշարի այս տարվա խաղացանկով նախատեսված ծրագիրը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականը Հելսինկիում 0-1 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն: Հարկ է խոստովանել, որ ֆիններն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան եւ հիմնականում մտահոգված էին հաղթական հաշիվը պահպանելով: Ինչպես երեւում է, առաջատար ֆուտբոլիստներ Յարի Լիտմանենի եւ Միքայել Ֆորսելի բացակայությունը բավական ազդել էր ֆինն ֆուտբոլիստների գործողությունների վրա, որոնք Երեւանում ավելի լավ հանդես եկան, քան սեփական դաշտում: Հանդիպման միակ գոլն էլ ֆինները խփեցին մեր դարպասապահ Գեւորգ Կասպարովի անվստահ խաղի հետեւանքով:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, այս անգամ էլ մեր ֆուտբոլիստների խաղն ընդհանուր առմամբ չի կարող գոհացնել հայ ֆուտբոլասերներին: Ճիշտ է, ի տարբերություն նախորդ հանդիպումների, ֆինների հետ խաղում հայ ֆուտբոլիստները գոլային մի քանի հիանալի պահեր ունեցան եւ եթե կարողանային դրանք իրացնել, ապա նույնիսկ կհաղթեին: Սակայն այս անգամ էլ կրկին դրսեւորվեց հին հիվանդությունըՙ գոլային պահերն իրացնելու անկարողությունը, որը դարձել է մեր հավաքականի աքիլլեսյան գարշապարը: Իսկ երբ հավաքականը չի կարողանում գեթ մեկ գնդակ խփել, ապա հաջողության մասին խոսելն ավելորդ է: Կարծես հավաքականում «գոլային երաշտ» է սկսվել, որը տեւեց մի ամբողջ տարի: Աշնանն անցկացրած ընտրական չորս հանդիպումներում մեր ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան գեթ մեկ գոլ խփել: Տարեսկզբին Կիպրոսում անցկացրած երկու խաղերում էլ կրկին մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվել գոլ խփել:
ՀՀ հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ ֆինները գլխավորեցին «A» խմբի աղյուսակը: Մեր խմբում կայացավ եւս երկու հանդիպում: Լեհաստանի հավաքականը կարեւոր հաղթանակ տոնեց հյուրընկալվելիսՙ 1-0 հաշվով պարտության մատնելով Բելգիայի ընտրանուն: Լեհերը խաղի ընթացքում մեծ առավելություն ունեին, որի արդյունքը դարձավ 19-րդ րոպեին Մատուսյակի խփած միակ գոլը: Այս հաղթանակի շնորհիվ լեհերը լավ հնարավորություն ստացան պայքարելու ուղեգրերի համար: Պորտուգալիայի ընտրանին էլ սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ խփեց Ղազախստանի հավաքականի դարպասը: 2 գոլ խփեց Սիմաուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քրիստիանու Ռոնալդուն:
Ընտրական «D» խմբում Գերմանիայի հավաքականն առաջին միավորը կորցրեցՙ հյուրընկալվելիս ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Կիպրոսի ֆուտբոլիստների հետ: Այդ խաղում առաջինը հաջողության հասան գերմանացիները: Արդեն 16-րդ րոպեին նպատակին հասավ Բալակի հեռահար հարվածը: Սակայն ընդմիջումից երկու րոպե առաջ Օկասը վերականգնեց հավասարակշռությունը: Նույն խմբում Իռլանդիայի հավաքականը 5-0 հաշվով պարտության մատնեց Սան Մարինոյի ֆուտբոլիստներին: Աչքի ընկավ Քինըՙ դառնալով երեք գոլի հեղինակ:
Գոլառատ էր Իսրայելի եւ Խորվաթիայի հավաքականների մրցավեճը: Այն ավարտվեց խորվաթների հաղթանակով (4-3): Այդ հաղթանակի շնորհիվ Խորվաթիայի հավաքականը «E» խմբում ստանձնեց առաջատարի դերը: Գուս Հիդինգի գլխավորությամբ Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթանակ տոնեց ՌԴ հավաքականը: Ռուսները «E» խմբում 4 խաղից հետո վաստակեցին 8 միավոր եւ ընթանում են 2-րդ տեղում:
Բացի ընտրական մրցախաղերից, տեղի ունեցան նաեւ մի շարք ընկերական հանդիպումներ: Ահա դրանց արդյունքները. Չեխիա-Դանիաՙ 1-1, Սլովակիա-Բուլղարիաՙ 3-1, Վրաստան-Ուրուգվայՙ 2-0, Կոտ դ՛Իվուար-Շվեդիաՙ 1-0, Սերբիա-Նորվեգիաՙ 1-1, Շվեյցարիա-Բրազիլիաՙ 1-2, Իտալիա-Թուրքիաՙ 1-1, Ֆրանսիա-Հունաստանՙ 1-0, Իսպանիա-Ռումինիաՙ 0-1, Հոլանդիա-Անգլիաՙ 1-1, Էստոնիա-Բելառուսՙ 2-1, Մալթա-Լիտվաՙ 1-4, Հունգարիա-Կանադաՙ 1-0, Ավստրիա-Տրինիդադ եւ Տոբագոՙ 4-1, Լյուքսեմբուրգ-Տոգոՙ 0-0:
Մրցաշարային աղյուսակներ
«A» խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Ֆինլանդիա | 5 | 3 | 2 | 0 | 7-2 | 11 |
2. Սերբիա | 4 | 3 | 1 | 0 | 6-1 | 10 |
3. Լեհաստան | 5 | 3 | 1 | 1 | 6-5 | 10 |
4. Պորտուգալիա | 4 | 2 | 1 | 1 | 8-3 | 7 |
5. Բելգիա | 5 | 2 | 1 | 2 | 4-2 | 7 |
6. Ղազախստան | 5 | 0 | 2 | 3 | 1-7 | 2 |
7. Հայաստան | 4 | 0 | 1 | 3 | 0-5 | 1 |
8. Ադրբեջան | 4 | 0 | 1 | 3 | 1-8 | 1 |
«D» խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Գերմանիա | 4 | 3 | 1 | 0 | 19-2 | 10 |
2. Չեխիա | 4 | 3 | 1 | 0 | 13-2 | 10 |
3. Սլովակիա | 4 | 2 | 0 | 2 | 12-9 | 6 |
4. Կիպրոս | 4 | 1 | 1 | 2 | 8-12 | 4 |
5. Իռլանդիա | 4 | 1 | 1 | 2 | 8-17 | 4 |
6. Ուելս | 3 | 1 | 0 | 2 | 5-8 | 3 |
7. Սան Մարինո | 3 | 0 | 0 | 3 | 0-25 | 0 |
«E» խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Խորվաթիա | 4 | 3 | 1 | 0 | 13-3 | 10 |
2. Ռուսաստան | 4 | 2 | 2 | 0 | 5-1 | 8 |
3. Անգլիա | 4 | 2 | 1 | 1 | 6-2 | 7 |
4. Իսրայել | 4 | 2 | 1 | 1 | 9-6 | 7 |
5. Մակեդոնիա | 5 | 2 | 1 | 2 | 4-3 | 7 |
6. Էստոնիա | 3 | 0 | 0 | 3 | 0-4 | 0 |
7. Անդորրա | 4 | 0 | 0 | 4 | 1-19 | 0 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ