Շանհայում անցկացվող թենիսի աշխարհի տղամարդկանց ոչ պաշտոնական աշխարհի առաջնությունում «կարմիր» խմբում ավարտվեցին նախնական հանդիպումները: Դավիթ Նալբանդյանը, որ նախորդ երկու հանդիպումներում զիջել էր Ռոջեր Ֆեդեռերին ու Իվան Լյուբիչիչին, վերջապես մրցաշարում հաջողության հասավ: Նրա մրցակիցն ամերիկացի Էնդի Ռոդիկն էր: Երկու խաղափուլում էլ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ (6-2, 7-6), Նալբանդյանը խմբում իր առաջին միավորը վաստակեց:
Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ էր, որպեսզի ժամկետից շուտ հաջորդ փուլ մտած Ռոջեր Ֆեդեռերը պարտության մատներ Իվան Լյուբիչիչին, որը եւս մեկ միավոր էր վաստակել: Բարեբախտաբար, Ֆեդեռերը 7-6, 6-4 հաշվով հաղթանակ տարավ եւ Դավիթ Նալբանդյանը մտավ հաջորդ փուլ: Դավիթը խաղից հետո հայտարարել էր, որ գոհ է իր ելույթից: Հանդիպումից քիչ հետո հայտնի դարձավ, որ Կորդոբայում վերելակի վթարի հետեւանքով մահացել է Նալբանդյանի 9-ամյա սանիկըՙ Լաուտարոն: Չնայած այդ ողբերգությանը, Նալբանդյանը հայտարարել է, որ կշարունակի ելույթները:
Նշենք, որ Ռոջեր Ֆեդեռերը մրցաշրջանի ընթացքում վաստակած մրցանակային գումարների ընդհանուր քանակով յուրօրինակ ռեկորդակիր դարձավ: Այս տարի նա որպես հոնորար ստացել է 7 մլն 133.885 դոլար: Նախկին ռեկորդը պատկանում է ամերիկացի Փիթ Սամփրասին, որը 1997 թ. վաստակել էր 6 մլն 498.311 դոլար: Ֆեդեռերի վաստակած գումարը դեռեւս կաճի, եթե նա շարունակի հաջող մրցելույթները Շանհայում: Հաղթող ճանաչվելու դեպքում Ֆեդեռերի այս տարվա եկամուտը կկազմի 8 մլն 343.885 դոլար:
«Ոսկե» խմբում ժամկետից շուտ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց Ջեյմս Բլեյքը, որը պարտության մատնելով Նիկոլայ Դավիդենկոյին (2-6, 6-4, 7-5), 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Մրցաշարում իր առաջին հաղթանակը տոնեց իսպանացի Նադալըՙ պարտության մատնելով Թոմի Ռոբրեդոյին (7-6, 6-2):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ