Երեկ Անթալիա քաղաքում գումարվել է թուրքալեզու պետությունների հերթականՙ 8-րդ գագաթաժողովը: Հինգ տարվա ընդմիջումից հետո հրավիրված այս գագաթաժողովին նախագահի մակարդակով, բացի Թուրքիայից մասնակցում են միայն Ադրբեջանը, Կիրգիզիան եւ Ղազախստանը: Թուրքմենիան ներկայացել է դեսպանի մակարդակով, իսկ Ուզբեկստանը հրաժարվել է մասնակցությունից:
Այնուամենայնիվ, բացման խոսքում Թուրքիայի նախագահ Սեզերը հարկ է համարել ընդգծել, որ գագաթաժողովը, անկախ ուշացումից, թուրքական աշխարհի համերաշխությանն ու համագործակցությանը նպաստող առաջընթաց քայլ է: Գագաթաժողովում արծարծվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Դրա առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ ավելի մեծ աջակցություն են ակնկալում թուրքական աշխարհից եւ միջազգային հանրությունից: Միաժամանակ նա ներկաներին հիշեցրել է Ադրբեջանի գրավյալ տարածքների մասին:
Ալիեւին արձագանքել է միմիայն Սեզերը, հավաստելով, որ Ղարաբաղի հարցում Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին: Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահ Նազարբաեւին եւ Կիրգիզիայի նախագահ Բակիեւին, նրանք ըստ երեւույթին անտեսել են Իլհամի աջակցության ակնկալիքը, որ թուրքական հանրային հեռուստատեսությունը գագաթաժողովին անդրադառնալիս նրանց արձագանքի մասին որեւէ տեղեկություն չի հայտնում:
Հ. Չ.