Ռուսաստանի Դաշնության ներգաղթի դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Պոստավնինը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը թույլ չի տա սեփական տարածքում «էթնիկական միջնատարածքների» գոյացումը: Պատճառաբանությունն այն է, որ եթե երկրի որեւէ բնակավայրում կամ շրջանում օտարերկրացիների բաժինը 17-20 տոկոսից բարձր լինի, «դա կարող է հարուցել տեղացիների դժգոհությունը»:
Նույն գերատեսչության տնօրեն Կոնստանդին Ռոմոդանովսկին HTB հեռուստաընկերության եթերում էլ ավելի կտրուկ է արտահայտվել, ասելով, որ Ռուսաստանում «չայնաթաուններ» (բառացի` չինական քաղաքներ) չպետք է լինեն:
«Ազգն» արդեն գրել է, որ Ռուսաստանի շուկաները եւ կրպակները 2007 թ. աստիճանաբար ազատվելու են օտարերկրացի աշխատողներից: Այժմ հայտնի են որոշ մանրամասնություններ: ՌԴ կառավարությունը փորձում է խիստ սահմանափակել երկրում օտարերկրյա աշխատուժի ներկայությունը եւ վերահսկողության տակ առնել անօրինական ներգաղթյալներին:
2007 թ. հունվարի 1-ից միջոցներ կձեռնարկվեն տնտեսական գործունեության առանձին ոլորտներից (առաջին հերթին առեւտրի ոլորտից) օտարերկրացիներին դուրս մղելու համար: Առաջին անգամ կսահմանվեն նախկին ԽՍՀՄ հանրապետություններից աշխատուժի ներհոսի քվոտաներ:
Նախատեսվում է նաեւ օտարերկրացի բանվորների գրանցման հարցում խստացնել գործատուներին ներկայացվող պահանջները: 2007 թ. հունվարի 1-ից ոգելից խմիչքների եւ դեղագործական արտադրանքի առեւտրի ոլորտում օտարերկրացիների բաժինը պետք է իջեցվի զրոյի:
Հունվարի 15-ից մինչեւ ապրիլի 1-ը փողոցային վրաններում եւ շուկաներում օտարերկրացի աշխատավորների թիվը պետք է կրճատվի 40 տոկոսով:
Ապրիլի 1-ից մինչեւ տարեվերջ վրաններում եւ շուկաներում օտարերկրացի առեւտրականների թիվը կհասցվի զրոյի:
2007 թ. աշխատելու նպատակով այցագրով Ռուսաստան կարող է մուտք գործել 308 հազար օտարերկրացի: