Հարցազրույց քաղաքագետ Զաֆար Գուլիեւի հետ
- Ի՞նչ տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի, ադրբեջանական ազգի եւ հասարակության վրա ունեցած իր ազդեցությամբ:
- Հայերի նախաձեռնած այս հակամարտությունը սկզբից եւեթ մեզ համար ունեցել է մեծ նշանակություն, եղել է ամենահրատապ եւ ցավոտ խնդիրը: Ցավոք, այդ մասին ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով, որովհետեւ, ղարաբաղյան հակամարտության ներկա պահի հրատապության, երկրի, հասարակության ու ժողովրդի կյանքի վրա ունեցած նրա ազդեցության տեսանկյունից խնդիրն ավելի ու ավելի է դուրս գալիս հասարակության ազդեցության ոլորտից, կորչում է նրա նկատմամբ հետաքրքրությունը: Դա մեծապես կապված է այն բանի հետ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը չափազանց ձգձգվեց, որ չկան իրական տեղաշարժեր, իսկ հասարակությունը հոգնել է այդ տանջալից սպասումներից եւ անորոշությունից: Ստեղծված իրադրության համար մեղքի մեծ բաժին ունեն ե՛ւ Ադրբեջանի, եւ Հայաստանի իշխանությունները: Մեր դեպքում, դեռ այն ժամանակից, երբ երկրում իշխում էր Հեյդար Ալիեւը, Ադրբեջանի իշխանությունները սեփականաշնորհեցին խնդրի լուծման իրավունքըՙ մասնակցությունից դուրս մղելով հասարակությանը եւ հասարակական կազմակերպություններին: Դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում հաստատվեց պետության կառավարման ավտորիտար ռեժիմ: Եվ այսօր մենք ստիպված ենք պարզապես արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտությունը մեծ ազդեցություն չի թողնում ադրբեջանական հասարակության կյանքի վրա:
- Ինչպիսի՞ տնտեսական, մարդկային եւ այլ կորուստներ եւ ինչպիսի՞ ձեռքբերումներ են եղել ԼՂ հակամարտության արդյունքում:
- Հարկ է արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական հարթությունից այսօրվա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ տեղափոխելուց հետո մարդկային կորուստներն այլեւս զանգվածային բնույթի չեն: Բայց դրանք այսօր էլ կան: Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք ռազմաճակատային գծի վրա կատարվող փոխհրաձգությունների մասին, որոնք ոչ միայն զինվորների, այլեւ խաղաղ բնակիչների կյանքեր են խլում: Ինչ վերաբերում է տնտեսական կորուստներին, ապա Ադրբեջանի համար դրանք ավելի ակնհայտ են: Բռնազավթվել է երկրի տարածքի զգալի մասը, ինչն անհնարին է դարձնում այդ հողերի յուրացումը: Բացի այդ, Ադրբեջանի տնտեսության համար ծանր բեռ են դարձել փախստականների եւ հարկադրական վերաբնակիչների վրա կատարվող ծախսերը: Ավելացնենք դրան նաեւ մեծ քանակությամբ այլ ծախսեր, որոնք Ադրբեջանը ստիպված էր կատարել կանոնավոր կերպով: Խոսքն այն, իմ կարծիքովՙ չափազանց մեծ ծախսերի մասին է, որոնք կատարվում են բանակի պահպանման եւ մարտունակության բարձրացման համար: Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները եւ մեր երկրի պաշտոնական քարոզչությունը փորձում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ոչ թե ղարաբաղյան հակամարտության մեջ մեր երկրի ունեցած կորուստների վրա, այլ մատնացույց անել տնտեսության ինտենսիվ զարգացումը, հրապարակել տվյալներ, որոնց համաձայն Ադրբեջանը բոլոր տնտեսական ցուցանիշներով տարածաշրջանի առաջատարն է: Ես չեմ կարծում, թե դա ճիշտ ճանապարհ է:
- Ինչպե՞ս են վերաբերվում մեր երկրների հասարակությունները ստեղծված ստատուս քվոյին, ղարաբաղյան հակամարտության մեջ ո՞ւմ օգտին է «աշխատում ժամանակը» :
- Այսօրվա իրադրությունը թե՛ բանակցությունների գործընթացի, թե՛ ղարաբաղյան հակամարտության հարցի ընդհանուր վիճակի առումով, ձեռնտու չէ մեր հասարակությանը, Ադրբեջանի քաղաքացիներին: Մեր երկրի իշխանությունների կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ մասնակցությունից ադրբեջանական հասարակությանը դուրս մղելու պատճառով հասարակությունը անտարբեր է դարձել: Բացի այդ, հասարակությանն արդեն հոգնեցրել է հակամարտության կարգավորման մեջ իրական տեղաշարժերի բացակայությունը: Իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, թե վաղը հնարավոր կլինի անել այն, ինչ չի հաջողվել այսօր եւ երեկ, ապա հայրենական քարոզչությունը, մի շարք անկախ փորձագետներ եւ Ադրբեջանի բնակչության որոշակի մասը կարծել են եւ այժմ էլ կարծում են, թե «ժամանակն աշխատում է» Ադրբեջանի օգտին: Բերվում է այն փաստարկը, թե Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տնտեսական առավելությունը անպայման կհանգեցնի նաեւ այդ երկրի նկատմամբ վճռական ռազմական գերազանցության եւ կապահովի բռնազավթված տարածքների վերադարձը: Ես չեմ վիճարկում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տնտեսական գերազանցության դրույթը, սակայն չի կարելի դա միարժեքորեն կապել ղարաբաղյան խնդրի հետ: Իմ կարծիքով, «ժամանակն աշխատում է» նրանց օգտին, ովքեր այն օգտագործում են սեփական դիրքերն իրապես ուժեղացնելու համար: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում շատ գործընթացներ իմիտացիոն բնույթ են կրում: Անցած ավելի քան տասը տարիների ընթացքում մենք չօգտագործեցինք նավթային եւ աշխարհաքաղաքական գործոնները, Հայաստանի նկատմամբ մեր երկրի տնտեսական գերազանցությունը ղարաբաղյան հակամարտության մեջ սեփական դիրքերն ուժեղացնելու համար: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ մենք կկարողանանք օգտագործել վերը հիշատակված գործոնները հետագայում: Ես համարում եմ, որ եթե երկրի տնտեսական եւ քաղաքական կյանքում պահպանվեն բացասական միտումները, ապա «ժամանակը չի աշխատի» Ադրբեջանի օգտին: Ընդհակառակը, «ժամանակը կաշխատի» այն իրական պատեհությունների դեմ, որ Ադրբեջանը բաց թողեց Ղարաբաղյան հակամարտությունն իր օգտին լուծելու համար:
- Միմյանց մասին ադրբեջանական եւ հայկական հասարակությունների պատկերացումներում ի՞նչն է ավելի շատՙ առասպելնե՞րը, բացասական կանխակալություննե՞րը, թե՞ իրականությունից ելնող գնահատականները: Արդյո՞ք ադրբեջանցիները եւ հայերը ճանաչում են իրար:
- Հայ վերլուծաբանների եւ լրագրողների հետ շփումների հիման վրա կատարած իմ սեփական դիտարկումներն ասում են այն մասին, որ գոյություն ունեն մեծաթիվ առասպելներ ու ստերեոտիպեր, քիչ է հայերի եւ ադրբեջանցիների մասին իրական եւ ադեկվատ տեղեկատվությունը: Ձեւավորված ստերեոտիպերից եւ այն թշնամական աուրայից դուրս, որը թեւածում է ադրբեջանցիների եւ հայերի հարաբերությունների վրա ղարաբաղյան հակամարտության բռնկումից ի վեր, մեկմեկու գնահատելու առանձնահատուկ ցանկություն նույնպես չի նկատվում: Ուստի ցանկացած շփումներ, նույնիսկ Ադրբեջանի եւ Հայաստանի առավել ապաքաղաքական ներկայացուցիչների միջեւ, ընթանում են կայունացած եւ հաճախ ոչ օբյեկտիվ ստերեոտիպերի ճնշման տակ: Բացի այդ, մեր երկրների պաշտոնական տեղեկատվամիջոցները միայն ուժեղացնում են այդ ստերեոտիպերի կենսունակությունը: Այս հարցում թերեւս օգտակար կլիներ ժողովրդական դիվանագիտությունը, բայց այդ էլ չկա: Նման շփումներ հաստատելու ցանկացած երկչոտ փորձ կասեցվում է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում:
- Կարո՞ղ է ղարաբաղյան հակամարտությունն ունենալ այնպիսի լուծում, որը բավարարի ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայ հասարակություններին:
- Հազիվ թե: Այսօր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հասարակությունները պատրաստ չեն այն բանին, որ ղարաբաղյան հակամարտության մեջ գնան իրական զիջումների: Մեր երկրների հասարակությունները մերժում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները: Բացի այդ, առնվազն Ադրբեջանի կողմից, հնարավոր զիջումների պաշարը գործնականում սպառված է: Ուստի ես չեմ կարծում, թե մոտ ժամանակներում կարելի կլինի գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որը կբավարարի ադրբեջանական եւ հայ հասարակություններին:
Հարցազրույցըՙ ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎԻ