Սպառված Մինսկի խմբին փոխարինում է եռանախագահների մաքոքային քաղաքականությունը
Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսան Արզումանյանը դժվարանում է տարանջատել մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը ներքինից եւ համոզված է, որ արտաքին քաղաքականությունն ընդամենը սպասարկում է ներքին քաղաքականությանը, ինչպես նաեւ այս կամ այն մարդկանց կամ խմբերի շահերին: Ավելի պարզ ասած, արտաքին քաղաքականության ոլորտում մեր երկրի որեւէ զիջում, Արզումանյանի դիտարկմամբ, որեւէ պայմանավորվածության արդյունք է: Ասել է թե մենք զիջում ենք որեւէ բան, իսկ դուք թողնում եք մեր երկրում «մեր ձեւով» ղեկավարենք:
Ղարաբաղյան հարցի կարգավորմանն անդրադառնալով` նախկին արտգործնախարարը համոզմունք հայտնեց, որ Մինսկի խմբի ձեւաչափը վերջին մի քանի տարիներին չի գործում, կա միայն եռանախագահների մաքոքային քաղաքականությունը` երեքով ինչ-որ բան են որոշում եւ հրամցնում հակամարտող կողմերին: Ավելին, նախկին արտգործնախարարը համոզված է, որ Մինսկի խմբի սպառումը բերել է նրան, որ ինչ-որ այլ ֆորմատներ փնտրվեն: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից սկզբունքների հրապարակումն ու եռանախագահների հայտարարությունը իրենց իսկ երեւակայության սպառման մասին նախկին նախարարը համարում է իր ասածի ապացույցն ու երկու երկրներին` հատկապես Հայաստանին ներկայացված վերջնագիր: «Այսօր մեզ չի առաջարկվում մի բան, որի շուրջը կարելի է բանակցել: Իսկ առաջարկները մեզ համար անընդունելի են: Ըստ առաջարկների մենք տալիս ենք այն, ինչ ունենք եւ էլ ինչի՞ շուրջ բանակցենք», ասաց Ալեքսան Արզումանյանը: Նա նաեւ դեմ արտահայտվեց խնդրի կարգավորումը ՄԱԿ տեղափոխելուն` հավելելով, որ դա չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի շահերից:
Ղարաբաղյան խնդրի շուրջն առաջարկված լուծումը փուլային է, թե՞ փաթեթային, նախկին նախարարի համար կարեւոր չէ. «Հիմա այն փուլն է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերարտադրվել եւ գնի առաջ չեն կանգնի, կփորձեն դա (նկատի ունի խնդրի համար առաջարկված լուծումը-Գ. Գ.) ծառայեցնել իրենց շահերին»:
Այս ամսվա վերջին Մինսկում նախատեսվող Քոչարյան-Ալիեւ հանդիպումից Ալեքսան Արզումանյանն այնքանով ակնկալիք ունի, որքանով որ «ինչ-որ համաձայնության իմիտացիա պիտի լինի, Ռամբույեն չի կարող կրկնվել, Քոչարյանը պարտավոր է ինչ-որ համաձայնության գալ»: Իսկ թե որքանով ակնկալելի այդ առաջխաղացումը մեզ համար դրական կլինի, նախկին նախարարը դժվարացավ ասել: Ավելին, նա համոզմունք հայտնեց, որ «ըստ էության դեռեւս Փարիզում համաձայնությունը կայացել է, մնում է վերջնական ձեւակերպումը»:
Ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում նաեւ Ալեքսան Արզումանյանը կարեւորեց այս իշխանությունների հեռացումն ու օրինական իշխանությունների ստեղծումը: «Մի քիչ բանակցում ենք, սպասում ընտրություններին: Հետո այդպես կարելի է այնքան սպասել, մինչեւ Քոչարյանի թոռը նախագահ դառնա», դժգոհեց Արզումանյանը: «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից լինելով` Ալեքսան Արզումանյանն անհանդուրժելի համարեց հերթական ընտրությունների անցկացումը, քանի որ վստահ է, որ այդպիսով անհնար կլինի օրինական իշխանության ձեւավորումը: Նախկին նախարարը նշեց, որ պետք է անհնազանդություն ցուցաբերել, «լայն ճակատով պահանջել նախագահի հրաժարականը», որից հետո կկազմակերպվեն օրինական իշխանություններ: Ալեքսան Արզումանյանը հայտնեց, որ եթե հերթական ընտրություններ լինեն, ինքը չի մասնակցելու «պետության կազմակերպած հերթական ֆարսին»: Նա կոչ արեց բնակչությանը հանգիստ չնստել եւ չհանդուրժել հերթական անօրինական ընտրությունների անցկացումը, այլ միանալ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմանը եւ պայքարել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ