Հայաստանում սերտիֆիկացված, էկոլոգիապես մաքուր սնունդ չկա, բայց գովազդվում է
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը մայիսին դիմել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին` նշելով գովազդի օրենքի բազմաթիվ խախտումներ: Պատասխանել են, որ ամեն ինչ կարգին է, որ վերջին մեկ տարում գովազդի մասին օրենսդրության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել: Որեւէ բան շտկելու նախաձեռնություն չի ցուցաբերվել, եւ կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը երեկ որոշել էր լրագրողներին ներկայացնել այն ամենը, ինչին ամեն օր ականատես ենք բոլորս բազմաթիվ հեռուստաալիքներով:
Երբ նայում ես հայկական գովազդները, հաճախ այն տպավորությունն ես ստանում, որ գովազդ պատրաստող ֆիրմաներում հայերենի իմացությամբ մասնագետներ, որպես կանոն, բացակայում են, կամ էլ դրանց ներգրավումը գովազդ պատրաստելու աշխատանքներին ավելորդ ծախս ու շռայլություն է համարվում: Շատ հաճախ ռուսական շեշտն ու առոգանությունը, փողոցային բառ ու բանը ժարգոնի տեսքով ուղղակի մտնում է եթեր, ոճական, քերականական սխալներով բառերն ու արտահայտությունները ցավ են պատճառում հայերենի հանդեպ իմիջիայլոց, արհամարհական վերաբերմունքի պատճառով:
Ապավինելով հեռուստադիտողների դյուրահավատությանը, բազմիցս գովազդվում է, որ այս կամ այն սննդամթերքն էկոլոգիապես մաքուր է: Աբգար Եղոյանը հայտարարեց, որ «էկոլոգիապես մաքուր սնունդ արտահայտությունն ակնհայտ սուտ է, քանի որ Հայաստանում դեռեւս գոյություն չունի սերտիֆիկացված, էկոլոգիապես մաքուր (բիո, օրգանիկ) սննդամթերք»:
Առանց հայերեն մակնշումների նորածիններին հասցեագրված HiPP թեյերի վնասակարության մասին արդեն զգուշացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում: Այդ ֆիրմայի մանկական սնունդն օր ու գիշեր գովազդվում է եթերում:
Գովազդի մասին օրենքն արգելում է ալկոհոլային թունդ (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի տոկոս) խմիչքների գովազդը: Մեր հեռուստաալիքներով հաճախակի գովազդվում է թունդ ալկոհոլային խմիչքի ապրանքանիշը, որ հոգեբանական նույն ներգործությունն ունի, ինչ խմիչքի գովազդը:
Կազմակերպությունը նաեւ բազմաթիվ բողոքներ է ստանում սպառողներից, որ ռուսական հեռուստաալիքների գովազդային դադարների ընթացքում ցուցադրվող հայկական գովազդների տեւողությունը շատ հաճախ շատ ավելի երկար է ռուսական գովազդների տեւողությունից, եւ արդյունքում` ռուսական հաղորդումներն ու ֆիլմերն ուշ են միացվում:
Հետաքրքրական է, եթե հանձնաժողովը երբեւէ մոնիտորինգ է անցկացրել, ի՞նչ թերություններ ու առավելություններ է բացահայտել հայկական եթերում: Եվ ինչու չեն հրապարակվում այդ ուսումնասիրությունների արդյունքները, եթե երբեւէ իրականացվել են:
Ո՞վ է ի վերջո, վնասակար խրախճանքի դեմն առնելու:
Սպառողների իրավունքների պաշտպանության միությունն առաջարկում է փոփոխություններ կատարել գովազդի օրենքում, որպեսզի մշակվեն ավելի գործուն մեխանիզմներ օրենքի պահանջներն արհամարհողների դեմ:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ