«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2006-11-16 | #220, 2006-11-17 | #221, 2006-11-18


ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳՈՒՄԱՐԸ ԿՓՈԽԱՆՑԵՆ ՌՈՒԲԼՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄՈՎ

Նոր ծառայություն է առաջարկում «Յունիստրիմ» համակարգը

«Յունիստրիմ» փոխանցումների համակարգն առաջարկում է նոր ծառայություն, որը կհետաքրքրի Հայաստանի բնակչության այն հատվածին, որը հարազատներ ունի Ռուսաստանում եւ այնտեղից դրամական փոխանցումներ է ստանում: Համակարգն արդեն սկսել է Ռուսաստանից փոխանցված ռուսական ռուբլին կամ այլ արժույթը Հայաստանի սպառողին հայկական դրամով տրամադրելու ծառայության մատուցումը: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ հաղորդեցին հայկական «Յունիբանկի» եւ մոսկովյան «Յունիաստրում» բանկի բաժնետեր Գագիկ Զաքարյանը եւ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նոր ծառայությունը, ելույթ ունեցողների բնորոշմամբ, շատ հարմար է ինչպես բանկի, այնպես էլ փոխանցողների եւ ստացողների համար: Գումարը փոխանցողը, որ հիմնականում իր եկամուտը ստանում է ռուսական ռուբլով, հարկադրված չի լինի այն փոխանակել դոլարով, իսկ ստացողըՙ դոլարը դրամով: Փոխանակման ընթացքում երկու կողմն էլ կորցնում են: Բացի այդ, փոխանակումը կատարվում է առանց միջնորդավճարի: Այս հանգամանքը «Յունիբանկի» վարչության նախագահ Վարդան Աթոյանը բացատրեց այն հանգամանքով, որ բանկն իր եկամուտը կստանա փոխանակման ժամանակ, եւ դա հնարավորություն կտա աշխատելու 0 տոկոս միջնորդավճարով, ինչպես նաեւ նվազեցնել կանխիկ դոլարի գնումը, քանի որ Կենտրոնական բանկը դրամն այդ դեպքում տրամադրում է դարձյալ 0 տոկոսով: Ռուբլուց կամ արժույթից դրամի փոխանակումը բանկը կկատարի շուկայական փոխարժեքով: Նոր ծառայությունը, բացի շահավետ լինելուց, նաեւ պարզեցված է:

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը դրամական այս փոխանցման նպատակահարմարությունը կարեւորելով, ընդգծեց այն հանգամանքը, որ սա նաեւ միջոց է ուղղված Հայաստանում դոլարացման նվազեցմանը:

Գագիկ Զաքարյանը տեղեկացրեց, որ դրամական փոխանցումների այս համակարգը նորույթ է նաեւ Ռուսաստանի համար: Բանկն այժմ ծրագրում է ռուբլու փոխանակմամբ ազգային արժույթների փոխանցումներ նաեւ Ուկրաինայի, Ղազախստանի եւ Կիրգիզիայի հետ:

Դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների մասին խոսելով, Վարդան Աթոյանը հայտնեց, որ միայն «Յունիստրիմ» համակարգով այդ փոխանցումները նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել են 313 մլն դոլար, իսկ միայն նոյեմբերին փոխանցվել է եւս 25 մլն դոլար: Ասվածին ավելացնելով, Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ 2005 թ.-ին մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստան է մուտք գործել 900 մլն դոլար: Դրանց 70 տոկոսը ուղարկվել է Ռուսաստանից, 25 տոկոսըՙ ԱՄՆ-ից, 5 տոկոսըՙ այլ երկրներից: Այս տարի ակնկալվում է, որ մասնավոր փոխանցումների ծավալը կավելանա 30 տոկոսով, բայց ըստ երկրների համամասնությունը կպահպանվի:

Տեղեկացնելով, որ մամուլի ասուլիսը հրավիրված է «Յունիբանկի» գործունեության հնգամյակի կապակցությամբ, Գագիկ Զաքարյանն ասաց, որ բանկի 4 մլրդ դրամ կազմող կանոնադիր կապիտալը մինչեւ տարեվերջ կկրկնապատկվի: «Յունիբանկը», ըստ նրա հիմնական բաժնետիրոջ, առաջատարն է Հայաստանում հիպոթեկային վարկերի տրամադրման առումով եւ ծրագրում է ապագայում ավելացնել դրանց ծավալները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4