«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2006-11-16 | #220, 2006-11-17 | #221, 2006-11-18


ԲԱՑ ԵՐԿՏՈՂ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՈՉ ՀԵՌՈՒ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ

«Գրական թերթի» սույն տարվա թիվ 32-ում դուք հրապարակել եք համառոտ մի թռուցիկ, որտեղ մեղադրում եք անանուն քննադատներին 1937 չարաբաստիկ թվականի քննադատության ոգին եւ «կերպը» վերականգնելում: Քաղաքացիական ձեր այդ կեցվածքը կարող էր լինել շահեկան, եթե չլիներ ոչ երկրորդական մի հանգամանք:

1937 թվականից երեսուն տարի անց դուք միջնադարյան ինկվիզիցիայի ոգով եւ «կերպով» ստանձնել էիք տխրահռչակ «քննարկման» հիմնական զեկուցողի դերը, նպատակ ունենալով ոչնչացնել հայ գրականության կոթողներից մեկը` «Այրվող այգեստաններ» վեպը եւ նրա հեղինակին` Գուրգեն Մահարուն: Ձեր նպատակին դուք հասաք մասամբ:

Մենք կորցրինք հեղինակին, բայց ահա օրերս նշվեց վեպի հրապարակման 40-ամյակը:

Չարժե դիմել ձեր մասնագիտական կամ մարդկային խղճին: Ինչպես 1967 թվականի կախյալ, այնպես էլ մեր անկախ ժամանակներում ձեր մեջ կաղապարված է այն մտայնությունը, թե ձեզանով է պայմանավորված ինչպես սոցռեալիզմի, այնպես էլ արդի հայ գրականագիտական միտքը:

Հ. Գ.- Երկտողս չուղարկվեց խմբագրություն` «մաքուր» մնալու ներքին ինքնապաշտպանական ցանկությամբ, չէր էլ ուղարկվի, եթե նույն «Գրական թերթում» չտպագրվեր ձեր ծավալուն հոդվածը այս անգամ հայտնի հասցեով: Չեմ ուզում խառնվել բանավեճին, եթե գրական այդ մակարդակը կարելի է անվանել բանավեճ, բայց ինձ զարմացրեց ձեր ցինիզմը: Հոդվածում դուք համարձակվում եք, ի շարս այլ գրքերի, խոսել «Այրվող այգեստանների» աուդոտաֆեի մասին, կարծես վստահ լինելով գրական նոսրացած միջավայրի մանկուրդության վրա: Բայց գրականության պատմությունում արձանագրված է, եւ ես մի անգամ էլ բարձրաձայնում եմ, որ «Այրվող այգեստաններ» վեպի գլխավոր ինկվիզիտորն ուրիշ մարդ չէր, այլ մոտակա ապագայում գուցե եւ ակադեմիկոս Գառնիկ Անանյանը:

Այստեղ էին հները բացականչում` ով դարք, ով բարք..

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4