Ամեն տարի «Մասաչուսեթսի գրքի կենտրոնը», որը Կոնգրեսի գրադարանի մասնաճյուղերից է, մրցանակներ է շնորհում գեղարվեստական եւ ոչ-գեղարվեստական ստեղծագործությունների համար, որոնք առնչվում են տեղական կյանքին:
Այս տարի առաջին անգամ այդ մրցանակը շնորհվել է առեղծվածային թրիլլեր ժանրի գեղարվեստական մի պատումի, որի հեղինակը հայազգի գրող Գարի Կոշկարյանն է: Նա սովորաբար հանդես է գալիս Գարի Բրեյվր ծածկանվամբ: Անգլերեն լեզվի դասախոս է, եւ իր այս վեցերորդ` «Flashback» («Հետադարձ հայացք») վերնագրված գիրքը նվիրել է մորաքրոջ Նեմզար Մկրտչյանին, որը ցնորամտությունից մահացել է մի քանի տարի առաջ:
«Ֆորջ բուքսի» կողմից հրատարակված գիրքը բարձր է գնահատել «Փաբլիշրզ ուիքլի» թերթը, որն այն անվանել է «բժշկական թեմայով գրված բացառիկ թրիլլեր»: Իսկ մրցանակը շնորհող հանձնախումբը միաձայն եկել է այն եզրակացության, որ «դինամիկորեն զարգացող եւ հետաքրքրաշարժ սյուժեով այս առեղծվածային սպանությունների հատորը, որի գործողությունները Մասաչուսեթսում են տեղի ունենում, խորամուխ է լինում բարոյա-հոգեբանական խնդիրների մեջ, եւ վարպետորեն հյուսում է մեքենայությունների մի ցանց` կապված Ալցհայմերի հիվանդության առաջն առնող դեղամիջոց գտնելու եւ այդ բիզնեսից շահույթ ստանալու հետ»: Հանձնախմբի անդամները նշել են, որ «թեման չափազանց այժմեական է, գործող անձինք` իրական, ծավալվող գործողությունները` գրավիչ»:
Մրցանակը հեղինակին է շնորհվել Լենոքսի (Մասաչուսեթս) քաղաքապետարանում հոկտեմբերի 15-ին:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ