Ֆրանսահայոց մշակութային միության ընդհանուր ժողովը հոկտեմբերի վերջին միության նախագահի պաշտոնում վերահաստատեց Էդմոն Յանեկյանին, իսկ պատվո նախագահ ընտրեց նշանավոր հայագետ, պրոֆեսոր Ժան-Պիեռ Մահեին: Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ Ժան-Պիեռ Մահեն նաեւ պարգեւատրվել է մայրաքաղաքի 9-րդ շրջանի քաղաքապետարանի մեդալով: Իր ելույթում պրոֆեսոր Մահեն, որը 2001 թվականից Ֆրանսիայի գրականության ակադեմիայի անդամ է, անդրադարձել է գլխավորապես իր հայագիտական հետազոտություններին եւ հայ գրականության կարեւոր նմուշների թարգմանություններին:
Իր հերթին Էդմոն Յանեկյանն ասել է, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Ժան-Պիեռ Մահեն օժանդակել է Լուվրի թանգարանում «Armenia Sacra» ցուցահանդեսի եւ Մարսելում «Հայաստան, գրքի թովչանքը» թեմայով ցուցադրության կազմակերպմանը: Ընդսմին տիկին Աննի Մահեն աջակցում է ամուսնու բոլոր նախաձեռնություններին:
Մեդալն ստանալուց հետո Ժան-Պիեռ Մահեն իր շնորհակալական խոսքն է ասել հայերենով, ելույթի վերջում մաղթելով ֆրանս-հայկական հարաբերությունների եւ բարեկամության հարատեւություն:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում պրոֆեսորին խորին երախտագիտություն է հայտնել նրա վաստակավոր գոծունեության համար:
Պ. Ք.