«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2006-11-16 | #220, 2006-11-17 | #221, 2006-11-18


«ՆՌԱՆ ՀԱՏԻԿ»-Ը ՎԵՑԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Երեկ Հայաստանի ժուռնալիստի տանը տեղի ունեցավ «Նռան հատիկ-2006» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնին նվիրված մամուլի ասուլիս: Փառատոնը ստեղծվել է 2000 թ. եւ անցկացվում է արդեն 6 տարի: Փառատոնը կազմակերպել են «Նախաբեմ» մշակութային միությունը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը` ՀՀ կառավարության օժանդակությամբ:

Փառատոնը կազմակերպելու մտահղացումը Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն, «Նռան հատիկ»-ի կազմկոմիտեի անդամ Հասմիկ Կարապետյանինն է, ով գտնում է, որ փառատոնի նպատակը գեղագիտական որակներ ունեցող երեխաների դաստիարակությամբ զբաղվելն է, մշակույթը մայրաքաղաքից դեպի մարզեր տանելը, լավ արվեստագետ եւ լավ հանդիսատես դաստիարակելը:

Փառատոնն անց է կացվում երկու փուլով, առաջինը` մարզերում, ապրիլ-հուլիսին, երկրորդը` Երեւանում նոյեմբերի 20-30-ը: Մասնակցել են 22 թատերախմբեր Հայաստանի մարզերից, մայրաքաղաքից եւ ԼՂՀ-ից, որոնցից 15 լավագույն թատերախմբերը հանդես կգան երեւանյան բեմահարթակում:

Առաջին անգամ մասնակցում է Գյումրին, այն էլ երկու թատերախմբով, իսկ այս տարի չի մասնակցում Լոռու մարզը` չնայած, որ ամենամյա մասնակից էր:

«Նախաբեմ» կրթամշակութային միության պատվավոր նախագահ Երվանդ Մանարյանը ասաց. «Մեր պատմության նոր շրջանում բացառիկ դեպքերից է, որ վեցերորդ անգամ նույն ձեռնարկը կրկնվում է»: Փառատոնը մրցութային չէ, բայց որպես խրախուսական մրցանակ բոլոր թատերախմբերին տրվում է «Թռիչք» արձանիկներ: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, դրամատուրգ Կարինե Խոդիկյանն առաջարկեց, որ հաջորդ տարի եզրափակիչ փուլն անցկացվի մարզերում:

Ողջ միջոցառման համար 2006 թ. պետբյուջեից հատկացվել է 2 մլն դրամ:

Բացումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` ժամը 13-ին, Համազգայինի թատրոնում:

ՆՈՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4