«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2006-11-16 | #220, 2006-11-17 | #221, 2006-11-18


ԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ, ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԻԱՅՆ ԴՈԿՏՈՐՆԵՐ

Հետբուհական կրթության մասին խոսելիս մեր հասարակության մեջ ամենից շատ շեշտվում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին ասպիրանտուրական կրթության ձգտող տղաների միակ փափագը զինվորական ծառայությունից ազատվելն է, ինչի համար նրանց ծնողները դիմում են ամեն զոհողության: Աղջիկների պարագայում կարեւոր դեր ունի գիտական ժառանգականությունըՙ եթե հայրդ, քեռիդ կամ մեկ այլ ազգականդ գիտնականներ չեն, ուրեմն մոռացիր ասպիրանտուրայի կամ թեկնածուականի մասին ու մի փորձիր հպարտանալ անգամ իմացածդ հնագույն լեզվով: Այդպես տարեցտարի հետբուհական կրթությունը կորցրեց իր նախկին վարկը, որովհետեւ վաճառքի հանվեցին գիտության թեկնածուի ու դոկտորի կոչումներըՙ առաջինը կարելի է գնել 4-5 հազար դոլարով, երկրորդըՙ 5-10 հազարով, ըստ գիտության ոլորտում շրջանառվող խոսակցությունների: Վճարիր ու ներկայացիր միայն պաշտպանության օրըՙ վերջում էլ ճոխ բանկետի սեղան գցիր, հանձնաժողովի անդամներին շռայլ նվերներ բաժանելով, ինչքան թանկարժեք, այնքան էլ բարեբեր քո հետագա առաջխաղացման համար, քանի որ առանց այդ կոչումների միջազգային դրամաշնորհներից օգտվելու հնար գրեթե չկա: Ու եթե մի օր լսեք, որ գիտությունների թեկնածուի կոչում է ստացել բուհը մի կերպ ավարտած ձեր թաղապետը, ծանոթն ու բարեկամը, մի զարմացեք, այլ մտածեք, թե ի՞նչ գներ են մեզանում շուտով սահմանվելու անգլերեն TOEFL, գերմաներեն Test Daf եւ ֆրանսերեն TCF քննությունների համար, քանի որ ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգի համաձայն, դիմորդը պարտավոր է օտար լեզվի քննությունը հանձնել բուհի վերջին կուրսում:

Կրթության նախարարությունում երեկ հրավիրված ասուլիսում Արա Ավետիսյանը խոստացավ, որ «ընդունելության ժամանակ տղաների եւ աղջիկների համար պայմանների տարբերություն չի լինելու: Մեզ անհրաժեշտ է գիտությունը համալրել անհրաժեշտ գիտելիքներով զինված որակյալ կադրերով, այնպես որ սա անում ենք, որպեսզի մեր գիտությունը ստանա կադրային այն հումքը, որն անհրաժեշտ է գիտության մեջ զարգացումներ ապահովելու համար: Հակառակ դեպքում վիճակը կմնա ոչ գոհացուցիչ»:

Իսկ ի՞նչ է լինելու թեկնածուների հետ, որոնց տրված գիտական կոչումը դառնում է «ավելորդ» մի բան հետբուհական միջազգային եռաստիճան կրթական համակարգին անցնելու պայմաններում, չէ որ մեր ազնվորեն պաշտպանած թեկնածուն հավասարազոր է դրսի դոկտորի աստիճանին, գուցե մի բան էլ ավելի: «Հայաստանում մինչեւ այժմ գործող ասպիրանտական համակարգը կբարեփոխվի ու համադրելի կդառնա աշխարհում գործող հետբուհական 3-րդ աստիճանիՙ դոկտորի հետ: Սա ոչ միայն չի բացառում եռաստիճան համակարգը, այլեւ անալիտիկ ձեւով հասնում է գիտական ավելի բարձր աստիճանների: Մինչեւ ամբողջ կառույցը վերջնական չսահմանենք, նախկին թեկնածուներին գնահատական տալու մասին խոսք լինել չի կարող», ասաց Ավետիսյանը:

Կնվազե՞ն կոռուպցիոն ռիսկերը հետբուհական համակարգում հարցինՙ «Որեւէ մեկը չի կարող բացառել, որ կան մարդիկ որոնք բանակից ազատվելու համար ձեւական գիտական աստիճանի են ձգտում»:

Իսկ որտեղի՞ց են ծնվում 4-5 հազար դոլարով ասպիրանտուրա ընդունվելու, թեկնածուական պաշտպանելու, 5-10 հազարով դոկտոր դառնալու խոսակցությունները: «Տվողներից պարզեք, թե ո՞ւմ են տվել, ինչի՞ համար եւ դրանից հետո իրենք ի՞նչ են դառնալու: Ես հարցը կոռեկտ չեմ համարում, ուղղակի գիտություն այդպես չեն մտնում եւ այդպես գիտություն չեն անում: Այս կարգը հենց միտված է ասպիրանտուրական կրթությունն այդ ռիսկերից զերծ պահելուն, որպեսզի այդ կարգի խոսակցություններն ավելի պակասեն»:

Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի գիտության եւ հետբուհական կրթության վարչության պետ Արամ Քոսյանը նշեց, որ ընդունելության կարգում «որեւէ նոր բան չկա, նորը միայն ծրագրերն են: Մինչեւ հիմա ընդունվում էին մեր տեղական ծրագրերով, այսուհետեւՙ միջազգայինով: Քննություններից առաջ 1-2 ամիս նրանք կպատրաստվեն նախապատրաստական դասընթացներում: Մյուս նորությունն այն է, որ նախկինում օտար լեզվի եւ ինֆորմատիկայի քննությունները հանձնում էին հունիսի սկզբին, իսկ հիմա բուհի վերջին կուրսում»:

Այնպես որ, հետբուհական կրթության գլխավոր նորությունն առայժմ այն է, որ շուտով կունենանք խելքից դուրս թվով դոկտորներ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4