Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընթացիկ մրցաշրջանում խաղում էր Ռուսաստանի Դաշնության առաջնության առաջին դիվիզիոնում հանդես եկող մերձմոսկովյան «Խիմկիում»: Փորձառու դարպասապահը դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկըՙ մեծ ներդրում ունենալով Պրեմիեր լիգայի ուղեգրի նվաճման գործում: Բերեզովսկին դեռեւս գարնանը կանխագուշակել էր, որ թեեւ թիմի կազմի զգալի փոփոխություններին, «Խիմկին» ի վիճակի է Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել: Ռուսական «Սպորտ էքսպրես» թերթում հարցազրույց է տպագրվել Ռոման Բերեզովսկու հետ, որը ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:
- Երբ թիմում հավաքվում են ֆուտբոլային պայքարի բովում թրծված փորձառու ֆուտբոլիստներ, այլ խնդիր, քան մրցաշարի հաղթող դառնալը, թիմի առջեւ չպետք է դրվի: Մեզանից յուրաքանչյուրը վստահ էր թիմի վերջնական հաջողությունում, սակայն այդ մասին բարձրաձայն նույնիսկ միմյանց չէինք ասում, որպեսզի ճակատագրին «չխրտնեցնենք»: Հաջողությանը հավատում էինք նաեւ մրցաշարի մեկնարկում, թեեւ դժվարությամբ ռիթմի մեջ մտանք: Նախապատրաստական շրջանում լուրջ մրցակիցների հետ ստուգողական հանդիպումներ քիչ էինք անցկացրել եւ դա խանգարում էր ռեալ գնահատել մեր հնարավորությունները: Սակայն շուտով ամեն ինչ տեղն ընկավ եւ թիմն սկսեց վերելքով հանդես գալ:
- Ինչպիսի՞ նպատակներ էիք հետապնդումՙ պայմանագիր կնքելով «Խիմկիի» հետ. լավ վաստակե՞լ, մնա՞լ Մոսկվայում, վերադառնա՞լ Պրեմիեր լիգա, թե՞ արժանավայել ավարտել ֆուտբոլային գործունեությունը:
- Այն ինչ թվարկեցիքՙ բացառությամբ վերջինի: Ուժերս տեղն են, ուստի ապագայում ելույթներս ավարտել չեմ պատրաստվում: Նաեւ շատ էի ցանկանում խաղալ Անդրեյ Տիխոնովի եւ Վլադիմիր Բեսչաստնու հետ: Ինձ վաղուց էր դուր գալիս սպարտակյան ոճը, երազում էի հանդես գալ նման խաղաոճ ունեցող թիմում: «Խիմկիում» նման հնարավորություն ունեցա:
- «Զենիթից», «Տորպեդոյից» եւ «Դինամոյից» հետո «Խիմկի» տեղափոխվելն արդյոք հետընթաց քայլ չէ՞ր:
- Սկզբնական շրջանում նույնիսկ թիմի անվանումն ինձ համար տարօրինակ էր: Սակայն ընթացքում հասկացա, որ հենց նման թիմերում քո փորձով կարող ես նպաստել փոքրիկ քաղաքներում ֆուտբոլի զարգացմանը: Օրինակ, վերջերս պարգեւատրելով մեր պատանեկան թիմի ֆուտբոլիստներին, տեսնել էր պետք, թե մեզ հետ շփվելուց ինչպես էին փայլատակում նրանց աչքերը: Հասկացանք, որ մեր հաջողությամբ եւս այդ տղաների համար ինչ-որ բան ենք արել: Կարող եմ ասել, որ «Խիմկիում» թիմի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պակաս չէ, քան այլ մարզային կենտրոններում:
- Դուք «Խիմկիում» միակ անվանի ֆուտբոլիստն էիք, որ Պրեմիեր լիգայի թիմից էիք տեղափոխվել: Զգացի՞ք տարբերությունը բարձրագույն եւ առաջին դիվիզիոնների միջեւ:
- Իսկույն նկատեցի, որ առաջին դիվիզիոնում եւ խաղադաշտերի որակն էր ավելի ցածր եւ չնչին բացառությամբ, տրիբունաներում հանդիսականների քանակն ավելի քիչ էր: Միայն Կրասնոդարում ու Բելգորոդում էին մեր թիմի հետ հանդիպումներում մեծ թվով հանդիսականներ հավաքվել: Ինչ խոսք, առաջին դիվիզիոնում ֆուտբոլի խաղամակարդակն ու արագություններն ավելի ցածր են: Սկզբում թվում էր, թե հեշտ կլինի այնտեղ խաղալը: Սակայն խաղերի մեկնելիս մշտապես հազարավոր կիլոմետրեր հաղթահարելու արդյունքում մրցաշարի վերջնագծում ֆուտբոլիստների հոգեկան եւ ֆիզիկական հոգնածությունն զգալ էր տալիս: Դրան գումարեք նաեւ այն, որ հարկ էր լինում խոտածածկով մարզադաշտերից հետո հանդես գալ արհեստական խոտածածկով մարզադաշտում, որին այնքան էլ արագ չհարմարվեցինք: Արժանին պետք է մատուցել թիմի բժշկական անձնակազմին, որը վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին արագորեն շարք էր վերադարձնում:
- Բացի կազմի ճիշտ ընտրությունից, նաեւ ի՞նչը նպաստեց «Խիմկիի» հաջողությանը:
- Սկսեմ ուսումնամարզական հավաքների անցկացման վայրի հաջող ընտրությունից: Խորվաթիայում պատրաստվում էինք հանգիստ պայմաններում, մեր գլխավոր հակառակորդներից ոչ ոք մեր կողքին չէր: Ակումբի ղեկավարությունը, մարզչական կազմն էլ մրցաշրջանի ընթացքում կրքերը չէին բորբոքում, կոչերով չէին առաջնորդվում, այլ կոլեկտիվում գործնական մթնոլորտ էին ստեղծել, ինչը եւս նպաստեց հաջողությանը:
- Ուղեգրի նվաճման ճանապարհին եղա՞վ կրիտիկական պահ:
- Կասեի ոչ թե կրիտիկական, այլ վճռորոշ: Դա մեզ կրնկակոխ հետապնդող «Ուրալից» պարտությունն էր Եկատերինբուրգում: Վախենում էի, որ այդ անհաջողությունից հետո թիմը հնարավոր է տեղի տա: Բարեբախտաբար, նման բան տեղի չունեցավ: Վստահ անցկացրինք առաջնության վերջնագիծըՙ հաղթելով ավարտական վեց խաղերում:
- Ե՞րբ վերջնականապես հավատացիք հաջողությանը:
- Առաջին շրջանից հետո, երբ թիմը հարմարվեց մեր խաղադաշտի արհեստական ծածկին: Զգացի, որ հաջողությունը ձեռքներիցս բաց չենք թողնի: Երկրորդ շրջանում սեփական հարկի տակ հաղթեցինք բոլոր մրցակիցներին, այդ թվում գլխավոր հակառակորդ «Կուբանին»:
- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են «Խիմկիի» հեռանկարները Պրեմիեր լիգայում:
Լավ: Ինչ խոսք, թիմի փորձառու ֆուտբոլիստներն իրենց դիրքերը չեն զիջի: Իսկ երիտասարդների համար այս մրցաշրջանն առաջընթացի համար յուրօրինակ ոստնակ հանդիսացավ: Երիտասարդները թրծվեցին, փորձ ձեռք բերեցին եւ զգալիորեն առաջադիմեցին: Այնպես որ Պրեմիեր լիգայի համար թիմը հիմնականում արդեն ձեւավորվել է: