28 տարեկան Զավեն Գուրգենի Ռամազյանը արդեն 12 տարի որպես պատանդ պահվում է բաքվեցի կապիտան Ռամիզ Հուսեյնովի մոտ: Սարսափելի այս պատմությունը պատահել է մեր նորօրյա պատմության ամենատխուր տարիներին: «Ազգ»-ի խմբագրությունում նստած տղայի մայրը` Արաքսյա Ավետիսյանը լացակումած պատմում է. «1994 թ. փետրվարի 1-ին, առավոտյան ժամը 8.30-ին երկու անհայտ անձինք տղայիս` 15 տարեկան Զավեն Գուրգենի Ռամազյանին դուրս կանչեցին եւ տարան անհայտ ուղղությամբ»: Դեպքից յոթ օր անց, կնոջ պատմելով, ինքն ահազանգ է ստանում Մառնեուլից` բաքվեցի թուրք կապիտան Ռամիզ Հուսեյնովից, որն ասում է, թե 15-ամյա պատանին իր մոտ է: Թուրք կապիտանը տղայի մորից պահանջում է գտնել Հայաստանում ղարաբաղյան պատերազմի տարիներին գերի ընկած իր եղբորը, որի դիմաց ինքը կվերադարձնի պատանուն: Տկն Արաքսյան սակայն պարզում է, որ թուրքի եղբայրը մահացել է պատերազմի ժամանակ:
Վանաձորում ապրող դժբախտ կինը, իր խոսքերով, փորձել է ոստիկանության միջոցով գտնել եւ հետ բերել իր տղային, սակայն տարբեր պատճառներով ձախողվել է: Տկն Արաքսյան վաճառել է անգամ Վանաձորի Չուխաջյան փողոցում գտնվող իր բնակարանը. «Երեխաս կենդանի է, բայց ես տուն-տեղ ծախել եմ, գումար չունեմ եւ չեմ կարող օգնել, անզոր եմ»:
Թուրք կապիտան Ռամիզ Հուսեյնովը պարբերաբար զանգել է տիկնոջը եւ որոշ մարդկանց միջոցով կապվել նրա հետ` պահանջելով 6 հազար դոլար տալ տղայի ազատման դիմաց: Սակայն Վանաձորի քաղաքապետարանի տրամադրած տնակի մեջ ապրող թոշակառու կինը անգամ «մի կոպեկ չունի»: Վերջին անգամ թուրքը օրեր առաջ է կապվել կնոջ հետ եւ վերջնագիր ներկայացրել` եթե մինչեւ ամսվա վերջ չտա պահանջված վեց հազար դոլարը, այլեւս չի տեսնի իր որդուն: Տիկնոջ տվյալներով, իր շնորհալի որդին, որ երգում եւ դհոլ է նվագում, այժմ այդ թուրքի համար աշխատում է Ադրբեջանի նավթի հանքերում:
«Ես այժմ գտնվում եմ անելանելի վիճակում. չէ՞ որ երեխաս պետք է ծառայեր հայրենիքին, բայց գերության մեջ է` օգնություն խնդրելով իր անզոր եւ անօգնական մորից: Մի՞թե մի ամբողջ ժողովուրդ ու պետություն իրենց ղեկավարներով անճարակ են ինձ օգնության ձեռք մեկնելու: Ես սարսռում եմ», նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում գրել է տանջված մայրը: Հուսալով օգնություն գտնել` տկն Արաքսյան խնդրում է մեջբերել նախագահին ուղղված իր մայրական խնդրանքը. «Հարգելի նախագահ, Դուք էլ մայր ունեք եւ կհասկանաք, թե ինչ բան է մոր սիրտը, ինչ են նշանակում մայրական զգացմունքները, խնդրում եմ օգնեք ինձ»:
Ընդամենը 6 հազար դոլար արժե հայ երիտասարդի կյանքը, որն առանց խարխլելու այս իշխանությունների ունեցվածքը` կարող է վերջ դնել հայ մոր տանջանքներին եւ հայրենիք վերադարձնել իր որդուն: Իհարկե դա մեծ գումար չէ եւ, պատկերացրեք, փոխարենը որքան օրհնանք կստանան այն մարդիկ, ովքեր ձեռք կմեկնեն Արաքսյային եւ նրա որդուն:
Այս տարիներին տկն Արաքսյան բախել է բոլոր հնարավոր դռները, նամակներով դիմել է մեր պաշտոնյաներին եւ մնացել առանց աջակցության: Նրա ցավին անդրադարձել է հանրապետական եւ մարզային թերթերի զգալի մասը: Տկն Արաքսյան գերիների փոխանակման կամ վերադարձման համար դիմել է հայաստանյան Կարմիր խաչին, սակայն նրան ասել են, որ չեն կարող օգնել, քանի որ տիկնոջ որդին գրանցված չէ Ադրբեջանի Կարմիր մահիկում: Մեկ օր առաջ տկն Արաքսյան կրկին կապվեց մեզ հետ եւ ասաց, որ թուրք ոստիկանը նորից զանգել է իրեն եւ սպառնացել: Իսկ որդին էլ մարդ է ուղարկել նրա միջոցով` խնդրելով մորը անպայման գտնել այդ գումարը:
Մինչեւ նոյեմբերի վերջ հաշված օրեր են մնացել: Զավեն Ռամազյանին վերադարձնելու համար օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արդշինինվեստ» բանկում բացված 247 170 000 001 հաշվեհամարին:
Գ. Գ.