«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2006-11-17 | #221, 2006-11-18 | #222, 2006-11-21


ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԵՂԾՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԽԵԹՈՒՄ

Վրաստանի գինեգործական բացառիկ եւ երկրում խոշորագույն գործարաններից մեկում, որ պատկանում է վրաց-իտալական գինեգործական «Բադագոնի» ընկերությանը, Վրաստանի գյուղատնտեսության նախարարության փորձագետները բացահայտել են սինթետիկ ներկերով, նաեւ ցածր թնդություն ունեցող գինու պաշարներ: Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրի գյուղնախարար Պետրե Ցիսկարիշվիլու մատուցմամբ, «Բադագոնի» գործարանում փակվել են երկու պահեստավորման արտադրամասեր, սակայն գործարանն աշխատում է: Ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին ժխտում են գինու կեղծման եւ չափանիշներին չհամապատասխանելու տեղեկություններն, ընդգծելով, թե այդ գործարանի գինու փորձաքննությունն անցկացվում է Իտալիայումՙ շաբաթը մեկ անգամ:

«Բադագոնի» վրաց-իտալական ընկերությունը հայտնել է վրացական տնտեսության մեջ իր հետագա ներդրումները դադարեցնելու մասին: Գործարանի տնօրեն Պաատա Դարմելիայի հայտարարության համաձայն, բացի Վրաստանի Կախեթիայի շրջանում գինեգործության զարգացումից, ընկերությունը նպատակադրված էր նշանակալի ներդրումներ իրականացնել զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Սակայն վրացական իշխանական կառույցների գործողությունների պատճառով ընկերությունն առայժմ ձեռնպահ կմնա իր ծրագրերի իրագործումից: Ավելին, վրաց-իտալական ընկերության ղեկավարությունը պատրաստվում է դիմել դատարան` ֆինանսական ոստիկանության գործողությունների հետեւանքով ստացված նյութական եւ բարոյական վնասի հատուցման պահանջով: «Բագադոնի» գործարանի ղեկավարությունը գտնում է, որ տեղի ունեցածը սադրանք է` ընդդեմ Վրաստանում ներդրումների իրականացմանը, քանի որ արդեն իսկ 12 մլն եվրոյի ներդրումներ իրագործած ընկերությունը շահագրգռված չի կարող լինել կեղծումներով սեփական իմիջը վարկաբեկելու մեջ:

Նշենք, որ այս գործարանը բացվել է այս տարի հոկտեմբերի 25-ին, գինեգործական Կախեթի շրջանում: Տարեկան 3 մլն շիշ գինի արտադրելու արտադրողականություն ունեցող գործարանի արտադրանքում գինու այնպիսի տեսակներ են նշվում, ինչպիսին ենՙ «Կինձմարաուլի», «Սապերավի», «Ծինանդալի», «Ախաշենի», «Գուրջանի», «Վազիսուբանի» եւ այլն, որոնք արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, պետք է արտահանվեն Չինաստան, Ղազախստան, Կիրգիզիա, Ուկրաինա:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4