Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի
Վրաստանում հայ եւ ադրբեջանցի փոքրամասնություններով բնակեցված Սամցխե-Ջավախք եւ Քվեմո-Քարթլի տարածաշրջաններն, ըստ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ), դեռեւս Օսիայի եւ Աբխազիայի նման Վրաստանի տարածքային ամբողջականությանն սպառնացող վտանգ չեն, սակայն այս տարածքներում լարվածությունն ակնհայտ է: Միջազգային ճգնաժամային խմբի «Վրաստանի հայ եւ ադրբեջանցի փոքրամասնությունները» վերջին զեկույցն ուսումնասիրում է այս երկու համայնքների դժգոհությունները: Ըստ այդմ, ՄՃԽ-ի գնահատմամբ, Վրաստանի կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի երկրի էթնիկ ծագմամբ հայկական եւ ադրբեջանական տարածքներում հակամարտությունից խուսափելու համար:
ՄՃԽ զեկույցն արձանագրում է, որ Վրաստանի բնակչության 12 տոկոսը կազմող այս փոքրամասնությունների ինտեգրման ուղղությամբ առաջընթաց չկա, հայերն ու ադրբեջանցիները լավ չեն ներկայացված հանրային կյանքի որեւէ բնագավառում, հատկապես կառավարող օղակներում: Բացի այդ, այս ազգային փոքրամասնությունների եւ Թբիլիսիի երկխոսության պակասը սաստկացնում է խտրականության եւ օտարացման ընկալումները: «Թբիլիսին պետք է շատ ավելին անի, որ վստահություն ստեղծի եւ խրախուսի փոքրամասնություններինՙ լուծելու իրենց խնդիրները պետական կառույցների եւ ոչ թե փողոցի միջոցով», նշել է ՄՃԽ կովկասյան բաժանմունքի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա հետ այս զեկույցի եւ այլ հարցերի առնչությամբ «Ազգի» հարցազրույցը կներկայացնենք հաջորդ համարներից մեկում:
Ա. Հ.