«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2006-11-21 | #223, 2006-11-22 | #224, 2006-11-23


ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԵՄ-Ի ԿԻՊՐՈՍԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՊԱՀԱՆՋԻՆ

Եվրոմիությունում նախագահող Ֆինլանդիան, ինչպես նոյեմբերի 21-ի համարում նշել էր «Ազգը», մինչեւ դեկտեմբերի 6-ը Թուրքիայի նավահանգիստներն ու օդանավակայանները Կիպրոսի Հանրապետության առջեւ բացելու համար ժամկետ է տվել Անկարային: Մինչ եվրոպական առաջատար լրատվամիջոցները դա գնահատում էին իբրեւ վերջնագիր, ահա նոյեմբերի 21-ին ԵՄ-ի վերոհիշյալ պահանջներին հակազդեցությամբ արձագանքում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը:

Թուրքական հանրային հեռուստատեսության տվյալներով, Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, վարչապետ Էրդողանն արտգործնախարար Գյուլի, պետնախարար եւ գլխավոր բանակցող Ալի Բաբաջանի հետ Կիպրոսի հարցի առնչությամբ քննարկում է անցկացնում: Քննարկման ավարտին Էրդողանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասում է. «Մեր դիրքորոշումը հայտնի է: Երբ ներկայացված պահանջներն անընդունելի են լինում, ապա մենք ոչ մի դեպքում չենք ընդառաջի»:

Արտգործնախարար Գյուլը հավելել է նրան. «Այս կարգի հարցերը շանտաժով կամ վերջնաժամկետ նշանակելով չեն լուծվում: Այդ մասին խոսք լինել չի կարող: Թուրքիան կատարել է ԵՄ-ից ստանձնած պարտավորությունները, ժամանակն է, որ ԵՄ-ը կատարի Կիպրոսի թուրքերին տված խոստումը: Հետեւաբար շարունակվում են այս ուղղությամբ կատարվող աշխատանքները, դեռ շատ ժամանակ ունենք»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4