«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2006-11-21 | #223, 2006-11-22 | #224, 2006-11-23


ԱՔՉԱՄԻ «ԱՄՈԹԱԼԻ ԱՐԱՐՔ» ԳԻՐՔԸ` ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԻՐ ՀԱՅՐԵՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Տորոնտոյի «Զորյան ինստիտուտը» լույս է ընծայել պրոֆ. Թաներ Աքչամի նոր գիրքը, որի վերնագիրն է «Ամոթալի արարք: Հայկական ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության խնդիրը», հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 4-ի համարը:

Հեղինակը որպես իր նոր գրքի վերնագիր է ընտրել ժամանակակից թուրքական հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի խոսքերը, որ նա արտասանել է 1920 թվի ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանի փակ նիստի ժամանակ:

Գիրքն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել միջազգային մամուլի կողմից: Անգլիական հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսն իր հոկտեմբերի 21-27 համարում նշել է. «Ժամանակին գրված եւ խոր հետազոտությունների արդյունք այդ գիրքը վեր է հանում առնվազն երկու փաստ: Նախ, որ տեղահանությունների օտարազգի դիտորդներից (նրանց թվում են նաեւ գերմանացիներ եւ ավստրիացիներ, որոնք Թուրքիայի դաշնակիցներն էին) քանիսն են եզրակացրել, որ նպատակը ոչ թե տեղահանելն էր, այլ սպանելը, եւ երկրորդ, որ ինչու մինչեւ օրս պայմաններ չեն ստեղծվել Թուրքիայում ազատորեն քննարկելու այդ հարցը»:

Իսկ «Նյու Յորք թայմսում» Բելինդա Կուպերը գրել է. «(Աքչամը) այն հազվագյուտ գիտնականներից է, որ մարտահրավեր է նետում իր հայրենի Թուրքիայի համառ պնդումներին, թե հայերի կազմակերպված սպանդ տեղի չի ունեցել: Աքչամը առաջին թուրք մասնագետն է, որ հրապարակայնորեն օգտագործում է «ցեղասպանություն» բառը: Նրա գործը նոր ուղիներ է հարթում»:

Մյուս կողմից այս տարվա գրականության Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը արձանագրել է, որ «Ամոթալի արարքը» եզրափակիչ հաշվետվություն է օսմանյան հայերի կազմակերպված բնաջնջման մասին, գրված խիզախ թուրք գիտնականի կողմից, որն իր կյանքը նվիրել է (պատմական) իրադարձությունները գրի առնելուն: Պատմության ոչ մի հետագա քննարկում չի կարող անտեսել այս հոյակապ գիրքը»:

Թաներ Աքչամը գիրքը ձոնել է «բարեպաշտ թուրք մահմեդական Հաջի Հալիլի հիշատակին, որն իր կյանքը վտանգի ենթարկելով տեղահանության օրերին փրկել եւ ավելի քան վեց ամիս թաքցրել է մի հայ ընտանիքի անդամներին»:

Գրքի նախաբանում նա մանրամասնել է, որ Հաջի Հալիլի մասին առաջին անգամ լսել է «Զորյան ինստիտուտի» պրեզիդենտ Գուրգեն (Գրեգ) Սարգսյանից, երբ վերջինս Հայաստանում 1995 թվին տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ զեկուցել է, որ իր ընտանիքի 8 անդամներին Հաջի Հալիլը փրկել է մահվան ճիրաններից: Աքչամը ցնցվել է «չարությունը մարդասիրությամբ հաղթելու այդ յուրահատուկ օրինակից եւ մանավանդ այն փաստից, որ հայը ամբիոնից հրապարակայնորեն խիզախել էր գովաբանել մի թուրքի»: Նա եզրակացրել է, որ «նման հանդուգն քայլերը շարունակում են մատնացույց անել տարբեր որակի հարաբերությունների հնարավորությունը թուրքերի եւ հայերի միջեւ»:

«Զորյան ինստիտուտը» օժանդակել է գիրքն անգլերեն թարգմանելու գործում: Նախատեսվում է նաեւ հրատարակել գիրքը եբրայերենով, հայերենով եւ այլ լեզուներով:

«Ինչքան շատ նման գրքեր հրապարակվեն, այնքան ավելի լավ կիրազեկվեն թուրքերը եւ կկարողանան հարցականի տակ դնել պետության կողմից իրենց հրամցված կեղծիքը», ասել է «Զորյան ինստիտուտի» տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ռոջեր Սմիթը:

«Արմինյն միրոր սփեքթեյթրը» ավելացնում է, որ պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Աքչամը ծնվել է Արդահանում (Թուրքիա) 1953-ին: Գերմանիան նրան քաղաքական ապաստան է տվել, երբ Թուրքիայում նրան 10 տարվա բանտարկության են դատապարտել ուսանողական մի թերթի լույս ընծայմանը մասնակցելու համար: 1976-ին «Միջազգային համաներում» կազմակերպությունը նրան դասել է խղճի բանտարկյալների շարքում: Հեղինակ է 11 գիտական աշխատանքների: Ներկայում դասավանդում է Մինեսոտա համալսարանի Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնում (ԱՄՆ) ու Տորոնտոյի ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում (Կանադա):

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4