«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2006-11-21 | #223, 2006-11-22 | #224, 2006-11-23


ԵՐԵՎԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՄԻՆՍԿՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Իսկ Բաքուն կարծես «պոչ է խաղացնում»

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայկական կողմը տվել է իր համաձայնությունը նոյեմբերի 28-ին Մինսկում, ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար: Երեկ մինչ Բաքու թռչելը Երեւանում ունեցած հանդիպումներից հետո նման հայտարարություն է արել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ըստ ռուս դիվանագետի, թեեւ նախապես Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր Ադրբեջանի` նման հանդիպման պատրաստակամության մասին, սակայն համանախագահները պիտի ստանան նաեւ Իլհամ Ալիեւի համաձայնությունը:

Հիշեցնենք, որ այս անգամ համանախագահների այցելությունը տարածաշրջան իրականացվում է ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների մասնակցությամբ` առանց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի: Յուրի Մերզլյակովի պարզաբանմամբ, Բրայզայի բացակայությունը պայմանավորված է աշխատանքային պարտականությունների բաժանմամբ, որոնց համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հետ հանդիպումների ընթացքում ամերիկացի համանախագահը պետք է հանդիպի ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որը գտնվում է Միացյալ Նահանգներում:

Յուրի Մերզլյակովը Երեւան այցելությունն ու հանդիպումները նախագահ Քոչարյանի եւ նախարար Օսկանյանի հետ որակել է որպես արդյունավետ եւ բովանդակալից, նշելով, որ 2006 թ.-ն ընդհանուր առմամբ ավարտվում է բավականին լավատեսական նոտայով, եւ «եթե մեզ հաջողվի պահպանել կողմերի այս տրամադրվածությունը, մենք 2007 թ. կմտնենք բավականին լավ հեռանկարներով»: Ըստ Մերզլյակովի, չնայած բանակցային գործընթացի վրա ընտրությունների ընդհանրապես զսպողական ազդեցությանը, համանախագահները գտնում են, որ այս տարի արված նախնական աշխատանքները հնարավորություն կտան ավելի հեշտ անցնելու նախընտրական շրջանը: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ Յուրի Մերզլյակովը կարծիք է հայտնել, թե վերջին շրջանում նման հայտարարությունները նվազել են:

«Մենք միշտ ենթադրում ենք, որ նման «կրակոտ» հռետորաբանությունը խանգարում է գործընթացին, առավել եւս, երբ այդ հայտարարությունները արվում են ինչ-որ կարեւոր հանդիպումների նախաշեմին կամ պատասխանատու պահերին», նշել է ռուսաստանցի համանախագահը: Ըստ Մերզլյակովի, վերջին շրջանում նման հայտարարություններ ավելի քիչ էին հնչում, ավելին, դա զգալիորեն չի խանգարի 2006-ը երկու նախագահների երրորդ հանդիպումով ավարտելու համար:

Արդեն Բաքվում ռուսաստանցի համանախագահը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները լրացուցիչ գաղափարներ ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ, բայց բանակցային գործընթացի գաղտնիության պատճառով չեն հրապարակում: Նշենք, որ, այսպես կոչված, այդ լրացուցիչ գաղափարների կամ առաջարկների մասին արդեն խոսվել է` դարձյալ առանց մանրամասների:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր հերթին նշել է, որ այս հակամարտության կարգավորումը նման է խաղաղության պատ կառուցելուն, որի վրա համանախագահների օգնությամբ կողմերը փորձում են աղյուս դնել: «Առայժմ պատն ամուր չէ կարգավորման վերջնական համաձայնագիրը գրելու համար», պատկերավոր իր խոսքում նշել է Ֆասիեն: Ըստ ֆրանսիացի դիվանագետի, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները այս գործընթացում մեկ դիրքորոշում ունենՙ պատերազմը ԼՂ հարցը լուծելու իրական հնարավորություն չի կարող լինել:

Ադրբեջանական կողմը, ոչ առաջին դեմքերի մակարդակով, հայտարարել է, թե Ալիեւը կհամաձայնի հանդիպել Քոչարյանի հետ, «եթե քննարկման կոնկրետ առարկա լինի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4