«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2006-11-21 | #223, 2006-11-22 | #224, 2006-11-23


«ՀՌԱԿ-Ը ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ ՉԻ ԵՂԵԼ»

«Անտեղյակությունը ՀՀԿ գործունեությանը չի նշանակում կազմակերպության անգործություն»

Օրերս Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) հանրապետական վարչությունը հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսին (ՀՀԿ) ուղղված մեղադրանքներով, թե այդ կազմակերպությունը հաշվետվություններ չի ներկայացնում, մատնված է անգործության եւ իրեն ՀՀԿ հիմնադիր համարող ՀՌԱԿ-ը չի ցանկանում կիսել պատասխանատվությունը եւ դուրս է գալիս ՀՀԿ-ից: Այս առնչությամբ մեր զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՅԱՆԸ:

- Պրն Աղայան, ի՞նչ հիմքեր ունի ՀՌԱԿ-ը Համաշխարհային հայկական կոնգրեսին նման մեղադրանքներ ներկայացնելու: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ուզում եմ միանգամից նշել, որ ՀՌԱԿ-ը երբեւիցե Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր անդամ չի հանդիսացել, քանի որ Համաշխարհային հայկական կոնգրեսը միջազգային հասարակական կազմակերպություն է եւ գրանցվել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության կողմից: Իսկ ՌԴ օրենսդրության համաձայն, քաղաքական կուսակցություններին իրավունք չի վերապահվում դառնալու հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ: Դա պարզ ճշմարտություն է, որի մասին դեռեւս 2003 թ. դեկտեմբերին իրազեկվել է նաեւ ՀՌԱԿ-ը: Բնականաբար, ՀՌԱԿ-ը, ինչպես նշված է կուսակցության հայտարարության մեջ, երբեւիցե պատասխանատվություն չի կրել եւ չի կրելու ՀՀԿ գործունեության համար: Իսկ ՀՀԿ-ն իր հերթին պարտավորություն չունի ՀՌԱԿ-ին պաշտոնապես իրազեկել իր գործունեության մասին: Սա պարզ ճշմարտություն է, որի առնչությամբ ծավալվել չեմ ցանկանում: Ինչ վերաբերում է ՀՌԱԿ-ի ՀՀԿ հիմնադիր համագումարին մասնակցությանը, կարող եմ ասել, որ այդ կուսակցության ներկայացուցիչները, իրոք, մասնակցել են թե՛ կազմկոմիտեի, թե՛ համագումարի աշխատանքներին: Ի դեպ, նշեմ նաեւ, որ ՀՀԿ հիմնադիր համագումարի աշխատանքներին որպես հրավիրվածներ մասնակցել են նաեւ մի շարք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, մինչդեռ նրանցից եւ ոչ մեկը չի ստացել ՀՀԿ հիմնադիր անդամի կարգավիճակ եւ նման հավակնություններով երբեք հանդես չի եկել:

- Թերեւս հասկանալի է, որ ՀՌԱԿ-ը չէր կարող անտեղյակ լինել ՀՀԿ հիմնադիր անդամ չլինելու հանգամանքին: Այդ դեպքում ի՞նչ նպատակ կարող է հետապնդել նման հայտարարությունը:

- Չգիտեմ, թե ինչ հեռահար նպատակ են հետապնդել, բայց կարող եմ ասել, որ հանրապետությունում նախապատրաստվող ընտրությունների նախաշեմին ՀՌԱԿ-ը նման հայտարարությամբ փորձում է հանրությանը հիշեցնել իր գոյության մասին եւ այդ կերպ հայտնվել քաղաքական դաշտում: Կարծում եմ, որ այդ ճանապարհը ազնիվ չէ, քանզի ստացվում է այնպես, որ քաղաքական նպատակներին հասնելու համար նրանք փորձում են ստվեր գցել արդեն գործունեության լայն ասպարեզ դուրս եկած մի այնպիսի միջազգային հասարակական կազմակերպության գործունեության վրա, ինչպիսին Համաշխարհային հայկական կոնգրեսն է:

- Ինչպե՞ս հասկանալ, որ ՀՀԿ-ից «հիասթափված» ՀՌԱԿ-ը ՀՀԿ գործունեությունը որակում է «անկազմակերպվածություն, անգործություն...»: Ավելին, ՀՌԱԿ-ը, իրեն համարելով հիմնադիր անդամ, մեղադրանք է ներկայացնում, թե անպատասխան են մնացել կատարված աշխատանքների հաշվետվություն ստանալու ՀՀԿ-ի ղեկավարությանն ուղղված դիմումները:

- Բնավ կարիք չկա, որ նեղանան, որ հաշվետվություն չենք ներկայացրել, քանի որ արդեն նշեցի, մեր կազմակերպության հիմնադիր անդամ չեն եւ նրանց հաշվետվություն ուղարկելու պարտավորություն չունենք: Բայց ուզում եմ ասել, որ հիմնադիր անդամները մասնակցում են մեր գործունեությանը եւ տեղյակ են տարվող աշխատանքներին: Բացի այդ, ընդունված որոշումների, գործողությունների, ծրագրերի մասին պարբերաբար տեղեկացնում ենք թե հիմնադիր անդամներին, թե ՀՀԿ գլխավոր խորհրդի անդամներին: Ավելին, մայիսին Երեւանում տեղի ունեցավ ՀՀԿ ղեկավար կոլեգիալ մարմնի` Գլխավոր խորհրդի հերթական նիստը, որի օրակարգը պերճախոս վկայում է կազմակերպության բազմակողմանի գործունեության մասին: Նիստում նախ եւ առաջ դրված էր Գլխավոր խորհրդի բյուրոյի հաշվետվությունը, որով հանդես եկավ կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Հանրապետության զանգվածային լրատվության միջոցները լայնորեն լուսաբանել են Գլխավոր խորհրդի նիստի արդյունքները, իսկ սղագրական հաշվետվությունը ուղարկվել է Գլխավոր խորհրդի անդամներին եւ հիմնադիրներին: Ինչ վերաբերում է ՀՀԿ գործունեությանը, որ ՀՌԱԿ-ը անպատասխանատու կերպով որակում է անգործություն, զարմանք ու ծիծաղ է առաջացնում, որ իրենց քաղաքական գործունյա կուսակցություն համարողներն անգամ լրատվամիջոցներից չեն օգտվել ՀՀԿ գործունեության մասին գոնե թռուցիկ պատկերացում կազմելու համար: Քանի որ հանրապետությունում շատերն են նախապատրաստվում ընտրություններին, չեմ կասկածում, կգտնվեն եւս մարդիկ, որոնք կրկին անդրադառնալով ՀՀԿ կամ նրա նախագահի գործունեությանըՙ կփորձեն իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը: Ուստի նրանց օգնելու նպատակով կփորձեմ հակիրճ նշեմ ՀՀԿ գործունեության մի քանի դրվագներ միայն: Երեք տարի է, ինչ գործում է ՀՀԿ-ն: Երեք տարին ընդամենը ակնթարթ է կոնգրեսի նման մասշտաբային կազմակերպության համար: Բայց այդ ժամանակահատվածում կազմակերպությունը դուրս է եկել կայացման լայն ճանապարհ եւ իր գործունեությամբ հասել լուրջ հաջողությունների: Կազմակերպության գլխավոր նպատակներից մեկը հայության համախմբումն է ազգային շահերի շուրջը, իսկ այդ շահերի մեջ կան առաջնահերթություններ. նպաստել նորանկախ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ պետականության ամրապնդման, ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա հետեւանքների վերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, սփյուռքում հայապահպանության գործընթացներին: ՀՀԿ ստեղծման օրից մի քանի ամիս անց ի բարօրություն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, Երեւանում հրավիրվեց Միջազգային հայկական տնտեսական համաժողով Արտաքին քաղաքական կապերի համառուսաստանյան ասոցիացիայի աջակցությամբ: Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ավելի քան 400 գործարարներ, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Իսրայելից, Բելգիայից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Հունգարիայից, Սլովակիայից, Ուկրաինայից, Վրաստանից եւ այլ երկրներից, կնքվեցին մի շարք գործարքներ ու պայմանագրեր: 2005 թ.-ի հոկտեմբերին ՀՀԿ մասնակցությամբ Երեւանում տեղի ունեցավ հայ-ռուսաստանյան գործարարների համաժողովը, որի նպատակն էր գործարար կապերի ամրապնդումը, աշխատատեղերի ստեղծումը: Ուսումնական հաստատությունների համակարգչայնացումը ռազմավարական նշանակություն ունեցող լուրջ խնդիր համարելով, ՀՀԿ-ն հանդես եկավ «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» շարժման նախաձեռնությամբ, որի շնորհիվ անցած երեք տարիների ընթացքում ՀՀԿ կողմից Հայաստանի եւ Արցախի մոտ 700 դպրոցներում, բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում ստեղծվել են համակարգչային դասարաններ: Հարյուրավոր համակարգիչներ են ստացել նաեւ ՀՀ զինվորական ստորաբաժանումները, բազմաթիվ այլ կազմակերպություններ: Մի խոսքով, երեք տարում 7000 համակարգիչ է բաժանվել, որի արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում: Եվ սա չի վերաբերում միայն Հայաստանին եւ Արցախին: Համակարգչային դասարաններ են բացվել նաեւ Բուենոս Այրեսի, Սան Պաուլուի հայկական դպրոցներում: Անհրաժեշտ աշխատանք է կատարվել հանրապետության սոցիալական կարիքավոր խավերին օգնելու ուղղությամբ: Միայն փախստականների համար ՀՀԿ-ն, իր ղեկավարի միջոցներով, գնել է 130 բնակարան եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել փախստականների ընտանիքներին: Ավելի քան 350 թոշակառուներ ամեն օր անվճար սնունդ են ստանում բարեգործական ճաշարանից: Արցախը եւս անմասն չի մնացել ՀՀԿ գործունեությունից: Բացի դպրոցների համակարգչայնացումից, գումարներ են ներդրվել սառնարանային տնտեսության ստեղծման գործում: ՀՀԿ միջոցների հաշվին Ստեփանակերտում կառուցվում է նոր դպրոց` 500 աշակերտի համար: Այս բնագավառում մեր բերած թվարկումը կատարվածի միայն մի մասն է:

- Այս ծրագրերին տեղեկանում ենք մամուլից, նաեւ վերջին 3-4 տարիների ընթացքում ՀՀԿ եւ ՌՀՄ կատարած աշխատանքները ներկայացնող «Հայաստան-սփյուռք. խորհրդաժողովից-խորհրդաժողով» պարբերականից: Ուրիշ ի՞նչ բնագավառներում է իր գործունեությունը ծավալում Համաշխարհային հայկական կոնգրեսը:

- Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեության նպատակներից առաջնային է նաեւ մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ նրա հետեւանքների հաղթահարմանն առնչվող հարցերին: Այսօր Մոսկվայում ստեղծվել եւ գործում է Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտը, որ դարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի ուսումնասիրման յուրահատուկ կենտրոն: Այդ ինստիտուտի նախաձեռնությամբ 2004 թ. մայիսին Երեւանում տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս` «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում» թեմայով, որի արդյունքում ձեւավորվեց ցեղասպանության հարցով զբաղվող ՀՀԿ փորձագիտական հանձնաժողովը` ոչ միայն հայ, այլեւ Իսրայելի, Գերմանիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների ճանաչված փորձագետների կազմով: Փորձագետների խորհուրդը պարբերաբար ցեղասպանության հարցի վերաբերյալ լրատու է հրատարակում: Ի թիվս տասնյակ այլ հրատարակությունների, առաջին անգամ ընթերցողի սեղանին է դրվել Յուրի Բարսեղովի «Հայերի ցեղասպանությունը» արխիվային մինչ այդ չհրատարակված նյութերով եռահատոր աշխատությունը: Հանձնաժողովը, որի նիստերը տեղի են ունենում ամեն տարի, ցեղասպանության հարցի առնչությամբ իր կոնկրետ առաջարկներն է ներկայացրել ՀՀ իշխանություններին: Սփյուռքում հայապահպանության գործին մեծ նպաստ է բերում կոնգրեսի «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» լավագույն գրական ստեղծագործական աշխատանքի միջազգային մրցույթը, որին միայն վերջին երկու տարում մասնակցել են շուրջ 1000 դպրոցականներ եւ ուսանողներ Հայաստանից ու սփյուռքից: Հանրությանն արդեն հայտնի է նաեւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանի գործունեությունը Հասարակածային Գվինեայից հայ օդաչուներին ազատելու, նաեւ ռուս նավաստիներին Նիգերիայից Ռուսաստան վերադարձնելու ուղղությամբ: Լայնածավալ աշխատանք է տարվում աշխարհում խաղաղության հաստատման համատեքստում քաղաքակրթությունների երկխոսության կազմակերպման եւ իրականացման կապակցությամբ: Այսօր ՀՀԿ կառուցվածքում արդեն գործում են Երիտասարդական կազմակերպությունների, Լրատվակամ միջոցների ասոցիացիաները, որոնց նպատակն է համախմբել երիտասարդությանը, ստեղծել համահայկական տեղեկատվական դաշտ: ՀՀԿ աջակցությունը Գիտությունների ազգային ակադեմիային, Գրողների միությանը, պատերազմի վետերաններին: Կարծում եմ, ասվածն արդեն անկեղծ հետաքրքրությունները բավարարելու համար լիուլի բավական է:

- Ի՞նչ կարելի է ասել ՀՌԱԿ-ի հանրապետական վարչությանը, որ, լավագույն դեպքում, անտեղյակ հիմնադիր անդամ չլինելու հանգամանքից, իրեն ազատում է նաեւ ՀՀԿ գործունեության համար պատասխանատվությունից:

- Կցանկանայի, որ նման հայտարարությունները բովանդակեին ճշմարտությունը: Իսկ ինչ մնում է մեր գործունեության համար պատասխանատվությանը, կարող եմ ասել, որ ՀՌԱԿ-ը ի սկզբանե ազատ է այդ հոգսից եւ կարող է բոլորովին չանհանգստանալ: Միայն ընդգծեմ, որ նրանք, ովքեր աշխատում են ՀՀԿ կազմում եւ կազմակերպության հետ, գործում են արդյունավետ եւ պատրաստակամ են, արժանի են կրելու ինչպես ՀՀԿ գործունեությամբ ձեռք բերված հաջողությունների դափնիները, այնպես էլ դրա պատասխանատվությունը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4