«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2006-11-21 | #223, 2006-11-22 | #224, 2006-11-23


«ՎԻՄՊԵԼԿՈՄԸ» ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԻՆՖՈ: «Վիմպելկոմ» ընկերությունը չի բացառում «ԱրմենՏել» ընկերության հետագա զարգացման նպատակով հետագայում ընկերության կառավարման համար տեղական գործընկերոջ ներգրավման հնարավորությունը, այդ մասին ՌԲԿ-ին հաղորդել է ընկերության գործադիր փոխնախագահ Նիկոլայ Պրյանիշնիկովը:

Նրա խոսքերով, «Վիմպելկոմ» ԲԲԸ 2007 թվականի ընթացքում կհստակեցնի ԱՊՀ սահմաններից դուրս ընկերության զարգացման ռազմավարությունը: Ներկայումս ընկերությունը ԱՊՀ երկրների շարքում ներկայացված չէ միայն Ադրբեջանում, Ղրղզստանում, Բելառուսում եւ Մոլդովայում: Այդ շուկաները, նրա խոսքերով, առավել հետաքրքրական են ընկերության հետագա զարգացման համար: Ներկայումս, նրա խոսքերով, ընկերությունը բանակցություններ չի վարում հեռավոր արտերկրում գնումներ կատարելու շուրջ, սակայն, գտնում է, որ հետագայում եւս իմաստ չունի ձեռք բերել շատ հեռավոր տարածաշրջաններում գործող առանձին ընկերություններ: Ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ընտրված տարածաշրջանում ընկերության կամ նրա գործընկերների համալիր ներկայության ապահովումը: Այժմ քննարկվում է Մոլդովայի շուկա դուրս գալու ուղիների գնահատումը: Տարբերակներից մեկն արտոնագրի ստացումն է, մյուսըՙ արդեն գոյություն ունեցող օպերատորի ձեռքբերումը: Նշենք, որ «Վիմպելկոմ» ընկերությունների խմբում ընդգրկված են Ռուսաստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում եւ Ուկրաինայում բջջային կապի ծառայություններ մատուցող օպերատորներ: «Վիմպելկոմի» քվեարկող բաժնետոմսերի 26,6 տոկոսը պատկանում է նորվեգական Telenor հեռահաղորդակցության ընկերությանը, 32,9 տոկոսը` Altimo-ին (նախկին «Ալֆա-Տելեկոմ»): «Վիմպելկոմ» ԲԲԸ զուտ շահույթը, ըստ US GAAP 2006 թվականի առաջին կիսամյակում 2005 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 28,5 տոկոսով` մինչեւ 345,169 մլն դոլար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4