«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2006-11-22 | #224, 2006-11-23 | #225, 2006-11-24


ԼՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԻՄԱՑ «ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ» ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ 40 ԿՄ ՄԻՋԱՆՑՔ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում նոյեմբերի 28-ին Մինսկում կհանդիպեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Տարածաշրջան կատարած այցելության ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, «Ազերիպրես» գործակալության հաղորդմամբ, հանդես են եկել հայտարարությամբ, հույս հայտնելով, որ Մինսկում կայանալիք նախագահների եւ նախարարների հանդիպմանը առաջ քայլ կարվի այս տարվա հուլիսին «Մեծ ութնյակի» հանդիպման ժամանակ Սանկտ Պետերբուրգում հաստատված կարգավորման սկզբունքների հիման վրա:

Համանախագահները նշել են, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում, Փարիզում, Բրյուսելում բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու տեսանկյունից եղել են արդյունավետ:

Միեւնույն ժամանակ որոշակի առումով հերթական բացախոսությամբ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Վերջինս առաջընթաց է տեսնում: «Առաջընթացն այն է, որ կողմերը խորհրդածում են Ադրբեջանի, այսպես կոչված, գրավյալ բոլոր տարածքների վերադարձման եւ կարգավիճակի կապակցվածության շուրջը», ասել է Բրայզան նոյեմբերի 16-ին Վիեննայում լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում, որի սղագրությունը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով գրասենյակը տարածել է նոյեմբերի 22-ին:

Ըստ այդմ, Բրայզան նշել է, թե դեռեւս հունիսին համանախագահները հայտարարեցին, որ մտադիր են դադար վերցնել եւ սպասել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արձագանքին` միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների առնչությամբ: «Չեմ կարող մանրամասնել, սակայն կողմերը ստեղծագործ եւ կառուցողական կերպով են մտածել կարգավիճակի որոշման եւ տարածքների վերադարձման հարցերի շուրջը», ասել է Մեթյու Բրայզան: «Ես չեմ կարող խորանալ մանրամասների մեջ, բայց կողմերը խորհրդածում են այդ հարցիՙ կարգավիճակի եւ տարածքների վերադարձման շուրջը, խորհրդածում են ստեղծագործաբար, կառուցողական եղանակով, հարգանք տածելով միմյանց նկատմամբ», նշել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

«Բազմաթիվ վերլուծաբաններ գտնում են, որ եթե միջնորդներին (ԵԱՀԿ Մինսկի խմբի) հաջողվի բանակցությունների սեղանի շուրջը նստեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, դա կնշանակի, որ հակամարտության կարգավորման որոշակի ընդհանուր մոդուլ արդեն գտել են երկու հանրապետությունների արտգործնախարարները», գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Ըստ թերթի աղբյուրների, բանակցությունների սեղանին այժմ պատրաստի, կոնկրետ փաստաթուղթ է: Շրջանակային փաստաթղթի նախագծի հիմնական կետերը, «Նեզավիսիմայա գազետայի» ներկայացմամբ, նախատեսում են հետեւյալ քայլերը. Հայաստանը դուրս է բերում իր զորքերը այսպես կոչված գրավյալ տարածքներից, փախստականները վերադառնում են իրենց բնակության վայրերը, նորմալացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները, հակամարտության գոտում տեղակայվում են խաղաղապահ ուժեր, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին ցուցաբերվում է միջազգային տնտեսական աջակցություն եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվե է անցկացվում:

«Ենթադրվում է, որ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի Ադրբեջանի գրավյալ 7 շրջաններից, փոխարենը Բաքուն 40-կիլոմետրանոց միջանցք կտրամադրի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, այն կգտնվի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ: Համաձա՞յն են արդյոք կարգավորման նման տարբերակին Բաքուն եւ Երեւանը, մոտ օրերին կպատասխանեն իրենք նախագահները, որոնց հանդեպ այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն ուժգին ճնշում է գործադրում», նշում է թերթը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4