Ադրբեջանը «մաքրում է» հայերի հետքերը, իսկ միջազգային ատյանները դեռեւս լռում են
Պատմությունը վկայությունների շարան է, որ երբեմն «խմբագրվում», «լրացվում» է ըստ ցանկության: Եվ դա հատկապես հեշտ է իրականացնել, երբ վկայությունն անպաշտպան մագաղաթ է կամ էլ բանավոր խոսք: Քարն էլ կարող է պատմության ու իրադարձությունների մասին վկայել, միայն թե պատմություն «խմբագրելիս» քարե վկայությունները փշուր-փշուր են լինում, իսկ ավելի հաճախ` արվում:
Երբ 2005 թվականի դեկտեմբերին Նախիջեւանում Ջուղայի վերջին խաչքարերն ու տապանաքարերն էին ադրբեջանական զինվորների ձեռքով ավերվում ու բեռնատարներով լցվում Արաքսը, Ադրբեջանն այդ կերպ ընդամենը շարունակում էր հայերի հետքերի ոչնչացման հետեւողական իր քաղաքականությունը: Եվ եթե ժամանակին հայերի դեմ խտրական քաղաքականությունը հայաթափ արեց Նախիջեւանը, ադրբեջանական մտքի տրամաբանությամբ, այդ ամենին զուգահեռ իրականացվող մշակութային արժեքների ոչնչացումը դարձավ հայերի գոյությունը բացառելու ամենահեշտ ճանապարհը:
«Ազգը» հենց դեկտեմբերին, շատ այլ լրատվամիջոցների, պետական ատյանների թվում, արձագանքեց Իրանում Հայաստանի դեսպանության եւ Ատրպատականի թեմի առաջնորդի ստացած ահազանգին, որ շուրջ 100 ադրբեջանցի զինվորներ ներխուժելով Արաքսի ափին գտնվող Հին Ջուղայի գերեզմանատուն, հսկա մուրճերով, բահերով եւ ծանր տեխնիկայով ջարդում եւ փշրանքների են վերածում 2000 թ. նույն ադրբեջանցիների սրբապղծություններից փրկված հայկական խաչքարերը:
Ու ոչ մի արձագանք, ոչ մի միջազգային կառույց տեղից չշարժվեց ու չի շարժվում` բարձրարժեք իրողությունների եւ ցանկությունների մասին հայտարարություններից ու ելույթներից գործի անցնելու համար: Աֆղանստանում թալիբյան վարչակազմի կողմից Բամիանի Բուդդայի արձանների բարբարոսական ոչնչացումը մշակութային ժառանգության պաշտպանության հարցում իրավական լրացուցիչ մեխանիզմների ստեղծման խթան հանդիսացավ: Սակայն Նախիջեւանում Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացումը թերեւս ոչ մշակութային ժառանգություն է, ոչ էլ դրանք միտումնավոր են ոչնչացվել, այլապես 2003 թ.-ին ընդունված «Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին» հռչակագիրը կարող էր կիրառվել նաեւ այս դեպքում:
Ջուղայի հուշարձանների մի մասը քանդվեց դեռեւս 1903-1904 թթ. երբ կառուցվում էր երկաթգիծը: Խորհրդային տարիներին խաչքարերը օգտագործվում էին զանազան կառույցներում որպես շինանյութ: 1970-ականներին Հին Ջուղայի գերեզմանոցում կանգուն էին մնացել 3000 խաչքար եւ մոտ 2000 տապանաքար: 1998 թ.-ին քանդվեց մոտ 800 խաչքար, 2002 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին քանդվեցին ոչ միայն խաչքարերը, այլեւ եկեղեցիների մնացորդները:
2005 թ.-ին Նախիջանի գյուղերից մեկում դեռեւս կիսականգուն հայկական եկեղեցու նորվեգական մարդասիրական մի կազմակերպության հովանավորությամբ իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ քանդվել էր եկեղեցու պատի հայերեն արձանագրությունը, որից հետո նորվեգական կազմակերպությունը դադարեցրեց հովանավորությունը, իսկ Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանը մեղադրեց Ադրբեջանին` կատարվածը անվանելով «վանդալիզմ»: 2005 թ. օգոստոսին շոտլանդացի ճարտարապետ Ստեֆան Սիմը մեկնել էր Նախիջեւան` հայկական մշակութային հուշարձանների վիճակն ուսումնասիրելու, եւ արձանագրել էր, որ նմանատիպ հուշարձաններ չեն պահպանվել, քանի որ «դրանք բոլորը քանդվել են բուլդոզերներով 1995-2005 թթ. ընթացքում»: 2005 թ. դեկտեմբերին Ջուղայի գերեզմանատունն ամբողջապես «մաքրվեց» հայկական խաչքարերից ու տապանաքարերից:
Դեռեւս 1998 թ.-ից Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նամակներով դիմեց մշակույթի եւ մշակութային ժառանգության պահպանման միջազգային կազմակերպություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակներ են ուղարկվել ինչպես 1998 թ.-ին, այնպես էլ 2002 թ.-ին, 2005 թ.-ին` ներկայացնելով իրավիճակն ու կոչ անելով միջոցներ ձեռնարկել Նախիջեւանի հայկական հուշարձանների դեմ մշակութային եղեռնին վերջ տալու նպատակով:
Նմանօրինակ նամակներ են ուղարկվել նաեւ Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերին (2003 թ.), որոնց ի պատասխան Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության եւ կրթության կոմիտեն 2003 թ.-ի ապրիլին այլ որոշումների հետ մեկտեղ որոշեց Նախիջեւան փաստահավաք առաքելություն ուղարկել` Ջուղայի հայկական հուշարձաններին հասցված վնասը գնահատելու նպատակով: Նամակներ ու դիմումներ ուղարկվել են նաեւ շատ այլ կազմակերպությունների, Ջուղայի խաչքարերի խնդրի մասին հայտարարություններ են արվել միջազգային տարբեր ատյաններում ու հանդիպումների ընթացքում:
Թերեւս հետաքրքրական է, որ դեռեւս 2005 թ.-ի ձմռան սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրային ուղղված նամակի պատասխանը ստացվել է բավականին ուշ եւ ամենայն քաղաքավարությամբ վստահեցնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կքննարկի, թե ինչ կարելի է անել Նախիջեւանում «այդ մշակութային հարստության պաշտպանությունը երաշխավորելու» ուղղությամբ: Ստացվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ նմանօրինակ մյուս կառույցներին տարիներ են հարկավոր մշակութային ժառանգության պաշտպանության մասին մտածելու ու որոշ քայլեր ձեռնարկելու համար, այն ժամանակ, երբ այդ ժառանգությունն արդեն ոչնչացված է: Ընդ որում, փետրվարի 16-ին Եվրոխորհրդարանը ընդունել է Ադրբեջանում մշակութային ժառանգության մասին բանաձեւ, որով Եվրոխորհրդարանը խստորեն դատապարտում է Նախիջեւանում Ջուղայի գերեզմանատան ավերումը եւ պահանջում է, որ Ադրբեջանը թույլ տա մշակութային ժառանգության, այդ թվում` հենց իրենց տարածքում հայկական մշակութային արժեքների ուսումնասիրության եւ պահպանման հարցում մասնագիտացած փորձագետներից կազմված պատվիրակության, նաեւ Եվրոխորհրդարանի պատվիրակության այցելությունը Ջուղա: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը ցայսօր չի կատարում բանաձեւի պահանջները` թույլ չտալով նշված այցելությունները, միջազգային կառույցների համար գուցեեւ խնդիր չէ, սակայն այդ դեպքում անհասկանալի է այդ կազմակերպությունների առաքելությունն ու ընդհանրապես գոյությունը:
Ջուղայի խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացմանը գնահատական տալը նախ եւ առաջ մեծապես կարեւորվում է նման գործողությունների կանխման առումով: Դա միայն հայկական խաչքարերի ու հուշարձանների պահպանության խնդիրը չէ, այլ ընդհանրապես մշակութային ժառանգությունն աշխարհի յուրաքանչյուր հատվածում պաշտպանելու երաշխիքների ապահովման քայլ: Բացի այդ, հայկական հուշարձանները վերացնելու Ադրբեջանի գործողություններին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականը կարող է բացառել անպատժելիության զգացումով իրագործվող նման գազանությունների կրկնությունը` ամենասովորական բարոյական պարտքից դրդված արժանին մատուցելով Ջուղայի գերեզմանատան մոտ 5000 շիրիմներին: Թեեւ Ադրբեջանի պարագայում գերեզմանատների ոչնչացումը նշանակում է Նախիջեւանում հայերի գոյության ժխտման պարզ հիմնավորում, ամեն դեպքում, այդ տապանաքարերն ու խաչքարերը միայն շիրմաքար չէին, այլեւ մշակութային արժեքներ: Ավելին, դրանք քրիստոնեական հուշարձաններ էին, որ առավել քան պաշտպանված պետք է լինեին իսլամի հետեւորդների տնօրինության տակ գտնվող տարածքներում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ