«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2006-11-22 | #224, 2006-11-23 | #225, 2006-11-24


ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՀԱԶԱՆԳԻՆ

Նախորդ համարում «Ազգը», վկայակոչելով «Նոյյան տապանին», տեղեկացրել էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյի ահազանգի մասին, թե անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերըՙ կանխելու համար Հայոց ցեղասպանության հերթական բանաձեւի առաջքաշումը Կոնգրեսում: Դեսպանի կանխատեսմամբ ենթադրվում է, որ բանաձեւն օրակարգում կհայտնվի մինչեւ տարեվերջ, իսկ դրա քննարկումը տեղի կունենա 2007 թ. հունվարին, երբ կհրավիրվի ԱՄՆ Կոնգրեսի նոր նստաշրջան:

Շենսոյի ահազանգն առաջին հերթին ուղղված էր Թուրքիայի կառավարությանը, որին էլ նոյեմբերի 22-ին արձագանքեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա, անդրադառնալով Հայոց ցեղասպանության բանաձեւի առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսում ցուցաբերվող նոր նախաձեռնությանը, ասաց, որ այդ հարցում իշխանությունն ընդդիմության հետ հետամուտ է մինչ այդ որդեգրված դիրքորոշմանը:

Այնուհետեւ վարչապետ Էրդողանն ավելացրեց. «Հնարավորինս փորձելու ենք ազդել այդ նախաձեռնությունը կանխելու համար: Մեզ խոսք են տվել (Վաշինգտոնում): Այսպիսի նախաձեռնության առկայությամբ ինչպե՞ս են կատարելու դրանք, չգիտեմ: Բայց եւ այնպես, ներկա պահին չենք կարող առաջնորդվել զգացմունքներով, որովհետեւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմավարական գործակցությունը հասարակ գործակցություն չէ: Չի կարելի անտեսել այս հանգամանքը եւ որեւէ նախաձեռնություն ցուցաբերելիս պետք է ելնել դրանից»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4