Անցյալ շաբաթ Բաքվի դատարանը երկու ամսվա ազատազրկման էր դատապարտել «Սանաթ» հանդեսի հեղինակին եւ գլխավոր խմբագրին այն հոդվածի համար, որտեղ իսլամական արժեքները քննադատության էին ենթարկվում եւ հայտարարվում, որ իսլամը թշնամանք է հրահրում մարդկանց միջեւ: «Ազգն» անդրադարձել էր այս փաստին: Ըստ երեւույթին իսլամի նկատմամբ ոտնձգությունները չեն դադարել, որ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի 209 պատգամավորներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են «Ադրբեջանի Հանրապետությունում իսլամական կրոնի դեմ կատարվող անարգանքը եւ պահանջել միջազգային կազմակերպություններից կանխել համանման դրսեւորումները»:
209 պատգամավորների ստորագրած հայտարարությունում, ինչպես նոյեմբերի 23-ին կայքէջում նշել է «Իռնա» գործակալությունը, ցավալի է համարվել Արեւմուտքում մահմեդականությանն ու նրա մարգարեին հասցեագրված վիրավորանքներից, ինչպես նաեւ Հռոմի պապի իսլամը նսեմացնող հայտարարություններից հետո համանման ոտնձգությունների կատարումն իսլամական մի երկրում, ինչպիսին Ադրբեջանի Հանրապետությունն է:
Հայտարարությամբ Իրանի Մեջլիսի պատգամավորները, ընդգծելով սիոնիստական շրջանակների հետ համագործակցողների ներթափանցումն ադրբեջանական մամուլ, Բաքվի իշխանություններին մեղադրել են իսլամի հակառակորդների դեմ հակազդեցություն չցուցաբերելու եւ խրախուսելու մեջ նրանց, ովքեր ոտնձգություն են կատարում իսլամի ու նրա մարգարեի նկատմամբ: Նրանք միաժամանակ պահանջել են Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունից ոտնձգությունների առնչությամբ նախազգուշացնել Ադրբեջանի Հանրապետությանը:
Հ. Չ.