Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 28-րդ լիագումար նիստին Բաքվում Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել: Նախորդը Երեւանում էր, ադրբեջանցիները ներկա էին եւ հնարավոր անվտանգությամբ ապահովված: Այս առնչությամբ Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Սագանելիձեն, ըստ «Դեյ.ազ» գործակալության, Բաքվում տեղի ունեցած նիստի եզրափակիչ ասուլիսում ադրբեջանական լրատվամիջոցներին վստահեցրել է. «Զարմացած եմ այստեղ հայկական պատվիրակությանը չտեսնելով, անձամբ ներկա եմ եղել եւ մասնակցել ոչ պաշտոնական զրույցներին, որոնց ընթացքում համաձայնություն էր ձեռք բերվել, որպեսզի ադրբեջանցի պատգամավորները մասնակցեին Երեւանում եւ հայ պատգամավորներըՙ Բաքվում տեղի ունենելիք նիստին: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներն իրենց խոսքի տերը եղան եւ եկան Երեւան ու դա ճիշտ էր: Ափսոսում եմ, որ հայ պատգամավորները որոշել են չմասնակցել»:
ՍԾՏՀ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը «Ազգ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ հայկական կողմը, կարգի համաձայն, նամակ է հղել Ադրբեջանի խորհրդարանին պատվիրակության անվտանգության ապահովման երաշխիք ստանալու: Այն չի ստացվել, հետեւել է հայկական կողմի նույնաբովանդակ դիմումը ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարին, սակայն վերջինիս միջամտությունն էլ հարցը չի լուծել: Մինչդեռ ադրբեջանցի պատգամավորների լիակատար անվտանգությունն ապահովելուց զատ, նրանցից մեկը ամենայն հանգստությամբ այցելել-շրջել էր իր ծննդավայրումՙ Սիսիանի գյուղերից մեկում: «Լիահույս էինք, որ նման վերաբերմունքի կարժանանայինք նաեւ մենք, սակայն իրենք վարվեցին այլ կերպՙ իրենց որդեգրած սկզբունքին համապատասխան», փաստեց Գագիկ Մինասյանը:
Ն. Պ.