«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2006-11-22 | #224, 2006-11-23 | #225, 2006-11-24


«ԴՈՅՉԵԲԱՆԿԸ» ԿՈՂՈՊՏԵԼ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ Է ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻՆ

Բանկը պարտավոր է վերադարձնել հայերի ունեցվածքը

Բրյուսելիցՙ Եվրոպահայերի ֆեդերացիայի կենտրոնակայանից խմբագրության ստացած մամլո հաղորդագրության մեջ Մեծ եղեռնը վերապրողներին, իրավապաշտպանական կազմակերպություններին, Եվրոպայի քաղաքական ղեկավարներին եւ ԵՄ բոլոր քաղաքացիներին կոչ է արվում Գերմանիայի հեղինակավոր ֆինանսական հաստատություններից մեկը համարվող «Դոյչեբանկին» բողոքներ ներկայացնել 1915 թ. մինչեւ օրս հակահայ ոճիրների մեղսակիցը լինելու մեղադրանքով եւ հատուցման պահանջներով:

Պարզվում է, որ ամերիկյան «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության եւ ֆրանսիական «Աքսա» ընկերության նման «Դոյչե-բանկը» եւս 1915-1923 թթ. ապօրինաբար յուրացրել է Մեծ եղեռնի զոհերի ունեցվածքը եւ մասնակցել է հայ ազգի մասնատմանը:

Վերջին հաշվարկները ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրությունում ապրած հայերն այն ժամանակ գերմանական ընկերությունում ունեցել են ավելի քան 20 մլն դոլար: «Դոյչեբանկը» երբեւէ այդ գումարը չի հանձնել Ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին: Ավելին, բանկը 1915-1917 թթ. հայերին ստրկական շահագործման է ենթարկել, տաժանակիր պայմաններում աշխատեցնելով իրեն պատկանած Բեռլին-Բաղդադ (Bagdad Bahn) երկաթուղու շինարարությունում: Այդ բանվորները հետագայում բնաջնջվել են Սիրիայի անապատներում:

«Դոյչեբանկի» ներկայիս նախագահ Յոզեֆ Աքերմանը պարծենում է, թե բանկը կատարում է իր «սոցիալական պարտականությունները»: Եվրոպահայերի ֆեդերացիան հիշեցնում է, որ «Նյու Յորք լայֆը» եւ «Աքսան» դատապարտվեցին եւ ստիպված են փոխհատուցում տալ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:

Ներկայումս «Դոյչեբանկի» նկատմամբ համանման դատական գործի հարուցումն ընթացքի մեջ է: Ուստի ԵՄ կազմակերպությունները եւ անհատ անձինք պետք է բանկից պահանջեն կատարել իր սկզբունքները եւ փոխհատուցում տալ: Իր բարի համբավը վերականգնելու համար բանկը պետք է հետեւի «Նյու Յորք լայֆի» եւ «Աքսայի» օրինակին:

Բանկին կարելի է ֆաքս ուղարկել www.deutschebankprotest.eu հասցեով կամ նամակ գրել. Dr Josef Ackermann, Deutsche Bank AG, Taunusanlage 12, 60262 Frankfurt am Main, Germany:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4